Գլխավոր էջ Նորություններ Մեկն «ուտում է» մյուսի գրպանի փողը. Առողջության ապահովագրության համակարգը կարող է աշխատել,...

Մեկն «ուտում է» մյուսի գրպանի փողը. Առողջության ապահովագրության համակարգը կարող է աշխատել, 40 տարի հետո. Լիլիթ Թումանյան

874
0

Արսեն Թորոսյանն ամեն ինչից կարող է գումար վաստակել, բայց դա մեզ չպետք է բացատրել բարոյահոգեբանական տեսանկյունից: Կարող եմ եզրակացնել, որ այս պատմությունը ոչ թե ապահովագրության, հոգատարության մասին է, այլ ոլորտի գումարային ծավալը մեծացնելու: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  «Ադեկվադ» միաբանության վարչության անդամ, Հանրային ռադիոյի նախկին փոխտնօրեն Լիլիթ Թումանյանը`անդրադառնալով առողջապահության համապարփակ ապահովագրության նախագծին

« Ես չեմ հավատում, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բարի Ձմեռ պապիկ է, որը նստած մտածում է բոլորի բարօրության մասին, ավելի շատ մտածում է առողջապահության ոլորտում ավելի մեծ քանակի գումար ներգրավելու մասին»,- ասաց նա

Նրա կարծիքով` երբ խոսվում է ապահովագրական համակարգի մասին, պետք է նախևառաջ հարցնել ապահովագրության փորձագետներին, իսկ նրանք արդեն իրենց տեսակետն այս նոր հարկատեսակի վերաբերյալ դեռ ապրիլ-մայիսին են արտահայտել, երբ նոր հայտարարվեց, որ նման բան պետք է լինի:

«Ապահովագրողներն ասում են, որ նման համակարգը չի աշխատելու: Չի կարող աշխատել մի համակարգ, որտեղ ապահովագրողը, բուժհաստատությունները և ծառայություն մատուցողները մեկ միավոր են` պետությունը»,-  ասաց «Ադեկվադ» միաբանության վարչության անդամը` ընդգծելով, թե երբ բիզնես տեսանկյունից շահերի բախում չի լինում, կողմերից ոչ մեկը շահագրգիռ չէ պահպանել պատշաճ որակ:

«Այդ շահերի բախումը կստիպեր պետությանը պահպանել որակ և վերահսկել այն ֆինանսական հոսքերը, որոնք ներգրավում է այդ ոլորտը: Այն բոլոր ոլորտները, որտեղ ներգրավված են գումարային մեծ ծավալներ, առաջին հերթին բիզնես տեսանկյունից են դիտարկվում»,-ասաց նա:

Ըստ Թումանյանի` նախագծով նաև սոցիալական արդարության խնդիր է առաջանում: «Այսօր մենք չենք կարող վստահությամբ ասել, որ բոլոր աշխատանքային ֆոնդերը և գումարները բացառապես դուրս են ստվերից: Մարդիկ ասում են` ինչու՞ հավասար սկզբունքով, սոցիալական արդարությամբ չի արվում հարկումը: Վաղ թե ուշ այս համակարգը հանգեցնելու է նրան, որ առաջանալու է սոցիալական շերտավորում, և մարդիկ սկսեն իրար ատել, որովհետև, այսպես ասած, մեկն «ուտում է» մյուսի գրպանի փողը:

Այս համակարգը կարող է աշխատել, օրինակ, 40 տարի հետո, ոչ հիմա. հիմա կառաջացնի սոցիալական պառակտում, սոցիալական լարվածություն, արդյունքում իշխանությունները ստիպված են լինելու վերանայել այդ որոշումը»,-նշեց Լիլիթ Թումանյանը` ընդգծելով նաև, որ ցանկացած համակարգ լավ կաշխատի, եթե նրանում դրվեն ոչ թե էմոցիոնալ, այլ` ռացիոնալ հիմքեր:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ