Գլխավոր էջ Գլխավոր Ամեն կերպ մարզպետը փորձելու է սևացնել անունս. Աշոտ Կուրղինյան

Ամեն կերպ մարզպետը փորձելու է սևացնել անունս. Աշոտ Կուրղինյան

1192
0

Հունվարի 14-ին տեղի է ունեցել «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը։
Այս պաշտոնի համար պայքարում էր 2 թեկնածու: Նրանցից մեկը հիվանդանոցի 15 տարվա տնօրեն Աշոտ Կուրղինյանն էր  և 14 տարվա բժիշկ-տրավմատոլոգ Ժորժիկ Սերոբյանը: Վերջինս  Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանի որդին է, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի թիմակիցը, ինչպես նաև նրա մոտ ընկերոջ՝ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժ/պ Կարեն Պետրոսյանի քեռու որդին:

Աշոտ Կուրղինյանին սատարում էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որն, ի դեպ, Գյումրիում այդ մասին բարձրաձայնել է  լրագրողների հետ զրույցում:                                                                                                        «Եթե որոշողը ես լինեի, տնօրենին նույնը կթողնեի: Բայց որոշողը ես չեմ, մարզպետն է, այնպես որ կսպասենք մրցույթին և մարզպետի որոշմանը»,- ասել է նա:

Արսեն Թորոսյանն անդրադարձել է նաև այն լուրերին, որ Աշոտ Կուրղինյանը դաշնակցական է: Նախարարն ասաց, որ կարող է նույնիսկ իր ենթակայության ներքո գտնվող հիվանդանոց թվել, որի տնօրենն էլի կուսակցական պատկանելություն ունի, որին ինքը նորից վերանշանակել է:

Նրա խոսքերով՝ Հայաստանում կուսակցական պատկանելությունը չպետք է փոխարինի մասնագիտական որակներին:

Դեռ սկզբում արդեն իսկ պարզ էր, որ թափուր պաշտոնի համար պայքարը թեժ է լինելու. թեկնածուներից մեկը մարզպետի թիմակիցն էր, իսկ մյուսին հովանավորում  էր Արսեն Թորոսյանը:

Ինչևէ, հունվարի 14-ին կայացած  այդ մրցույթում հաղթեց  Ժորժիկ Սերոբյանը՝ չնայած՝ իր միավորներով զիջել էր Աշոտ Կուրղինյանին։

Կուրղինյանը 50 գրավոր հարցերին բացառապես տվել էր ճիշտ պատասխաններ՝ հավաքելով 100 միավոր, իսկ Ժորժիկ Սերոբյանը հավաքել էր 48 միավոր։ Բանավոր փուլը երկու թեկնածուներն էլ հաղթահարել էին՝ 5 հարցերին տալով ճիշտ պատասխաններ։ Վերջում երկուսն էլ ներկայացրել էին հիվանդանոցի զարգացման ծրագիր․ հանձնաժողովականներից մեկը դեմ էր քվեարկել Ժորժիկ Սերոբյանին՝ նա 6 կողմ, 1 դեմ ձայն էր հավաքել, իսկ Աշոտ Կուրղինյանը՝ 7 կողմ ձայներ էր հավաքել։

Եվ չնայած մրցույթի արդյունքներին՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի որոշմամբ`  տնօրեն է նշանակվել Ժորժիկ Սերոբյանը:

Նոր տնօրենի ընտրությունը լարված իրավիճակ էր ստեղծել «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց»-ում, որտեղ էլ Աշոտ Կուրղինյանը հունվարի 17-ին տվեց մամուլի ասուլիս՝ արձագանքելով մարզպետի որոշմանը: Նրա բնորոշմամբ՝  այդ որոշումը սուբյեկտիվ է, և հովանավորչության օրինակ:

«Մարզպետը միանշանակ փորձությունը չանցավ: Ես հույս ունեի, որ նա ետ կկանգնի կլանային համակարգից: Ինչի՞ մարդուն, որը չունի 5 հոգու կառավարելու փորձ, նշանակել  219 հոգու ղեկավար, որ ի՞նչ:»,- մամուլի ասուլիսում հայտնել է Աշոտ Կուրղինյանը:

Նա նաև անդրադարձել է մարզպետի հնարավոր մամուլի ասուլիսին, որ իբրև թե պետք է այսօր լինի: Կուրղինյանը նշել է, որ մարզպետն ամեն կերպ փորձելու է սևացնել իր անունը:

«Դե պիտի մի կերպ արդարացնեն իրենց: Բայց ես վախենալու բան չունեմ»,- ասել է նա:

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ