Գլխավոր էջ Նորություններ «Ժամանակն է Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից»․ The Spectator

«Ժամանակն է Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից»․ The Spectator

403
0

Բրիտանական The Spectator շաբաթաթերթը հոդված է հրապարակել հետևյալ վերնագրով. «Ժամանակն է Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից»։ Հոդվածի հեղինակն է Վրաստանում գործող անկախ լրագրող Թիմ Օգդենը:

Հոդվածագիրը վերլուծում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև առկա տարաձայնությունները, Թուրքիայի աճող ռազմատենչ հռետորաբանությունն Արևմուտքի նկատմամբ, ինչը հիմնականում անպատիժ է մնում։

Հոդվածում հիմնավորվում են այն պատճառները, որոնց շնորհիվ Թուրքիան 1950 թվականին դարձավ ՆԱՏՕ-ի անդամ, ինչպես նաև բերվում են բազմաթիվ օրինակներ, երբ Անկարան, անտեսելով իր դաշնակիցներին, պատերազմի է բռնվել Հունաստանի հետ, հակաօդային պաշտպանության համակարգեր է գնել Ռուսաստանից, սրել է լարվածությունը Աթենքի հետ Միջերկրական ծովի արևելքում վիճելի ջրերի պատճառով, Սիրիայում հարձակում է գործել Արևմուտքի աջակցությունը վայելող քրդական խմբավորումների դեմ, ինչպես նաև ներգրավվել է Լիբիայի պատերազմում և սիրիացի ապստամբների տեղափոխել Լիբիա։ Հոդվածի հեղինակը նաև հիշատակում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին Թուրքիայի նախագահի արած վերջին անհարիր մեկնաբանությունները։

Հոդվածի հեղինակը նաև նշում է, որ Անկարան հրահրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը՝ Բաքվին տրամադրելով հնարավոր աջակցությունը, ինչպես նաև սիրիացի վարձկաններ տեղափոխելով Ադրբեջանի կողմից կռվելու։

«Կարճ ասած՝ Թուրքիան ջանք չի գործադրում, որպեսզի քողարկի իր՝ գնալով աճող իսլամիստական և ավտորիտար հակումները և ակտիվորեն գործում է արևմտյան շահերի դեմ»,- գրում է Թիմ Օգդենը։

Հեղինակն այնուհետև հարց է տալիս՝ «Ինչո՞ւ ՆԱՏՕ-ն ոչինչ չի ձեռնարկում իր ռազմատենչ անդամի դեմ»։ Ըստ նրա՝ լավագույն լուծումը կլիներ Թուրքիային Դաշինքից հանելը, սակայն դա հնարավոր չէ, քանի որ ՆԱՏՕ-ի կանոնադրության 13-րդ հոդվածի համաձայն՝ երկրրը կարող է սեփական ցանկությամբ դուրս գալ Դաշինքի կազմից, սակայն անախորժություններ պատճառող երկրին ստիպողաբար հեռացնելու մեխանիզմներ չկան։

Հոդվածագիրն առաջարկում է, որ ՆԱՏՕ-ն փոխի իր հիմնադիր փաստաթուղթն այնպես, որ հնարավոր լինի Թուրքիային հանել կառույցից, քանի որ, ըստ հեղինակի, եթե ՆԱՏՕ-ն չի կարողանում կանգնել իր դաշնակիցների կողքին, ապա հազիվ թե կարողանա, ինչպես հարկն է, դիմակայել իր թշնամիներին։

Աղբյուրը՝ Shantnews.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ