Գլխավոր էջ Գլխավոր Ո՞րն էր Դավիդյանցից ազատվելու շահը

Ո՞րն էր Դավիդյանցից ազատվելու շահը

4507
0

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիթյանցի պաշտոնանկությունը բուռն քննարկման ու մեկնաբանությունների առիթ հանդիսացավ։ Բժիշկ-hամաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը Medmedia.am-ի հետ զրույցում անդրադառնալով Դավիթյանցի պաշտոնանկությանը, նշել է, որ  նրան որևէ պաշտոնի նշանակել կամ չնշանակելու հարցը վերջին օրերի որոշում չէ։

« Նման որոշում  այսօր չի կայացվել և ոչ էլ երեկ կամ հինգ ամիս առաջ։ 1․5 տարի առաջ երբ որոշվեց, որ ՁԻԱՀ-ի կենտրոնը միացվելու է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին, հենց այդ ժամանակվանից այս սցենարը գծված էր։  Այս կենտրոնում պետք է տնօրինվեն գումարներ այլ ոչ թե որակյալ ծառայություն մատուցեն, հետևաբար դա նշանակում է, որ ղեկավարը չի լինելու մասնագետ։ Եկեք տեսնենք բոլոր այն հաստատությունները, որտեղ նախարարի հրամանով փոփոխություններ են եղել։ Ոչ մի տեղ մասնագետ չկա, չկա մասնագետ ով լիդեր է լինելու, ով զարգացնելու  է  գիտական ծառայությունների պոտենցիալը, հետևաբար ինչու՞ պետք է այստեղ նշանակվեր մասնագետ։ Շատ լավ իմանալով, թե ում են ցանկանում նշանակել տնօրեն, ես համոզվում եմ,որ այդ որոշումը շատ ավելի շուտ է կայացվել։ Երջանիկ պատահականությամբ համընկավ, որ ՁԻԱՀ-ի կենտրոնը միացավ «Նորք» ինֆեկցիոնին ու տնօրենը պետք է այլ մարդ լիներ։ Ու այդ մարդը պետք է Թորոսյանի թիմակից կամ էլ կամքը կատարող լիներ»,-նշեց համաճարակաբանը։

Էդուարդ Հովհաննիսյանը համոզված է, որ բոլոր հարցերը ուղղված են ֆինանսների տնօրինմանը։

« Կենտրոնը բավականին լուրջ ծրագրեր իրականացնող հիմնարկ է։Ծրագրերը նաև դրսից ֆինանսավորվող էին, երբ ժամանակին շեշտը դրվում էր որակի վրա, այսօր մենք համոզմունք ունենք, որ որակը կապ չունի և պետք է տնօրինել ֆինանսական հոսքերը։ Դրա համար էլ մարդկանց հանում են ու նորերին են նշանակում։ Իմ կարծիքով Թորոսյանի աշխատանքի մեջ կա և անձնական վրեժխնդրության հարց և անձնական շահ»։

Բժիշկ-համաճարակաբանը առողջապահության նախարարի որոշումներից ևս մեկ օրինակ է բերում․

« Ինչպես օրինակ՝  ՁԻԱՀ-ի կենտրոնում հարկային տեսուչն է տնօրեն, ինքը պետք է բժշկագիտական աշխատանքը  զարգացնի՞։ Ոչ մի տեղ բժշկական հանրույթից մարդ չի նշանակվում, դա արհամարհական վերաբերմունք է ։ Մեր բժիշկների բանակից մեկ մասնագետ չկա՞ որ կարող էր ղեկավարել կենտրոնը։ Բժշկական հաստատությունները ոստիկանական մեթոդներով են ղեկավարում»,-սահմանափակեց նա։

Սյուզի Ասատրյան

 

 

 

 

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ