Գլխավոր էջ Գլխավոր Ե՞րբ և ինչպե՞ս սկսել երեխայի սեռական դաստիարակությունը

Ե՞րբ և ինչպե՞ս սկսել երեխայի սեռական դաստիարակությունը

1139
0

Վաղ թէ ուշ ծնողները բախվում են երեխայի այն հարցին, թե ինչ է սեռական հարաբերությունը: Այս նուրբ հարցը շոշափելիս՝ կարևոր է հաշվի առնել մի քանի առանցքային գործոն, որոնց մասին MedMedia.am-ը զրուցել է հոգեբան Սուսաննա Մինասյանի հետ: «Նախևառաջ ուրախալի է այն, որ երեխան հենց ծնողին է դիմում՝ այդ հարցի պատասխանը ստանալու ակնկալիքով. դա խոսում է ընտանիքում վստահության մասին, ինչը երեխայի ներդաշնակ զարգացման կարևորագույն գրավականն է»,-ասաց մասնագետն ու հավելեց. «Սեռական ոլորտը մարդկային գոյության անաղճատ մասն է կազմում, և դեռևս փոքր տարիքից երեխայի մոտ կարող են այդ ոլորտին հարող տարատեսակ հարցեր առաջանալ»: Իսկ ո՞ր տարիքից է կարելի երեխայի հետ խոսել սեռական ոլորտին հարող հարցերի մասին: Այս իմաստով, Սուսաննա Մինասյանն ուշադրություն հրավիրեց մի քանի գործոնի վրա. 1. Կարևոր է հաշվի առնել, որ երեխան ցանկացած պահի կարող է այդ ոլորտի վերաբերյալ հարցեր ուղղել, և ծնողը պետք է պատրաստ լինի ճկուն կերպով հաղթահարելու իրավիճակի անհարմարությունը, ինչին կարող է էականորեն նպաստել երեխայի հոգեսեռական դաստիարակության վերաբերյալ գիտական գրականության, հոդվածների ընթերցումը: 2. 2-3 տարեկանից անհրաժեշտ է երեխային սովորեցնել պահպանել հիգիենայի կանոնները, որը սեռական ոլորտի առաջնային կանոններից է և կարևոր է հետագա ամբողջ կյանքի ընթացքում: 3. Շատ կարևոր է ծնողների փոխհամաձայնեցված մոտեցումը սեռական ոլորտի վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա անհրաժեշտության դեպքում և՛ հորը, և՛ մորն առավել անկաշկանդ խոսել երեխայի հետ՝ ելնելով նրա սեռային կամ տարիքային առանձնահատկություններից: 4. Վերահսկել երեխայի մուտքը համացանց՝ ստուգելով նրա դիտումները, և սեռական բնույթի նյութեր հայտնաբերելիս ոչ մի դեպքում չբարկանալ, այլ փորձել տարիքին համապատասխան սպառիչ պատասխան տալ նրան, որովհետև երեխան միևնույն է կփորձի գտնել իրեն հուզող հարցերի պատասխանը: Հոգեբանի խոսքով՝ պետք է սկսել հետևյալից. • Ասել, որ կնոջ և տղամարդու միջև սեռական կապ է լինում, մանրամասներին չտրվելով՝ խոսել դրա հետևանքների, օրինաչափությունների և սահմանափակումների մասին: • 8-9 տարեկանում կարելի է պարզաբանել սեռական հասունացման շրջանում երեխայի օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունների մասին` երեխային ապահովագրելով հնարավոր հոգեբանական խնդիրներից: • Դեռահասության շրջանում առավել մանրամասն խոսել սեռական ոլորտի վերաբերյալ՝ չանտեսելով նաև այդ հարցի հոգեհուզական կողմը, քանի որ այդ տարիքում են առավելապես առաջին բուռն զգացմունքներն առաջանում հակառակ սեռի նկատմամբ: Այս պարագում «չի կարելիներն» ավելի վտանգավոր են, ուստի Սուսաննա Մինասյանը հորդորեց. 1. Պետք չէ խուսափել այդ հարցի շուրջ պատասխանից: 2. Պետք չէ երեխային ստել. 21-րդ լուսավորյալ դարում այլևս իրատեսական չեն կաղամբի և արագիլի մասին պատմությունները: 3. Զերծ մնալ նրան «անհարմար հարցերի» պատճառով մեղադրելուց և վիրավորելուց: 4. Եթե փոքր երեխան որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սեռական ոլորտին հարող հարցերի վերաբերյալ, նույնիսկ հումորի տեսքով առաջինը չխոսել այդ մասին: «Երեխայի սեռական դաստիարակության կարևորագույն հիմնաքարը ծնողի հանդեպ վստահությունն է, ինչը հնարավոր է դառնում վերջինիս անվերապահ սիրո և ցանկացած անխուսափելի մարտահրավերի համարժեք արձագանքելու ունակությամբ և պատրաստակամությամբ՝ երեխայի կյանքի յուրաքանչյուր շրջափուլում»,-ամփոփեց հոգեբանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ