Գլխավոր էջ Նորություններ Շիրակի մարզի դպրոցների 5000 աշխատակիցներ թեստավորվում են

Շիրակի մարզի դպրոցների 5000 աշխատակիցներ թեստավորվում են

484
0

Մինչ նոր ուսումնական տարվա մեկնարկը Հանրապետության բոլոր դպրոցների մանկավարժներն ու մյուս աշխատակիցները կթեստավորվեն: Ընդհանուր առմամբ թեստավորվելու է 30 հազար մարդ:Միայն Շիրակի մարզում թեստավորվում են 160 դպրոցների շուրջ 5000 աշխատակիցներ: Յուրաքանչյուր ուսումնական հաստատության կցված է պոլիկլինիկա, որը հենց դպրոցական շենքերում կատարում է նմուշառումներ: Շիրակի մարզում վերջին 2 օրերի ընթացքում 10 դպրոցներում է թեստավորումն ավարտվել և համաձայն արդյունքների՝ առանձին կրթական հաստատություններում ուսուցիչների կորոնավիրուսով վարակվելու եզակի դեպքեր են հայտնաբերվել:

Նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ՝ դասաբաշխում կատարելուց և դասագրքերը բաժանելուց բացի մանկավարժները, տնօրենները և դպրոցների բոլոր աշխատակիցները մեկ այլ , կորոնավիրուսի համավարակի պայմաններում, շատ ավելի կարևոր գործառույթ ունեն: Պետք է վստահ լինեն, որ մանկավարժը դպրոց է մտնելու լիովին առողջ: Դրա համար որոշում է կայացվել դպրոցների անձնակազմերին թեստավորելու մասին: Միջանցքներում, մանկավարժները պահպանելով հեռավորությունը, թեստավորման իրենց հերթին են սպասում։Բուժկետը ժամանակավորապես հատկացվել է պոլիկլինիկայի բժիշկներին տեղում նմուշառում կատարելու համար: Ուսուցիչներն են նշում ՝ սեպտեմբերի 15-ից իրենք ռիսկային գոտում են հայտնվելու:

Ամեն պոլիկլինիկա օրական մեկ դպրոցում է նմուշառում կատարում: Ժամանակացույց են կազմել , համաձայն որի մեծ դպրոցներում հնարավոր է նույնիսկ նմուշառումը մեկ օրից էլ ավելի տևի:

«Մեր սպասարկման տարածքում 6 դպրոց ունենք: Ամեն դպրոցում 50 և ավելի աշխատակիցներ կան: Ավելի մեծ խնդիր ունենք՝ կապված Գյումրիի թիվ 23 միջնակարգ դպրոցի հետ, որտեղ աշխատակիցների թիվը կրկնակի է՝ 120-130 աշխատակից ունեն: Պլանավորում ենք, որ տվյալ դպրոցում երևի 2 օրվա ընթացքում կկազմակերպենք թեստավորումը»,-shantnews-ին ասաց Գյումրիի Էնրիկո Մատտեյի անվան պոլիկլինիկայի տնօրեն Արկադի Անդրիասյանը:

Ուսուցիչները թեստավորում են անցնում դպրոցներում վարակի տարածումը հնարավորինս նվազեցնելու համար: Այսինքն՝ համոզված լինելու համար, որ ուսուցիչը աշակերտներին չի վարակի: Թեստավորումը վստահություն տալիս է, բայց ոչ հարյուր տոկոսով:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Շիրակ» մասնաճյուղի տնօրենն է նշում՝ մանկավարժների թեստավորման արդյունքները հաջորդ օրն են հայտնի դառնում և արդեն կան դպրոցներ, որտեղ վարակակիրներ հայտնաբերվել են:

«Կան դպրոցներ , որտեղ զրոյական արդյունք է, իսկ կան դպրոցներ, որտեղ մեկական դեպքեր ունենք: Այդ հարցերը քննարկում ենք կրթության վարչության և առողջապահության նախարարության հետ:Նմուշառումների քանակը մեծ է, պլանայինն էլ է մեծ: Կան ջերմողներ, գանգատներ ունեցողներ: Ամբողջ մարզում նվազման միտում կա՝ համեմատ հուլիս-օգոստոս ամիսների : Մեծ ու փոքր թվերը էդքան էական չեն, ինչքան համաճարակաբանական իրավիճակի ուսումնասիրությամբ պարզված պատկերը: Կարող է ունենք 10 հատ դրական արդյունք, որոնք լինեն 2 օջախի անդամներ և կարող է ունենաք 10 դեպք՝ 10 տարբեր օջախներից: Սրանք տարբեր բաներ են: Պետք չէ այս վիրուսից վախենալ, պետք է զգոն լինել »,-shantnews-ին ասաց ՀՎԿԱԿ «Շիրակ» մասնաճյուղի տնօրեն Վարդան Ուռուտյանը:

Ընդհանուր առմամբ Շիրակի մարզում կորոնավիրուսի տարածման վիճակագրությունում թվերը նվազում են: Մասնագետը համեմատականներ է տանում հուլիս-օգոստոս ամիսների հետ ։Թեև մեկուսացման ցուցում ունեցողների ու օրական նմուշառումների թիվը փոքր չէ, բայց, ըստ մասնագետի, տարածումը մեծ չէ:

Մինչև սեպտեմբերի վերջ օրական նմուշառումների թիվը աճելու է, մինչև բոլոր դպրոցներում թեստավորումն ավարտեն : ՀՎԿԱԿ պատասխանատուն չի բացառում, որ առանձին դեպքերում կրկնակի հետազոտությունների ցուցում ունենան: Չեն թեստավորվի միայն այն ուսուցիչները, որոնք, առողջական վիճակից ելնելով, հեռավար կանցկացնեն դասերը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ