Գլխավոր էջ Նորություններ Ո՞րն է տարեցների անկման պատճառն ու ինչպե՞ս կանխել

Ո՞րն է տարեցների անկման պատճառն ու ինչպե՞ս կանխել

580
0

Տարեցների խնամքն ու առողջությունը յուրաքանչյուր հասարակության ու անհատի, ոչ միայն գթասրտության դրսևորումն է, այլ նաև պարտականությունը: Medmedia.am-ն նույն սկզբունքով այս հրապարակմամբ անրադառնում է տարեցների մոտ հաճախ հանդիպող անկումներին, դրանց պատճառներին ու կանխարգելմանը: Զրուցել ենք Բժիշկ-նյարդաբան, շարժողական խանգարումների մասնագետ Զարուհի Թավադյանի հետ: «Հարկ է նկատել, որ տարեց անձանց շրջանում անկումները մեծ վտանգ են ներկայացնում և ընկնելը կարող է լրջագույն խնդիրների պատճառ դառնալ»,-ասաց բժշկուհին և առանձնացրեց այդ հետևանքներից հաճախ հանդիպողները.

1. Ոսկրերի կոտրվածքները՝ ձեռք, դաստակ, ազդրի գլխիկ

2. Գանգուղեղային վնասվածքները

3. Նորից ընկնելու վախը և տարատեսակ գործողություններ կատարելուց խուսափելը Բժշկուհին նշեց, որ նյարդաբանական խնդիրներից շատերը կապված են հենց անկումների բարձր հաճախականության հետ։

1. Կաթվածից հետո, Պարկինսոնի հիվանդությամբ, դեմենցիայով և էպիլեպսիայով տարեց պացիենտները գտնվում են ռիսկային խմբում։

2. Նեյրոպաթիաների, ծայրամասային նյարդերի վնասման ինչպես նաև գլխացավի և գլխապտույտի դեպքում անկումների հաճախականությունը կրկին բարձր է։ «Անհրաժեշտ է հայտնաբերել բարձր ռիսկի գոտում գտնվող պացիենտներին և աշխատել կանխարգելիչ ուղղությամբ։ Խորհուրդ են տրվում կատարել վարժություններ ուղղված քայլվածքի բարելավման, մկանային ուժի մեծացման, հավասարակշռությունը պահելու ուղղությամբ: Պետք է կիրառել հատուկ կոշիկներ, որոնք չեն սահում հատակին»,-ընդգծեց նյարդաբանն ու հավելեց. «Անհրաժեշտ է տան միջավայրը հարմարեցնել կարիքներին՝ ապահովել լավ լուսավորություն, բաղնիքում բռնվելու հարմարանքներ տեղադրել, սենյակներում գորգերը ամրացնել, անհրաժեշտ պարագաները տեղավորել հեշտ հասանելի վայրերում, խուսափել բարձր դարակներից»: Զարուհի Թավադյանը նաև նկատեց, որ որոշ դեղեր կարող են առաջացնել քնկոտություն, գլխապտույտ, նվազեցնել ուշադությունը։ «Եթե առկա են նման խնդիրներ, դիմեք ձեր բժշկին և հայտնեք այդ մասին։ Դեղորայքի վերանայումը կարող է նվազեցնել ընկնելու ռիսկը»,-ամփոփեց բժշկուհին:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ