Գլխավոր էջ Նորություններ Եվրամիությունը ողջունել է ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցումը

Եվրամիությունը ողջունել է ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցումը

292
0

Եվրամիությունը ողջունել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը, Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագիրը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

ԵՄ արտաքին քաղաքականության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոյի խոսքով՝ Բրյուսելում այժմ քննարկում են պայմանավորվածությունների հետևանքները:

«Ի գիտություն ենք ընդունել Լեռնային Ղարաբաղում համաձայնագրի մասին հաղորդագրությունները: Եվրամիությունը ողջունում է ռազմական գործողությունների դադարեցումը: Դրանց մեկնարկից ի վեր մենք հանդես ենք եկել նման կոչերով: Այժմ վերլուծում ենք պատերազմի հետևանքները և տարածաշրջանում ներկայիս դրությունը, ինչից հետո առանձին հայտարարությամբ հանդես կգանք»,- նշել է նա:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:

«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ