Գլխավոր էջ Գլխավոր Որտե՞ղ է ուզում Հարությունյանը մանկավարժներին «գցած» լինի

Որտե՞ղ է ուզում Հարությունյանը մանկավարժներին «գցած» լինի

775
0

Արդեն մի քանի օր է դպրոցներում տնօրեններն ակտիվորեն ցուցակագրում ու հավաքագրում են տվյալներ ուսուցիչների առողջական վիճակի մասին։ Խնդրահարույցն այն է, որ մանկավարժներին տեղյակ չեն պահում, թե որոնք են այն «չար» նպատակները, որոնք խնամքով թաքցվում են։ Անգամ խոսակցություններ են պտտվում, թե այն մանկավարժը, ով «միամտաբար խոստովանել» է իր խրոնիկ հիվանդությունների առկայությունը՝ զրկվելու է աշխատանքից։

Medmedia.am-ը կապ հաստատեց  ՀՀ ԿԳՄՍՆ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանի հետ, ճշտելու համար, թե ինչու են մանկավարժներն անհանգստացած ու ինչու նրանք տեղյակ չեն, թե ինչի համար է հարկավոր իրենց խրոնիկ հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվությունը։

Նա տեղեկացրեց, որ ոչ մի վատ միտում չկա այս որոշման մեջ․

« Ես հավաստիացնում եմ, որ ԿԳՄՍՆ-ն շուտով տեղեկատվություն կհրապարակի, որտեղ ամենայն մանրամասնությամբ անդրադարձ կլինի այս հարցին։ Սա արվում է զուտ, անվտանգության նկատառումներով։ Ցանկանում ենք հետագայում խուսափել վարակի տարածումից և սկզբնական շրջանում հասկանալ, թե ռիսկային խմբում գտնվող քանի՞ մանկավարժ ունենք»,-նշել է նա։

Իսկ ահա «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը իր ֆեյսբուքյան էջում մտահոգություն էր հայտնել այս հարցի վերաբերյալ, այս գործընթացը որակելով՝ մարդու իրավունքների ոտնահարում։

Medmedia.am-ը կապ հաստատեց Անի Սամսոնյանի հետ, ով նշեց, որ առկա է տեղեկատվություն, որ հանրակրթական դպրոցների տնօրինությանը իջեցվել է հանձնարարություն, հավաքագրելու տեղեկություններ 70-ից ցածր տարիքային խմբում գտնվող մանկավարժների վերաբերյալ, որոնք համապատասխանում են ստորև թվարկված նկարագրին՝

1.Քրոնիկ երկարաժամկետ շնչառական հիվանդություններ ունեցողներ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ

2.Սրտի քրոնիկ հիվանդություն ունեցողներ, սրտի անբավարարվածություն

3.Երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցողներ

4.Լյարդի քրոնիկ հիվանդություններ ունեցողներ, հեպատիտ

5.Քրոնիկ նյարդաբանական հիվանդություններ ունեցողներ, Պարկինսոնի հիվանդություն, բազմակի սկլերոզ, ուղեղային կաթված

6․Շաքարային դիաբետիկներ։

Նա նշեց, որ ինքը ևս ստացել է բողոքներ մանկավարժներից, ովքեր   ինչպես շատերը՝ անտեղյակ են, թե ինչի համար է այս ամենը։

« Բժշկական տեղեկատվությունը անձնական տվյալ է, որը պաշտպանվում է օրենքով։ Ես հարցում եմ ուղարկել ԿԳՄՍՆ և ակնկալում եմ, որ կստանամ հիմնավոր պատասխան, թե ինչ իրավական հիմքով են պահանջում, որպեսզի մանկավարժները հրապարակեն իրենց բժշկական տվյալները»,-նշեց Անի Սամսոնյանն ու հավելեց, որ անձնական տվյալների հավաքագրումը մեծ ռիսկեր է պահանջում։

Նա նշեց, որ հանրակրթական դպրոցներից մանկավարժների առողջական վիճակի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը համարվում է բժշկական գաղտնիք, որը կարող է տրամադրվել միայն դատարանի որոշմամբ և իրավապահ մարմինների՝ դատախազության, քննչական մարմինների պահանջով` օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

«ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից գրավոր պահանջել եմ պարզաբանել հետևյալ հարցերը․

1.Իրավական ի՞նչ հիմքով է պահանջվում հավաքագրել           բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ               դպրոցների մանկավարժների վերաբերյալ։

2.Իրավական ինչպիսի ակտի համաձայն է պահանջվել             տեղեկատվությունը։

  1. Ինչ նպատակ է հետապնդում տեղեկատվության    հավաքագրումը։
  2. Ովքեր են պատասխանատու բժշկական գաղտնիք   պարունակող տեղեկությունների պաշտպանության   համար»։

Անի Սամսոնյանը նշեց, որ նախարարությունից պատասխան ստանալու դեպքում իր ֆեյսբուքյան էջում հանրությանը կտեղեկացնի այդ մասին։

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ