Գլխավոր էջ Նորություններ «Կարանտին» բառը կարող է մնացած երկրների մեջ տագնապ առաջացնել. Նարինե Դիլբարյան

«Կարանտին» բառը կարող է մնացած երկրների մեջ տագնապ առաջացնել. Նարինե Դիլբարյան

626
0

Այդ նախագիծը մեզ թվում էր վերջապես բաղձալի փրկօղակ՝ բնականոն հունին անցնելու համար, բայց ես նկատեցի, որ վերստին հոնքը ուղղելու փոխարեն կարող ենք այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք կվնասեն աչքը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը՝ անդրադառնալով արտակարգ դրությունը չերկարացնելու համար երեկ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքին:

«Ինձ համար անհասկանալի մնաց, թե ինչու մարզպետները, քաղաքապետը պետք է իրավունք ունենան կարանտին հայտարարել, և կարծում է, որ նման որոշման իրավունք պետք է ունենա կառավարությունը»,-ասաց նա:

Ըստ նրա՝ շատ սահմանափակումներ իրենց հիմավորության առումով կասկածներ են առաջացնում, քանի որ սահմանափակումների համար ծանրակշիռ հիմքեր են պետք: Անդրադառնալով տուգանքներին, Նարինե Դիլբարյանն ասաց, որ քաղաքացների հետ պետք է համագործակցել, և պետք է մարդկանց նախազգուշացնել, ոչ թե վախեցնել:

«Մենք ճանաչում ենք մարդկանց, որոնք մինչև վերջ բավականին կեղտոտ և հակասանիտարական վիճակում գտնվող դիմակներ կրեցին՝ ընդամենը չտուգանվելու համար: Մեր քաղաքացիների հետ այլ կերպ պետք է խոսել, քանի որ իմ կարծիքով նրանց զգալի մասը բարձր ինքնագիտակցություն ունեցող մարդիկ են, և եթե տեսնում են անկեղծ և հիմնավոր բացատրություն, ենթարկվում են: Ես լուրջ սպասումներ ունեի որ քայլ ենք կատարում բնականության հուն, բայց թևաթափ եղա այս նախագծի ընդունումից հետո»,-ասաց նա և նշեց, որ ընդունված նախագիծը մի խնդիր է,  իսկ դրա կիրարկումը՝ մեկ այլ խնդիր, և պետք է տեսնենք, թե ինչպես այն կկիրառվի:

«Կարանտին բառն էլ կարող է մնացած երկրների մեջ տագնապ առաջացնել:  Ազգային ժողովում շատ պատասխանատու մարդիկ խնդիրը պրիմիտիվացնում էին, պարզունակացնում: Սահմանեք այնպիսի եզրույթներ, որոնք աշխարհում ընկալելի են և համադրելի են Հայաստանի հետ»,-ասաց Նարինե Դիլբարյանը և նշեց, որ պետք չէ կիրառել այնպիսի եզրույթներ, որոնք աշխարհում ունեն մեկ ընկալում:

«Այս խորհրդարանը ունի մի կախարդական փայտիկ, դա իր մեծամասնությունն է․ դա մեկ ուժի կողմից մշակված նախագիծ էր, մասնագետների կողմից չքննարկված նախագիծ էր: Այսպիսի կարևոր նախագիծը Արդարադատության փոխնախարարը 5 րոպեում ներկայացրեց եւ գնաց, շատ բաներ չբացատրվեցին, իսկ ամեն ինչ թաքնված է մանրուքներում: Տուգանքների մկրատները՝ նվազագույն և առավելագույն սահմանը, շատ մեծ էր»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքներում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Նախագիծը ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը և նշեց, որ օրենքի ընդունման արդյունքում սեպտեմբերի 11-ից հետո արտակարգ դրությունը չի երկարաձգվի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ