Գլխավոր էջ Նորություններ Տեղի է ունեցել Դավիթ Գրիգորյանն ընդդեմ Արսեն Թորոսյանի դատական նիստը

Տեղի է ունեցել Դավիթ Գրիգորյանն ընդդեմ Արսեն Թորոսյանի դատական նիստը

3003
0

Հունվարի 22-ին տեղի է ունեցել  Դավիթ Գրիգորյանն ընդդեմ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախնական դատական նիստը։

Ինչպես հայտնի է, դեռ նախորդ տարվա հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի լաբորատոր ախտորոշիչ բաժանմունքի վարիչ Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի: Հայցվորը դատարանից պահանջում է նախարարին պարտավորեցնել հերքել իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները, հրապարակայնորեն ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել:

Խոսքը վերաբերում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի սեպտեմբերի 13-ին տարածած ֆեյբուքյան գրառմանն ի պատասխան Նարեկ Զեյնալյանի հայտարարությանը։ Մասնավորապես նախարարը գրում է․

«Իսկ ՑԻՆԻԶՄ չէ արդյո՞ք լաբորատորիայի վարիչ լինելով, բուժհիմնարկի նախկին տնօրինության հետ պայմանավորվածության համաձայն, շուկայականից գրեթե 3 անգամ ավելի մատչելի գնով սենյակ վարձակալել հենց պետական բուժհիմնարկի լաբորատորիայի ներսում և բացել սեփական մասնավոր լաբորատորիա և զբաղվել ձեռնարկատիրությամբ:

Իսկ ՑԻՆԻԶՄ չէ արդյո՞ք, երբ հայտնաբերվում է, որ քո լաբորատորիայում մարդկանց արյուն հետազոտելու հետ մեկտեղ շան արյուն է հետազոտվում»։ Գրառումն ամբողջությամբ կարող եք կարդալ՝ այստեղ։

Հիշեցնենք, որ Նարեկ Զեյնալյանը նույն օրը տարածած իր ֆեյսբուքյան գրառմամբ ցինիզմ էր համարում Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի լաբորատորիայի բաժնի վարիչին բանվորի աշխատանք առաջարկելը։

Իսկ արդեն նախնական դատական նիստի ընթացքում Դավիթ Գրիգորյանի պաշտպանը մեջբերեց համացանցում տարածում ստացած Արսեն Թորոսյանի գրառումը, որտեղ ցինիզմ բառը վերագրվում է Դավիթ Գրիգորյանի գործունեությանը, ինչը  վիրավորում  է հայցվորի արժանապատվությունը։ Մինչդեռ Արսեն Թորոսյանի պաշտպանը  հայցի հիմքում վկայակոչում է մի հոդված՝ 168․am-ում տեղ գտած «Իմ քայլ»-ական Արսեն Թորոսյանն ու Նարեկ Զեյնալյանը միմյանց մեղադրում են ցինիզմի մեջ» վերնագրով, որի  համաձայն Դավիթ Գրիգորյանը ընդհանրապես ցինիզմի առարկա չէ։ Հակառակ այս պնդմանը, հայցվորի պաշտպանը նշում է, որ կայքերը վերոնշյալ գրառումը վերցրել են ֆեյսբուքյան էջից, և Արսեն Թորոսյանը թեև Նարեկ Զեյնալյանի հետ է բանավեճի մեջ, բայց փաստացի  սուբյեկտը, ում վերագրվում է «ցինիզմ» արտահայտությունը, Դավիթ Գրիգորյանն է։

Այն պնդմանը, որ  Դավիթ Գրիգորյանի շան արյան հետազոտություններ է իրականացրել, վերջինիս դատապաշտպանը  նշեց, որ որևէ տեղ չի ապացուցվում, որ բժիշկը շան արյան հետազոտություններով է զբաղվել, դրանով զբաղվել են լաբորանտները։ Եվ դա չի կարող հանդիսանալ շահարկման թեմա և զրպարտել հայցվորին։

Նշենք, որ Դավիթ Գրիգորյանը կենտրոնի տնօրենի ժ/պ Գևորգ Սիմոնյանից աշխատանքային պայմանագիրը խզելու մասին ծանուցում էր ստացել, նրան առաջարկվել էր բանվորի աշխատանք:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է 2020 թվականի մարտի 30-ին, ժամը 14։30-ին։

Աննա Գալուստյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ