Գլխավոր էջ Գլխավոր Աչաջուրցիների թասիբն ու Թորոսյանի «պրինցիպները»

Աչաջուրցիների թասիբն ու Թորոսյանի «պրինցիպները»

1203
0

Առողջապահության նախարարության, ի դեմ Թորոսյանի հրամայականով՝ Տավուշի մարզի Աչաջուր համայնքը զրկվեց իր միակ ծննդատնից։ Թորոսյանի՝ 2020 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ, կասեցվեց  «Աչաջրի առողջության կենտրոն»-ի մանկաբարձական տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիան։ Ըստ այդմ՝ Տավուշի մարզի Աչաջուր համայնքում ծննդատուն չի լինելու։ Այսպես ասած, ծննդատունը ֆինանսական աջակցություն պետությունից այլևս չի ստանա։ Այլընտրանքը՝ Իջևանի ծննդատունն է։

Նշենք, որ դեռ մեկ ամիս առաջ խոսակցություններ էին շրջանառվում, թե Աչաջուր համայնքի բնակիչները որոշել են իրենց և դրահամահավաքի միջոցներով լրացնել ծննդատան վիրաբուժական բաժանմունքում առկա բոլոր բացերը, սակայն մեզ հետ զրույցում Աչաջուր համայնքի ղեկավար` Կարեն Ղալթախչյանն ասել էր, որ Աչաջուր համայքնի ծննդատունը ՊՈԱԿ է և իրենք չեն կարող դրամահավաք կազմակերպել ու առանց առողջապահության նախարարության հետ համաձայնության որևէ գործունեություն ծավալել։

Այսօր, սեպտեմբերի 1-ին, Medmedia.am-ը կապ հաստատեց Աչաջուր ԲԿ-ի տնօրեն Կորյուն Վարդապետյանի հետ, պարզելու համար՝ Աչաջրի բնակիչները սկսե՞լ են դրամահավաքը, թե՞ ոչ։

Նա տեղեկացրեց, որ վիրաբուժական բաժանմունքի զինման համար արդեն իսկ հովանավորներ են հայտնվել։

«Արդեն հովանավորներ կան, ինչպես նաև անհատներ ու ակտիվիստներ, ովքեր այս հարցի կարգավորման համար դրամական հավաք են կազմակերպել։ ԱՄՆ-ից շուտով փոխանցում կլինի։ Բնակիչների կողմից իրենց իսկ պլանավորած միջացառումը, կարելի է ասել ի կատար է ածվում։ Նշեմ, որ բավականին ակտիվ են ՌԴ-ում բնակվող աչաջուրցիները»,-նշեց Վարդապետյանը։

Նա նաև նշեց, որ այս պահին ինքը չի խառնվում բնակչության որոշումներին, երբ բաժանմունքը վերանորոգվի, ինքը պատրաստ է վերադառնալու և 24 ժամ ծառայելու ժողովրդին։

«Այս պահին ես Իջևանի ԲԿ-ում եմ աշխատում, բայց շուրջ 100 հղի ունեմ, որոնց հուսախաբ չեմ անում, կոնսուլտացիան անցկացնում եմ Աչաջրում, իսկ ծնունդներն ընդունում եմ Իջևանում»,-տեղեկացրեց Վարդապետյանը։

Նշենք, որ նախարար Արսեն Թորոսյանի սույն որոշումը միանշանակ չընդունվեց։ Այն բուռն քննադատությունների տեղի տվեց, անգամ խոսակցությունները հասան նրան, որ Թորոսյանին վերագրվեց սահմանները միտումնավոր թուլացնելու և մարդկանց այնտեղից տարհանելու մտադրությունները։

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ