Գլխավոր էջ Գլխավոր 9-ամյա տղան իմանալով եղբոր մահվան մասին՝ սթրեսի է ենթարկվել

9-ամյա տղան իմանալով եղբոր մահվան մասին՝ սթրեսի է ենթարկվել

771
0

Medmedia.am-ին հայտնի է դարձել, որ  «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում գտնվող խաշթառակցի երկու երեխաների մորը տեղափոխել են «Իջևանի» ԲԿ։ Նրա վիճակը գնահատվում է լավ։ Իսկ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում գտնվող 5 փոքրիկներն էլ այսօր՝ օգոստոսի 27-ին կտեղափոխվեն Երևանի «Մանկան տուն» , նրանց վիճակն արդեն լավ է։ Ցավոք, ծեծի ենթարկված 6-ամյա տղան այդպես էլ գիտակցության չգալով երեկ, օգոստոսի 25-ին Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում մահացավ։

Medmedia.am-ը կապ հաստատեց  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանի հետ, ով նշեց, որ Տավուշի  մարզի Խաշթառակ համայնքում բնակվող երեխաներին տեղափոխելու են Երևանի « Մանկան տուն»։

« Համավարակի այս ժամանակահատվածում մանկատներն աշխատում են ամբողջությամբ փակ ռեժիմով, սակայն այս երեխաների հարցը բացառություն է: Երեխաներին մասնագիտական խնամք է հարկավոր։ Երևանի «Մանկան տուն» հաստատությունում երեխաները մնում են մինչև 6 տարեկանը լրանալը, բայց երեխաներից մեկը 9 տարեկան է ու մենք չենք ցանկանում նրանց բաժանել միմյանցից։ 9 տարեկան տղան նույնպես իր քույր-եղբայրների հետ կտեղափոխվի նույն հաստատություն»։

Սոնա Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ 9-ամյա տղան հոգեբանորեն ծանր վիճակում է։

« Երբ իմացել է, որ 6-ամյա եղբայրը մահացել է՝ սթրեսի մեջ է ընկել ու շատ ծանր է տարել։ Նախարարությունը հոգեբաններ է տրամադրել, որպեսզի աշխատեն տղայի հետ, ամբողջ գիշեր  նրա հետ աշխատանք է տարվել, որպեսզի մի փոքր օգնեն իրեն։ Երեխաները վախեցած են ու պատկերացում չունեն, թե իրենց ուր են տանելու, բայց ընտանիքում գտնվելն այս պահին նրանց շահերից չի բխում»,-նշեց Սոնա Մարտիրոսյանը։

Նա տեղեկացրեց, որ նման իրավիճակներում նախ իրավական ձևակերպում է հարկավոր, քննարկվում է երեխաների խնամակալության հարցը, որպեսզի նրանց ապագան պարզ լինի։

Հարցին, թե կարո՞ղ են այս պահին երեխաներին հանձնել որդեգրման, նախարարության ներկայացուցիչը նշեց, որ այս պահին իրավական ձևակերպում չկա, երեխաները նախ պետք է մնան առանց ծնողական խնամքի, եթե չհայտնվեն հոգատար բարեկամներ, ովքեր կցանկանան խնամակալ դառնալ, ապա՝ կարող են նաև որդեգրել։

«Բայց այս պահին երեխաները կարիք ունեն միասին մնալու, այս մի քանի օրերի ընթացքում սթրեսի են ենթարկվել»։

Նշենք, որ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տվյալները տեղադրված է «Մանուկ» տեղեկատվական հարթակում, որտեղ որդեգրել ցանկացող ընտանիքները կարող են ծանոթանալ երեխաների տվյալներին։ Լուսանկարներ այդ հարթակում տեղադրված չէ։ Նշենք, որ որդեգրման կարգը փոխվել է, նախկան որդեգրումը ծնողները պետք է մասնակցեն հատուկ ծնողավարման սեմինարների։

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին Տավուշի Խաշթառակ գյուղում պապը ձեռքի փայտով հարվածել էր 6 և 4–ամյա թոռներին, որոնք տեղափոխվել էին հիվանդանոց։ Նրանցից մեկը` 6-ամյա տղան մահացավ, այդպես էլ գիտակցության չգալով։ Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ, երեխաների պապիկը ձերբակալվել է։ Բացի այդ, հաջորդ օրը` օգոստոսի 19-ին, նույն տնից 5 երեխա թունավորմամբ տեղափոխվել են Երևանի «Մուրացան» հիվանդանոց։ Երեխաների մայրը` 28-ամյա Մարիաննա Հ.-ն, նույնպես բերման է ենթարկվել։ Հորն ու դստերը մեղադրանք է առաջադրվել։

Նշենք, որ Խաշթառակի 12 հոգանոց ընտանիքում միայն 7-ը անչափահաս երեխաներ են։ Նույն տանն ապրում են տատն ու պապը` Էմմա և Սամվել Հ.-երը, նրանց երկու երեխաները` Անուշավան և Մարիաննա Հ.-երը, ինչպես նաև Անուշավանի կինը` Անուշ Բ.-ն։ Վերջիններս երկու երեխա ունեն, իսկ մյուս 5 երեխաները Մարիաննա Հ.-ինն են։

28-ամյա կնոջը կալանավորելու միջնորդությունը մերժել են, քանի որ վերջինս դատարանին հայտնել է, որ հղի է։ Մեզ հետ զրույցում նրա փաստաբանը հայտնեց, որ կնոջը չկալանավորելու համար հիմք է հանդիսացել ոչ միայն հղիության փաստը, այլ նաև այն, որ վերջինս հաշվառված է «Իջևանի» ԲԿ-ում։

Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում բռնության ենթարկված հինգ երեխաները կտեղափոխվեն Երևանի «Մանկան տուն»:

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ