Գլխավոր էջ Օրվա թեման Ե՞րբ կթեստավորեն ուսուցիչներին

Ե՞րբ կթեստավորեն ուսուցիչներին

809
0

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն, այսօր, օգոստոսի 28-ին հայտնել էր, որ նախքան դպրոցների գործունեության մեկնարկը դպրոցի անձնակազմը (մանկավարժական և վարչական) կթեստավորվի՝ ՀՀ Առողջապահության նախարարության կողմից կազմված ժամանակացույցի և սկզբունքների համաձայն:

Ուսումնական տարվա ընթացքում համաճարակաբանական ցուցման դեպքում դպրոցի անձնակազմի անդամները կթեստավորվեն ըստ ՀՀ Առողջապահության նախարարության կողմից մշակված մոտեցման:

Medmedia.am-ը կապ հաստատեց ՀՀ Առողջապահության նախարարություն, պարզելու համար, թե երբվանից մանկավարժները կսկսեն թեստավորվել և ի՞նչ ընթացակարգ է դրա համար սահմանված։

ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացրեց, որ ամբողջ հանրապետությունում մոտ 30 հազար ուսուցիչ և հարկավոր է հասկանալ, նախ, նրանցից քանի՞ տոկոսն է առկա ուսուցմամբ դպրոց հաճախելու․

« Մենք մարզպետարաններ, գյուղապետարաններ ու քաղաքապետարաններ գրություններ ենք ուղարկել, որպեսզի ուսուցիչների տվյալների հավաքագրում արվի։ Քանի որ դասապրոցեսը լինելու է թե՛ առկա, թե՛ հեռակա, հարկավոր է հասկանալ ուսուցիչների քանի՞ տոկոսն է հաճախելու դպրոց, նրանց, տարածքային պոլիկլինիկաներում կտրամադրվի թերթիկներ, որոնցով կհաստատվի, որ առկա ուսուցմամբ դպրոց են հաճախում։ Այս պահին նախարարությունը այդ տեղեկատվության հավաքագրմամբ է զբաղված, որից հետո պարզ կլինեն ժամկետները»,-նշեց Ալինա Նիկողոսյանը։

Իսկ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այս պահին դպրոցի տնօրենների հետ ներքին քննարկումներ են տարվում․

« Մարզ առ մարզ առցանց հանդիպումներ են իրականացվում և տնօրենների հետ բացատրական աշխատանքներ են տարվում, սակայն թեստավորումների ժամանակացույց դեռ նշված չէ»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը  լրագրողների հետ հանդիպմանը  նշել էր, որ ուսուցիչները մինչև ուսումնական մեկնարկը կթեստավորվեն և որոշակի քաղաքականություն կունենան արդեն դասերի ժամանակ։ Թեստավորումը կիրականացնի առողջապահության նախարարությունը։ Այն կլինի անվճար։

Ֆինանսական միջոցների վերաբերյալ նա ասել էր, որ գարնան ընթացքում դպրոցները որոշակի խնայություններ են արել և նոր ուսումնական տարվա ընթացքում այդ խնայողություններն օգտագործելու են դպրոցներն ախտահանելու համար, իսկ հետագայում ծախսերը հոգալու են պետական մարմինները, քանի որ գործընթացը պարբերաբար կրկնվելու է։

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ