Գլխավոր էջ Նորություններ «Գյումրի» ԲԿ-ում վերսկսվել են պլանային վիրահատությունները․ հետաձգումների պատճառը կորոնավիրուսի դեպքերն էին

«Գյումրի» ԲԿ-ում վերսկսվել են պլանային վիրահատությունները․ հետաձգումների պատճառը կորոնավիրուսի դեպքերն էին

532
0

«Գյումրի» բժշկական կենտրոնում վերսկսվել են պլանային վիրահատությունները,որոնք դադարեցվել էին կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճով պայմանավորված: Արտակարգ դրության պայմաններում բժշկական կենտրոնը մինչ այդ սպասարկում էր միայն անհետաձգելի դեպքերը, իսկ բազմապրոֆիլ ուղղվածության բոլոր պլանային վիրահատությունները հետաձգվել էին։ Հիվանդանոցը փորձում է վերադառնալ աշխատանքային բնականոն ռեժիմին։ Տեսակցությունները բացառված են, հիվանդների սնունդն ու անհրաժեշտ պարագաները փոխանցվում են բուժաշխատողների միջոցով:

Համաճարակային իրավիճակը նոր կարգուկանոն է թելադրել բուժկենտրոնում, ամբողջ շենքը իր բոլոր բաժանմունքներով հատուկ գունային տարբերանշաններով գոտիավորվել են` ցածր ռիսկայինից մինչև կարմիր գոտի:

«Բարձր ռիսկային գոտի կա, կարմիր գոտի կա, որտեղ ընդհանրապես արգելվում է մտնել, օրինակ՝ տրիաժ ծառայությունը։ Միջին գոտիներ կան, որտեղ արդեն պաշտպանիչ արտահագուստով է թույլատրվում մտնել, ակնոցներով ու դիմակներով»,- նշեց «Գյումրի» ԲԿ-ի տնօրեն Արմեն Իսահակյանը։

Անվտանգության կանոնները պահպանելով, բժշկական կենտրոնն արդեն 20 օր է միայն անհետաձգելի դեպքերը չէ որ սպասարկում է։ Վերսկսել են պլանային վիրահատությունները, որոնք չէին կատարում մարտ ամսից:

«Էն հիվանդները, որոնք գալիս են պլանային վիրահատությունների համար, նախապես ունենում են իրենց հետ հանձնված կորոնավիրուսի թեստի պատասխան, ոչ ուշ, քան 48 ժամվա հնության հանձնված թեստի բացասական պատասխանով կամ տեղում են թեստավորվում»,- ընթացակարգի մանրամասները ներկայացրեց «Գյումրի» ԲԿ-ի գլխավոր բուժքույր Արուսյակ Գևորգյանը։

Կորոնավիրոուսով նոր վարակվածության դեպքերը մարզում թեև նվազում են արձանագրում,բայց բուժկենտրոնը դեռ շարունակում է Covid-19-ով վարակված հիվանդների ընդունել, առանձնացված գործող տրիաժ ծառայությունում: Դադարեցված պլանային վիրահատությունների դադարեցման հետևանքով բուժհաստատությունում ֆինանսական խնդիրներ են առաջ եկել:

«70 տոկոս կորուստ է եղել, էդ կորուստի պատճառով մենք վարկ ենք վերցրել, պետության կողմից վճարվում է վեց տոկոսը, մյուս վեց տոկոսը մենք ենք տալիս։ Մոտ 130 միլիոն դրամի կարգի գումարի մասին է խոսքը»,- նշում է Արմեն Իսահակյանը։

Վարկերի օգնությանը դիմելու պատճառներից մեկն էլ այն է, որ մինչև տրիաժ ծառայության թույլտվությունը, բուժկենտրոնը սպասարկել է ծանր հիվանդների, որոնք վերակենդանացման բաժանմունք էին տեղափոխվում արդեն Covid-19-ի դրական թեստով։ Նման հիվանդների բուժծառայության համար ֆինանսավորում նախատեսված չի եղել։

«Մենք ունեինք կուտակված մոտ 30-40 հիվանդների, որոնք չէին վճարվել։ Էդ ամբողջ հիվանդությունների պատմության նկարագրերը հրաման տալուց հետո պետությունը ընդունել է և ամբողջությամբ ֆինանսավորվել է՝ օրը 15 հազար դրամ»,- ասաց բուժհաստատության տնօրենը։

Առանձնացված տրիաժ բաժանմունքում այժմ 14 հիվանդ կա հոսպիտալացված, նրանցից 8-ը` ծանր թոքաբորբ ախտորոշումով, բայց թեստավորման բացասական արդյունքով։

Բաժանմունքներում ստացիոնար բուժում ստացողների թիվն ավելացել է պլանային վիրահատությունների վերսկսմամբ պայմանավորված:

Այս ընթացքում կենտրոնի բուժանձնակազմի մոտ 40 տոկոսը վարակվեց կորոնավիրուսով, մի մասը հիվանդանոցային, որոշներն էլ տնային մեկուսացման պայմաններում բուժում ստանալուց հետո վերադառնում են աշխատանքի։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ