Գլխավոր էջ Գլխավոր Բուժաշխատողներին ծեծի ենթարկելու և նյութական վնասներ հասցնելու դեպքերի համեմատական վերլուծություն

Բուժաշխատողներին ծեծի ենթարկելու և նյութական վնասներ հասցնելու դեպքերի համեմատական վերլուծություն

938
0

Մեր օրերում և հատկապես հայաստանյան իրականության մեջ հաճախակի հանդիպող ու շրջանառվող թեմաները կապված են մեծամասամբ բժիշկների մասնագիտական թերացումների, հիվանդին կիսամեռ վիճակի հասցնելու կամ սխալ ախտորոշումներ տալու հետ։ Բացառություն չեն կազմում բժիշկների թերացումները մասնագիտական այս կամ այն հարցի շուրջ, բայց նժարի միայն մեկ կողմը քննադատելն ու վելուծելը գիտակից հասարակության մեջ անիրատեսական է։

Սույն թվականի դեկտեմբերի 13-ին «Արաբկիր» բժշկական համալիրը հանդես է գալիս հայտարարությամբ, ըստ որի՝ տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 11-ին Բժշկական համալիրի ընդունարան են դիմել ծնողներ, ում երեխան ունեցել է բարձր ջերմություն և ջերմային ցնցումներ:

Ընդունարանում բժշկական անձնակազմի կողմից բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում երեխայի հայրը դրսևորել է ագրեսիվ պահվածք՝ կոտրել է բժշկի սեղանի ապակին, վնասել է վիրաբուժական ընդունարանի դուռը, պատռել է սեղանին դրված մեկ այլ հիվանդի պատմագիրը: Իրավիճակը կանխվել է հիվանդանոցի և անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Երեխան տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ հետագա բուժման նպատակով: Հաջորդ օրը` կեսօրին, երեխայի ծնողներն, ըստ «Արաբկիր» բժշկական համալիրում գործող կարգի, հրավիրվել են վերակենդանացման բաժնի վարիչի սենյակ՝ երեխայի վիճակի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով: Այդ ընթացքում հայրն անվայել խոսքեր է հնչեցրել բաժանմունքի վարիչի հասցեին և գլխով հարվածել վերջինիս դեմքին, ինչի արդյունքում բժիշկը ստացել է մարմնական վնասվածք։

Այս միջադեպը փաստում է, որ իրավագիտակից հասարակություն ստեղծելու համար պահանջվում է բարձրաձայնել ոչ միայն բժիշկների և բուժաշխատողների թերացումների մասին, այլ նաև վերլուծել հանրության դրսևորած վարքը բուժ. հաստատություններում և շփման ձևերը բուժաշխատողների հետ։

Վերոնշյալ դեպքը եզակիներից չէ, ուստի, հարկ ենք համարում անդրադարձ կատարել վերջին տարիների ընթացքում բժիշկների հանդեպ բռնություն կիրառած և անպատեհ վերաբերմունք ցուցաբերած մի քանի միջադեպերի։

Սույն թվականի հուլիսի 26-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մի քանի անձինք ծեծի են ենթարկել հերթապահ բժիշկին, այն պատճառով, որ դեռևս մայիսի 30-ին իրենց բարեկամը «աջ մասի ճողվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց, ստացել անհրաժեշտ բուժօգնություն, վիրահատվել, իսկ օրեր անց մահացել է։

Մեկ այլ բռնության դեպք է գրանցվել 2018 թվականի նոյեմբերի 1-ին Արագածոտնի մարզում։ Արագած գյուղի «Արագած» ամբուլատոր կայանի բակում նույն գյուղի 3 բնակիչներ հարձակվել են Երևանի բնակիչ, նշված ամբուլատոր կենտրոնի բժիշկ, 46-ամյա Հովսեփ Այվազյանի վրա, երբ բժիշկը ավտոմեքենայի մեջ փորձել է հիվանդին օգնություն ցուցաբերել: Նրանք բռունցքներով ու ոտքերով հարվածել են Հ. Այվազյանին, հետո հարվածներ են հասցրել դեղատան տնօրեն, 44-ամյա Սեդա Ալավերդյանին:
Նշված միջադեպը այն օրինակներից է,  երբ բարեխղճորեն իր աշխատանքը կատարած բժիշկի հանդեպ կիրառվում է անթույլատրելի և խստագույնս պատժի առժանի բռնություն։
Բժիշկին ծեծի ենթարկելու ևս մեկ դեպք, որի մասին հարկ ենք համարում հիշեցնել, տեղի է ունեցել 2017 թվականի հունիսի 30-ին։ Բաղրամյան 75 հասցեում գտնվող Ստոմատոլոգիական պոլիկլինիկայում ծեծի է ենթարկվել նույն պոլիկլինիկայի բժիշկ, 32-ամյա Խաչատուր Սարգսյանը: Նա ծեծի է ենթարկվել իր գործընկերոջ, նույն պոլիկլինիկայում աշխատող որդու կողմից՝ մոր դրդմամբ։ Բժիշկին ծեծելուց առաջ զրպարտել են, վիրավորել, ինչից հետո նա զանգահարել է ոստիկանություն և մինչ ոստիկանների գալը, Սարգսյանին բռունցքներով ծեծի են ենթարկել:
Այս բոլոր միջադեպերը ամբողջացնելով և ամփոփելով՝ պարզ է դառնում, որ հասարակության շրջանում արատավորված բռնությունը, ծեծն ու վիրավորանքը, նյութական և հոգևոր վնասներ պատճառելը տարածվում է բոլոր ժամանակների վրա։ Եթե տարիներ առաջ նմանատիպ դեպքերը չէին հայտվում սոցիալական և մեդիա հարթակներում՝ այն չհանրայնացնելու համար, ապա այժմ այդ խնդիրը չկա։ Վերջին  տարիների փորձը ցույց է տալիս, որ բժիշկների հանդեպ ցուցաբերած վատ վերաբերմունքը ստեղծում է քննարկման հարթակ հատկապես մեդիայի միջոցով։  Ուստի հարկ է հիշեցնել՝ բուժաշխատողների իրավունքները ամրագրված են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի գլուխ 3.1 (Բուժաշխատողները, նրանց իրավունքները և պարտականությունները), հոդված 19.2-ով (Բուժաշխատողների իրավունքները), այն է՝  բուժաշխատողները իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով պաշտպանելու իրենց մասնագիտական համբավը, պատիվը և արժանապատվությունը։

Հոդվածի հեղինակ՝ Աննա Գալուստյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ