Գլխավոր էջ Գլխավոր Ռադիոակտիվ տարրեր, թե՞ ոսկի․ Ամուլսարի առեղծվածը

Ռադիոակտիվ տարրեր, թե՞ ոսկի․ Ամուլսարի առեղծվածը

779
0

Վերջին ամիսների ակտիվորեն քննարկվում է հանքերի շահագործումն ու դրա հետևանքով առաջացած մի շարք բնապահպանական խնդիրները։

«Ամուլսարը սար է, հանք չի դառնալու»,-մշտապես հայտարարում են Ամուլսարի պահապանները, ովքեր արդեն երկու տարի վագոն տնակներ տեղադրած՝ պայքարում են, որպեսզի տարածքում հանք չշահագործվի։

Թեմայի շուրջ Medmedia.am-ը զրուցել է «Կանաչ Ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանի հետ։ Նրա կարծիքով՝ հանքերի շահագործումը շրջակա միջավայրի վրա չի կարող բացասական ազդեցություն չունենալ։

« Այստեղ անելիք ունի պետությունը, պետք է կարողանան մասնավորին ստիպել ռիսկերը ճիշտ գնահատել։ Այսօր պետությունը որոշում կայացնելու կամք չի դրսևորում։ Բաց հանքերի մետաղական շահագործումը հղի է մի շարք վտանգներով, թե՛ ստորգետնյա, թե՛ քաղցրահամ և թե՛ հանքային ջրերը հանքերի շահագործման հետևանքով վտանգվում են»,-նշեց Վարագյանը։

Նրա հավաստմամբ՝ հանքի շահագործման հետևանքով կարող ենք ունենալ  աննախադեպ և կործանարար հետևանքներ:

« Վտանգի տակ է դրվում մշակովի հսկայական տարածքներ, Հայաստանի քաղցրահամ ջրերի պաշարը, այդ թվում՝ նաև Սևանա լիճը: Ջրային և հողային համակարգերը վտանգված են աղտոտվել ծանր մետաղներով, ռադիոակտիվ տարրերով: Ամբողջ էկոհամակարգը կրելու է նաև թթվային ջրերի արդեն գիտականորեն հաստատված կործանարար հետևանքները: Այս ամենը անմիջականորեն և կտրուկ ազդելու է հայ մարդու առողջության վրա, և կործանարար հետևանքները, որոնք աննախադեպ ծանր են լինելու, կրելու են նաև մեր սերունդները»:

Հիշեցնենք, որ Վարագյանը իր գրառումներից մեկում անդրադարձել էր ոսկու արդյունահանմանը, մասնավորապես նա նշել էր․

«Ոսկու արդյունահանման տեսակետից ոչ շահավետ հանքի շահագործումը («Լիդիանի» տվյալներով՝ 1 տոննայից 0.7 գ.: Համեմատեք Սոթքի տվյալների հետ՝ 1 տոննայից 5-6 գ.) ակամայից ազգային անվտանգության հետ կապված առեղծվածային հարցեր է առաջացնում: Արդյո՞ք հանքը շահագործվում է ոսկի արդյունահանելու համար, թե՞ այլ «օգտակար» և ռադիոակտիվ տարրերի արդյունահանման խնդիր կա: Վստահ եմ՝ նույնիսկ Նիկոլ Փաշինյանը խնդրի լրջությունը չի պատկերացնում: Վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանին ամբողջը չեն զեկուցել»,- գրել էր նա։

Վահագն Վարագյանի գնահատականներով՝ առաջին և ամենակարևոր հարցը. արդյո՞ք Ամուլսարի շահագործումը անդառնալի կորուստներ կպատճառի Հայաստանի բնությանը, մասնավորապես՝ տարածաշրջանի առողջարաններին և ջրային ռեսուրսներին։

«Այս պատասխանը ստանալու համար կառավարությունը՝ հարկատուների միջոցներից, ծախսեց 450 հազար ԱՄՆ դոլլար՝ պատվիրելով փորձագիտական հետազոտություն։ Սակայն այս հետազոտության արդյունքները եւ ազդեցությունը հարցի լուծման վրա տեսանելի չեն։ Երկրորդ հարցը. եթե հանքի շահագործումը մեծ վնասներ է հասցնելու բնությանը, ի՞նչ միջոցներ կա դա կանխելու կամ ռիսկերը նվազեցնելու։ Անպատասխան հարցերի շարանը կարելի է անվերջ շարունակել։ Բայց ամենակարևորը այն է, որ հարցի հանգուցալուծումը այլևս չի կարելի հետաձգել»,-հավելեց Վարգյանը։

Սյուզի Ասատրյան

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ