Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչ ախտանիշներով է հնարավոր ճանաչել սրտի իշեմիկ հիվանդությունը․ ներկայացնում է սրտաբանը

Ի՞նչ ախտանիշներով է հնարավոր ճանաչել սրտի իշեմիկ հիվանդությունը․ ներկայացնում է սրտաբանը

732
0

Սրտի իշեմիկ հիվանդությունը շատ տարածված եւ չափազանց վտանգավոր հիվանդություն է, որը ժամանակակից աշխարհում «պատասխանատու» է մահվան ահռելի թվով դեպքերի համար։ Սակայն ժամանակին ախտորոշելու դեպքում այս հիվանդությունը կարելի է հաջողությամբ վերահսկել՝ մեծացնելով պացիենտի կյանքի որակն ու տեւողությունը։

Ի՞նչ ախտանիշներով կարելի է կասկածել, որ մարդու մոտ սրտի իշեմիկ հիվանդություն կա։ Այս հարցի շուրջ է NEWS.am Medicine-ի զրույցը սրտաբան Անի Ալեքսանյանի հետ։

Մասնագետի խոսքով՝ այս հիվանդության գլխավոր ախտանիշն են կրծքավանդակում ցավերը, անհարմարավետությունը, այրոցը եւ/կամ կրծքավանդակի նեղ լինելը։ Պացիենտները հաճախ նշում են, որ կրծքի ցավերը «ճառագայթվում» են դեպի ծնոտ կամ ձախ ձեռք։ Ցավը կարող է ուղեկցվել նաեւ տագնապի զգացումով, մեծ քրտնարտադրությամբ, սրտի արագ զարկերով։

Սրտի իշեմիկ հիվանդության դեպքում հաճախ ցավերն առաջանում են ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ էմոցիոնալ լարվածության դեպքում։ Նույն պայմաններում պացիենտի մոտ կարող է առաջանալ հեւոց կամ առիթմիա՝ զրտի անկանոն զարկեր։

Երբեմն սրտի իշեմիկ հիվանդությունը կարող են ցույց տալ նաեւ սրտային անբավարարության նշանները, օրինակ՝ ստորին վերջույթներից սկսվող այտուցները։

Այս ախտանիշների կամ անգամ դրանցից միայն մեկի առկայության դեպքում խորհուրդ է տրվում խորհրդակցել սրտաբանի հետ։

Մասնագետի խոսքով՝ գլխավոր վտանգն այն է, որ որոշ դեպքերում սրտի իշեմիկ հիվանդությունը չունի ակնհայտ ախտանիշներ, հետեւապես մարդիկ, մտածելով, որ առողջ են, չեն ստանում ո՛չ ախտորոշում, ո՛չ անհրաժեշտ բուժում։

Հիշեցնենք, որ սրտի իշեմիկ հիվանդությունը շատ տարածված է, որն այսօր համարվում է աշխարհի զարգացած երկրներում բնակչության մահացության եւ աշխատունակության կորստի հիմնական պատճառներից մեկը։ Հենց այս պատճառով սրտի իշեմիկ հիվանդությունը XXI դարի բժշկական կարեւորագույն խնդիրների շարքում զբաղեցնում է առաջատար տեղերից մեկը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ