Գլխավոր էջ Նորություններ Հատուկ ուշադրություն դարձնել հյուրանոցների սանիտարական և հիգիենիկ պատշաճ վիճակին․ ԱԱՏՄ-ն հորդորում է

Հատուկ ուշադրություն դարձնել հյուրանոցների սանիտարական և հիգիենիկ պատշաճ վիճակին․ ԱԱՏՄ-ն հորդորում է

2883
0

Ամանորին ընդառաջ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում այցելուների մեծ ներհոսքը նկատի առնելով՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տնտեսվարողներին հորդորում է խստագույնս պահպանել սանիտարահամաճարակային անվտանգության օրենսդրության պահանջների ու նորմերի ճիշտ կիրառումը՝ անձնակազմի և այցելուների առողջության պահպանման նպատակով։ Դրանց պահպանումը թույլ կտա կանխել վարակների տարածումը եւ հանգիստը լիարժեք անցկացնել։ Տեղեկանում ենք ԱԱՏՄ-ի Facebook-ի էջից։

Միաժամանակ, իրազեկելու նպատակով քաղաքացիների ուշադրությունն ենք հրավիրում հյուրանոցներում սանիտարական և հիգիենիկ պատշաճ վիճակին առնչվող մի շարք նորմերի վրա։

ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարական և համաճարակաբանական նորմերի ու կանոնների պահանջների համաձայն, մասնավորապես, հյուրանոցային տնտեսության օբյեկտներում պարտադիր պետք է առկա լինեն առաջին բուժօգնության արկղիկներ:

• Ծխելը չարգելող սրահներում պետք է անխափան գործի օդափոխիչ համակարգը,
• Օրական մեկ անգամ պետք է իրականացվի սենյակների մաքրում,
• Անկողնային սպիտակեղենը պետք է փոխվի ոչ պակաս, քան շաբաթը 2 անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում` ավելի հաճախ,
• Կենցաղային աղբը պետք է կուտակվի կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղերում տեղադրված պոլիէթիլենային տոպրակներում,
• Հյուրանոցային համարներում սրբիչները պետք է փոխվեն ամեն օր,
• Յուրաքանչյուր զուգարանակոնքին կից պետք է տեղադրված լինի մաքրման խոզանակ` ախտահանիչ լուծույթով տարայում։

Հյուրանոցային օբյեկտներում մի շարք վարակների տարածման ամենահավանական հատվածներից են լողավազաններն ու բաղնիքները։ Այս առումով ԱԱՏՄ-ն տնտեսվարողներին հորդորում է պահպանել սանիտարական և համաճարակաբանական նորմերը, մասնավորապես, լողավազանների թույլատրելի միանվագ ծանրաբեռնվածությանը։

• Ավազանի ջուրը պարտադիր պետք է վարակազերծված լինի,
• Մեծահասակների լողավազանում ջրի ջերմաստիճանը 24-260C պետք է լինի, երեխաների ավազանում՝ 30,
• Մեծահասակների լողավազաններում 1 մարդուն անհրաժեշտ ջրի հայելու նորմատիվ մակերեսը 5,0-8,0 մ2 է, երեխաներինը՝ 4,0- 5,0 մ2,
• Ավազանի ջրի վերին աղտոտված շերտի հեռացման համար ավազանի պատերին պետք է լինեն ջրահեռացման ջրհորդաններ,
• Լողավազանի (բաղնիքի) ցնցուղարան ու դահլիճ արգելվում է մտնել հագուստով, կոշիկներով, իսկ ավազան` առանց ցնցուղ ընդունելու,
• Լողավազանում (բաղնիքում) պետք է հաճախորդներին տրվեն միայն միանվագ օգտագործման հողաթափեր և անհատական օգտագործման, փաթեթավորված հիգիենիկ պարագաներ` օճառ, սպունգ, սպիտակեղեն և այլն,
• Լողավազանի բուժշխատողը պարտադիր ամեն օր արտաքին զննություն պետք է իրականացնի՝ միկոզի և այլ մաշկային վարակիչ հիվանդությունների ախտանիշերով անձանց լողավազանից օգտվելը չթույլատրելու համար,
• Լողավազան հաճախող նախադպրոցական և ցածր դպրոցական հասակի երեխաները պարտադիր պարբերաբար պետք է հետազոտվեն էնտերոբիոզի նկատմամբ,
• Լողավազանների, բաղնիքների միկրոկլիման պետք է ստուգվի 4 ժամը 1 անգամ։

Խնդիրների հայտնաբերման կամ անհանգստացնող հարցերը պարզաբանելու համար հարկ է դիմել հյուրանոցի տնօրինությանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ