Գլխավոր էջ Գլխավոր Ամուլսարի շահագործումը կործանարար է

Ամուլսարի շահագործումը կործանարար է

648
0

«Կանաչ ապագա» բնապահպանական նախաձեռնության նախագահ Վահագն Վարագյանը Ամուլսարի շուրջ ծավալած վերջին իրադարձությունների կիզակետում էր։ Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին նրան բերման էին ենթարկել ոստիկանների պահանջը չկատարելու համար։ Medmedia.am-ի հետ զրույցում նա բազմիցս անդրադարձել է Ամուլսարի շահագործմանը ու դրա վտանգավոր հետևանքներին։ Նա նշել է, որ վտանգի տակ է դրվում մշակովի հսկայական տարածքներ, Հայաստանի քաղցրահամ ջրերի պաշարը, այդ թվում՝ նաև Սևանա լիճը:

« Կոչ եմ անում ՀՀ բոլոր քաղաքացիներին հետամուտ լինել Ամուլսարի հարցին: Մասնագիտությունս և գիտելիքներս թույլ են տալիս փորձագիտական կարծիք հայտնել հանքի շահագործման հետևանքով առաջանալիք աննախադեպ և կործանարար հետևանքների մասին: Ջրային և հողային համակարգերը վտանգված են աղտոտվել ծանր մետաղներով, ռադիոակտիվ տարրերով: Ամբողջ էկոհամակարգը կրելու է նաև թթվային ջրերի արդեն գիտականորեն հաստատված կործանարար հետևանքները»,- մեզ հետ զրույցում նշել է նա։ Վարագյանը համոզված է, որ այս ամենը անմիջականորեն և կտրուկ ազդելու է հայ մարդու առողջության վրա։

« Հարկավոր է գիտակցել, որ կործանարար հետևանքները, որոնք աննախադեպ ծանր են լինելու, կրելու են նաև մեր սերունդները: Ոսկու արդյունահանման տեսակետից ոչ շահավետ հանքի շահագործումը ակամայից ազգային անվտանգության հետ կապված առեղծվածային հարցեր է առաջացնում: Արդյո՞ք հանքը շահագործվում է ոսկի արդյունահանելու համար, թե՞ այլ «օգտակար» և ռադիոակտիվ տարրերի արդյունահանման խնդիր կա: Վստահ եմ՝ նույնիսկ Նիկոլ Փաշինյանը խնդրի լրջությունը չի պատկերացնում: Վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանին ամբողջը չեն զեկուցել»,-հարցադրեց նա:

Վարագյանը համոզված է, որ Ամուլսարի շահագործման հարցը քաղաքական որոշում է, « Իշխանությունն ունի Ամուլսարի հանքի բնապահպանական ռիսկերի հետ կապված բոլոր փաստաթղթերը: Ցանկացած հարմար քաղաքական պահի, երբ Փաշինյանը կկարողանա պատասխանատվությունն այլ մեկի վրա դնել, նա կշահագործի հանքը՝ զոհաբերելով սեփական քաղաքական կապիտալը։ Ռիսկերի պատասխանատվությունն ո՞վ է կրում, և թե 7 կամ 140 տարի հանքը շահագործելով, հետո փակելով, հեռանալով այդ տարածքից՝ մենք, մեր սերունդները, երեխաները գալիք 100 տարվա ընթացքում ինչպիսի բնապահպանական աղետների կարող են ականատես լինել, այս բոլոր հարցերը պատասխաններ են պահանջում»,- ասաց նա: Հիշեցնենք, որ Ամուլսարի պահապանները հայտարարել են, որ որևէ ծանր տեխնիկա Ամուլսար չի մտել և չի մտնելու:

Ջերմուկ համայնքի բնակիչները և Ամուլսարի համար պայքարող Հայաստանի գիտակից քաղաքացիները երբևէ թույլ չեն տալու որևէ հանքահանություն Ամուլսարում: «Սա մեր վերջնական որոշումն է, որը փոփոխության ենթակա չէ։ ՀՀ կառավարությունը պարտավոր է հաշվի նստել Ջերմուկ համայնքի բնակիչների մեծամասնության (հանրագրով և ավագանու որոշումով ամրագրված) և ՀՀ մյուս քաղաքացիների արդարացի պահանջի հետ և իր իսկ պատվիրած միջազգային ուսումնասիրության արդյունքների հիման վրա ուժը կորցրած ճանաչել 2016թ-ին նախորդ կոռուպցիոն կառավարության տված բնապահպանական դրական եզրակացությունը»,-հայտարարել էին նրանք։ Հիշեցնենք` Ջերմուկի բնակիչները դեռևս նախորդ տարվանից պարբերաբար փակում էին Ամուլսար տանող ճանապարհները` պնդելով, որ հանքի շահագործումը մեծ վնաս կհասցնի շրջակա միջավայրին: 2018 թվականի հունիսից մի խումբ մարդիկ` «Ամուլսարի պահապանները», գիշեր-ցերեկ հերթապահում էին վագոն–տնակներում՝ փակ պահելով դեպի հանք տանող ճանապարհները։ Նրանց պնդմամբ՝ հանքի շահագործման հետևանքով ծանր մետռաղները հայտնվելու են Սևանի, Ջերմուկի ու առհասարակ խմելու ջրերում, ադպիսով լուրջ առողջական խնդիրների առաջ կանգնեցնելով ազգաբնակչությանը։

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ