Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը ե՞րբ կհայտնվի շուկայում և որքա՞ն կարժենա

Կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը ե՞րբ կհայտնվի շուկայում և որքա՞ն կարժենա

717
0

Չինական Sinopharm դեղագործական ընկերության ինակտիվացված պատվաստանյութը շուկա կհանվի այս տարվա դեկտեմբերին՝ մոտ 150 դոլար արժեքով։ Ինչպես երեքշաբթի հայտարարել է ընկերության վարչության նախագահ Լյու Ցզինչժենը, դա հնարավոր կդառնա կլինիկական փորձարկումների երրորդ փուլի ավարտից հետո, գրում է tass.ru-ն։

«Միջազգային կլինիկական փորձարկումների երրորդ փուլի ավարտից հետո հնարավոր կլինի սկսել ինակտիվացված պատվաստանյութի գրանցումը։ Մեր հաշվարկներով՝ այս տարվա դեկտեմբերի վերջին այն կարող է հայտնվել շուկայում»,- հայտնել է նա։

«Մեր կանխատեսումների համաձայն՝ Պեկինի կենսապրեպարատների հետազոտական ինստիտուտը կարող է տարեկան արտադրել մինչև 120 մլն ինակտիվացված պատվաստանյութ, ևս 100 մլն-ը կարող է արտադրել Ուհանի կենսապրեպարատների ինստիտուտը (Wuhan Institute of Biological Products)», — հավելել է նա:

Նրա խոսքով՝ պատվաստանյութի մեկ ներարկման դեպքում պաշտպանությունը 97 տոկոս է, կրկնակի ներարկման դեպքում այդ ցուցանիշը բարձրանում է գրեթե 100%։ Պատվաստանյութի երկու ներարկումների արժեքը կկազմի 1 000 յուանից պակաս (մոտ 144 դոլար):

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանի մտավոր սեփականության հարցերով պետական վարչությունը «Քովիդ-19»-ի դեմ պատվաստանյութի առաջին արտոնագիրն է տրամադրել:

Արտոնագիրը տրամադրվել է Չինաստանի Ազգային ազատագրական բանակի ռազմաբժշկական գիտությունների ակադեմիային և CanSino Biologics ընկերությանը, որոնք համատեղ մշակել են «Քովիդ-19»-ի դեմ Ad5-nCoV պատվաստանյութը: Հունիսին այդ պատվաստանյութը հատուկ թույլտվություն էր ստացել երկրի տարածքում մեկ տարով զինվորական օգտագործման համար:

Կենդանիների վրա արված փորձարկումները ցույց էին տվել, որ պատվաստանյութը լավ իմունագենային հատկություն ունի և կարող է կարճ ժամանակահատվածում ինտենսիվ բջջային և հորմոնալ իմունային ռեակցիա առաջացնել օրգանիզմում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ