Գլխավոր էջ Գլխավոր Թրամփը հայտնել է «չինական վիրուսի» հետևանքով «շատ առանձնահատուկ մարդու» մահվան մասին

Թրամփը հայտնել է «չինական վիրուսի» հետևանքով «շատ առանձնահատուկ մարդու» մահվան մասին

406
0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրում կորոնավիրուսային իրավիճակի հետ կապված ամենօրյա ճեպազրույցը սկսել է մահվան լուրով: Նա նշել է, որ «շատ առանձնահատուկ մարդ»՝ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հերման Քեյնը, մահացել է կորոնավիրուսից, գրում է Daily Mail-ը:

Հատկանշական է, որ Թրամփը «կորոնավիրուս» ասելու փոխարեն կրկին օգտագործել է «չինական վիրուս» վիճահարույց տերմինը, որը, ըստ քննադատների, ռասիստական է:

«Ճեպազրույցը սկսում եմ հրաշալի մարդու մահվան առնչությամբ ցավակցություն հայտնելով: Նա շատ առանձնահատուկ մարդ էր: Դժբախտաբար, նա մահացավ չինական վիրուսից: Եվ պետք է ասեմ, որ Ամերիկան ողբում է բոլոր 150 000 ամերիկացիների մահը: Նրանց կյանքը խլեց սարսափելի, անտեսանելի թշնամին»,-ասել է նախագահը:

Բրիտանական պարբերականը նկատում է, որ միևնույն ժամանակ Թրամփն իր ցավակցական խոսքում խուսափել է նշել, որ հանգուցյալը վարակվել և հիվանդանոց է տեղափոխվել գործող նախագահի՝ հունիսին Տալսա քաղաքում կազմակերպված մարդաշատ հանրահավաքին մասնակցելուց մի քանի օր հետո: Քեյնը հիվանդանոցում մոտ մեկ ամիս է անցկացրել, ինչից հետո մահացել է:

Նշենք, որ արդեն երրորդ շաբաթն անընդմեջ ԱՄՆ-ում կորոնավիրուսային վարակով պայմանավորված մահվան դեպքերի շարունակական աճ է նկատվում: Իրավիճակն առավել ծանր է Արիզոնա, Կալիֆոռնիա, Ֆլորիդա և Տեխաս նահանգներում, որտեղ հիվանդանոցները լեփ-լեցուն են: Նահանգների շարքում մահվան ելքով դեպքերի թվով առաջատարը Տեխասն է, որտեղ մեկ ամսում մոտ  4300 հիվանդ է մահացել: Ըստ worldometers.info կայքի՝ ԱՄՆ-ում գրանցվել է վարակման ավելի քան 4,5 մլն դեպք:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ