Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ավստրալիան պետք է բոլոր քաղաքացիների համար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պարտադիր դարձնի

Ավստրալիան պետք է բոլոր քաղաքացիների համար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պարտադիր դարձնի

448
0

Ավստրալիան պետք է 25 միլիոն քաղաքացիների համար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պարտադիր դարձնի՝ բացառությամբ արտոնությունների բժշկական ցուցումները։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնը, փոխանցում է AFP-ն։

AstraZeneca-ի եւ Օքսֆորդի համալսարանի կողմից մշակվող «խոստումնալից» պատվաստանյութի արտադրության վերաբերյալ գործարքի կնքումից հետո Մորիսոնն ասել է, որ պատվաստանյութը պետք է լինի «այնքան պարտադիր, որքան դա հնարավոր է»։ «Ցանկացած պատվաստանյութի համար ըստ բժշկական ցուցումների միշտ բացառություններ կան, բայց դա պետք է լինի միակ հիմնավորումը»,- ասել է նա։

Կանխատեսելով պատվաստման դեմ հանդես եկող ակտիվիստների բացասական արձագանքը՝ Մորիսոնն ասել է, որ խաղադրույքները չափից ավելի բարձր են։ «Մենք խոսում ենք համավարակի մասին, որը կործանել է համաշխարհային տնտեսությունը եւ խլել ամբողջ աշխարհում հարյուր հազարավոր մարդկանց կյանքերը»,- ասել է նա՝ ընդգծելով, որ կառավարությունը դեռեւս որոշում չի ընդունել։

Ավստրալիայի կառավարության գնահատմամբ՝ բնակչության մինչեւ 95 տոկոսը պետք վիրուսի հանդեպ անընկալունակ լինի։ «Մենք պետք է ունենանք դրա ամենալայն եւ բազմակողմանի պատասխանը, որպեսզի Ավստրալիան վերադարձնենք բնականոն կյանքի»,- ասել է Մորիսոնը՝ հայտարարելով, որ բոլոր ավստրալացիների համար պատվաստանյութն անվճար կլինի։

Կորոնավիրուսի համավարակը, որի հետեւանքով մահացել է ավելի քան 400 ավստրալացի, համընկել է համացանցում ապատեղեկատվության կտրուկ աճի, շահարկումների եւ պատվաստանյութերին հակազդեցության հետ, ինչը փորձագետներն անվանել են «ինֆոդեմիա»։

Առայժմ չկա կորոնավիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութ, չնայած Մորիսոնը լավատեսություն է հայտնել, որ պատվաստանյութը կմշակվի հաջորդ տարվա սկզբին, իսկ արտադրությունը կզբաղեցնի ընդամենը մի քանի ամիս։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ