Գլխավոր էջ Գլխավոր Ինչպե՞ս խնամել մինչև մեկ տարեկան երեխայի բերանի խոռոչը

Ինչպե՞ս խնամել մինչև մեկ տարեկան երեխայի բերանի խոռոչը

1147
0

Բոլորին է հայտնի, թե որքան կարոևոր է փոքրիկի բերանի խոռոչի գրագետ խնամքը: Իսկ թե ինչպես այն կազմակերպել, MedMedia.am-ը զրուցել է մանկական ստոմատոլոգ Աշխեն Մաշուրյանի հետ: «Ըստ իմ պրակտիկայի՝ ծնողների 5%-ը միայն կանոնավոր կերպով օրական 2 անգամ լվանում են իրենց փոքրիների ատամները, 23%-ը լվանում է օրական մեկ անգամ, 2%-ը լվանում է ժամանակ առ ժամանակ, իսկ 70%-ը չի լվանում ընդհանրապես»,-ասաց բժշկուհին ու վստահություն հայտնեց, որ հենց այս ցուցանիշներն են պատճառը, որ 10-ը փոքրիկից 9-ը ունի կարիեսով ախտահարված ատամներ։ Իսկ երբվանի՞ց պետք է սկսել լվանալ ատամիկները հարցին ի պատասխան ստոմատոլոգը նշեց. «Երեխայի բերանի խոռոչը պետք է խնամել ծնված օրից և դրանից առաջ։ Բոլորին հայտնի է, որ հղիության ժամանակ մայրիկի ճիշտ սննդակարգը ուղղակիորեն կապված է փոքրիկի ատամիկների հետագա առողջության հետ, չէ որ կաթնատամների և մշտական որոշ ատամների սաղմանադրումը տեղի է ունենում ներարգանդային կյանքում»: Աշխեն Մաշուրյանի խոսքով՝ ցանկալի է մաքրել բերանի խոռոչը, լնդերի և թուշիկների արանքը, նոր ծկթած ատամիկը հետևյալ միջոցներով․

1. Հատուկ անձեռոցիկներով՝ նախատեսված բերանի խոռոչի խնամքի համար

2. Ստերիլ թանզիվով՝ տացացրած եռացած ջրի մեջ

3. Հատուկ սիլիկոնե խոզանակով, որը հագնում է մատին։

Սրանք լավ մաքրում են բերանի խոռոչը և մերսում լնդերը։ Բժշկուհին հորդորեց եռացրած ջրի մեջ դնել այն բոլոր խաղալիքները, որոնք երեխան տանում է բերանը։ «Մի համբուրեք Ձեր փոքրիկի շրթունքներից, որովհետև Ձեր բերանի միկրոֆլորան կփոխանցեք նրան։ Նույն պատճառով մի փչեք երեխայի ճաշիկին՝ հովացնելու նպատակով կամ դեմքին՝ նրան ուրախացնելու համար»,-ասաց ստոմատոլոգն ու հավելեց. «Չի կարելի լիզել երեխայի ծծակը կամ մատիկը, երբ այն փոքրիկը թաթախել է ճաշիկի մեջ»։ Եզրափակելով զրույցը բժշկուհին նշեց, որ արդեն մեկ տարեկանին մոտ տարիքում, պետք է գնել խոզանակ՝ փափուկ և փոքր գլխիկով, որպեսզի նա առաջին փորձերն անի ինքնուրույն խոզանակը բերանը տանելու և պլանավորել առաջին այցը ատամիկների փերիի մոտ։

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ