Գլխավոր էջ Նորություններ Թուրքիան ցանկանում է իր ազդեցությունը տարածել ԼՂ-ից արևելք, հյուսիս, և հարավ -արևելք

Թուրքիան ցանկանում է իր ազդեցությունը տարածել ԼՂ-ից արևելք, հյուսիս, և հարավ -արևելք

258
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իրանական IRNA լրատվական գործակալությանը, որը ներկայացվում է ստորև.

IRNA — Դուք բազմիցս նշել եք, որ ներկայիս ռազմական հակամարտությունը վաղուցվանից ծրագրված է եղել: Ի՞նչ ապացույցներ կան, և այդ վաղօրոք պատրաստվածությունը հակամարտության ապագայի ի՞նչ հեռանկար է ցույց տալիս:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այս պատերազմից մոտ մեկուկես ամիս առաջ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ էր անում, և այդ զորավարժությունների ավարտից հետո Թուրքիայի զորքերի մի մասը մնաց Ադրբեջանում: Բացի այդ, արդեն ասացի՝ Թուրքիան Սիրիայից ահաբեկիչ վարձկանների էր հավաքագրել և տեղափոխել Ադրբեջան: Ինչի՞ համար էին տեղափոխում Ղարաբաղյան հակամարտության գոտի՝ բնականաբար, պատերազմ սկսելու համար: Եթե պատերազմը չէր պլանավորվում, ահաբեկիչ վարձկաններին Սիրիայից Ադրբեջան տեղափոխելու որևէ իմաստ չէր կարող լինել, և փաստն այն է, որ նրանք այդտեղ են: Այսօր արդեն այդ ահաբեկիչների ներկայությունն ապացուցված է, և այդ կապակցությամբ շատ փաստաթղթեր են հրապարակված: Այս բոլոր փաստաթղթերը վկայում են, որ, այո, պատերազմը նախապես ծրագրված է եղել, և ըստ էության, հիմա մենք հենց այդպիսի լայնամասշտաբ պատերազմի մեջ ենք գտնվում, որն սպառնում է ողջ տարածաշրջանային կայունությանը:

IRNA — Ձեր կարծիքով՝ ի՞նչ գործոններ են արգելք հանդիսանում Ղարաբաղում զինադադարի հաստատման համար, և Մոսկվայի հանդիպումից և շաբաթ երեկոյան Բաքվի և Երևանի միջև համաձայնությունից հետո ինչո՞ւ են շարունակվում ռազմական գործողությունները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Միանշանակ է, որ Թուրքիան անընդհատ քաջալերում է, որ զինադադար չլինի, որովհետև, կարծում եմ, որ Թուրքիայի խնդիրները շատ ավելի լայն են: Այստեղ ոչ միայն Ղարաբաղի հարցն է, այլև ընդհանուր առմամբ Թուրքիան որոշել է ձեռք դնել տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի վրա: Ցանկանում եմ ընդգծել, որ սա Թուրքիայի կայսերական քաղաքականության մի մասն է, և Թուրքիան ցանկանում է իր ազդեցությունը տարածել դեպի Ղարաբաղից արևելք, հյուսիս, և հարավ -արևելք: Եվ այս քաղաքականությունն ուղղակի ազդեցություն է ունենալու տարածաշրջանի բոլոր երկրների վրա: Տարածաշրջանի երկրները պետք է ի նկատի ունենան այս իրողությունը և հստակեցնեն իրենց դիրքորոշումը այս կապակցությամբ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ