Գլխավոր էջ Նորություններ Պետք է սպասել ադրբեջանական նոր հարձակման. Ալեքսանդր Կռիլով

Պետք է սպասել ադրբեջանական նոր հարձակման. Ալեքսանդր Կռիլով

571
0

ՌԳԱ համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կռիլովի խոսքով` միանգամայն ակնհայտ է, որ Ղարաբաղում սկսված պատերազմը Մոսկվայում  ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունից հետո չի դադարելու: Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի դադարեցման գործընթացում Ռուսաստանի դերի մասին:

«Կողմերից մեկը չի պահպանում հրադադարի ռեժիմը և օգտվելով իրավիճակից` փորձում է ինչ-որ կերպ լավացնել իր դիրքերը: Օրինակ` Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, որ Հադրութը գրավել է, իսկ դա, պարզվում է, այդպես չէ, պետք է ինչ-որ ձևով ապացուցել: Եվ դա հիմա արվում է այսպես, որ «ուխտադրուժ» հայերը օգտվել են իրավիճակից, թե հրադադար է և գրավել են Հադրութը, որը ադրբեջանական կողմի ձեռքում էր»,- ասաց նա` նկատելով, որ Հադրութն իրականում ադրբեջանական կողմը չէր վերցրել, այնտեղ եղել էր միայն մի փոքր դիվերսիոն խումբ:

Ալեքսանդր Կռիլովն այնուամենայնիվ շեշտեց, որ Մոսկվայում կնքված համաձայնագիրը ռուսական դիվանագիտության ջանքերի արդյունքն էր, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի՝ ԵԱՀԿ ՄԽ մյուս երկու համանախագահների մասնակցությամբ:

«Սակայն գլխավոր դերը տվյալ դեպքում խաղացին ոչ թե դիվանագետների ջանքերը, այլ այն, որ երկու շաբաթ տևած մարտերից հետո ակնհայտ դարձավ. սրընթաց և հաղթական բլից-կրիգի ճանապարհով ղարաբաղյան խնդրի լուծման փորձը ձախողված է։ Կասկած իսկ չկա, որ եթե ադրբեջանական բանակը հաղթականորեն առաջ շարժվեր, ապա կրակի դադարեցման շուրջ ոչ մի բանակցություն պարզապես չէր կայանա»,- ասաց նա:

Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանն ու Թուրքիան հարձակմանը նախապատրաստվել են տարիներ շարունակ, հիմա օգտագործում են սպառազինությունն ու զինված զորախումբ։

«Այն բազմապատիկ գերազանցում էր ղարաբաղյան հատվածում տեղակայված հայկական ուժերին, և Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարները բոլոր հիմքերն ունեին արագ ու վճռական հաղթանակ ակնկալելու համար։ Սակայն կատաղի մարտերի արդյունքում բլից-կրիգը ձախողվեց, ռազմական գործողությունները ձգձգվեցին, և այժմ ադրբեջանական հրամանատարությանը ժամանակ է հարկավոր ծրագրերի ճշգրտման և ժամանակային առումով ավելի տևական պատերազմի նախապատրաստվելու համար»,- ասաց նա:

Բաքվի համար, ըստ Ալեքսանդր Կռիլովի,  հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերելն ունի նախևառաջ քարոզչական նշանակություն։ Դա, նրա խոսքով, հնարավորություն է տալիս բացատրել բլից-կրիգի ձախողումը «հայերի ուխտադրժությամբ», որոնք, օգտվելով Բաքվի խաղաղասիրությունից, խախտեցին հրադադարն ու դրա շնորհիվ փոխեցին իրավիճակն իրենց օգտին։

«Միաժամանակ անցկացվում է ադրբեջանական զորքերի վերախմբավորում և դրանց պատրաստում նոր հարձակման։ Տարբեր աղբյուրներից իմանում ենք, որ Թուրքիայից և Իսրայելից, ինչպես նաև թուրքական տարածքով տարանցմամբ Բելառուսի Հանրապետությունից Ադրբեջանին սպառազինության ու զինամթերքի խոշորամասշտաբ մատակարարումների մասին: Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը և այլ երկրների հատուկ ծառայություններ արձանագրել են ահաբեկչական տարբեր կազմակերպություններից մեծ թվով գրոհայինների փոխադրումը ղարաբաղյան ճակատ: Այդ մասին ասվում է նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վերջերս արած պաշտոնական հայտարարությունում։ Այս ամենը վկայում է այն մասին, որ Անկարայում և Բաքվում շարունակում են փայփայել ղարաբաղյան ճակատում նոր հարձակման հաջողության հույսը։ Ակնհայտ է, որ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններին չհաջողվի գործուն միջոցներ գտնել Բաքվին ղարաբաղյան հիմնախնդրի ռազմական լուծման անընդունելիության հարցում համոզելու համար, ապա արդեն առաջիկա օրերին պետք է սպասել ղարաբաղյան ճակատում ադրբեջանական նոր հարձակման»,-ասաց նա

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ