Գլխավոր էջ Գլխավոր «Արտակարգ դրությունը երկարաձգելու ոչ մի իրավական հիմք չկա»․ Տիգրան Աթանեսյան

«Արտակարգ դրությունը երկարաձգելու ոչ մի իրավական հիմք չկա»․ Տիգրան Աթանեսյան

478
0

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հոդված է ներկայացրել, որում նա անդրադառնում է Հայաստանում հայտարարված արտակարգ դրության իրավաչափության խնդիրներին։

«Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարվել է մի քանի անգամ և բոլոր դեպքերը  պայմանավորված են եղել հանրահավաքների, փողոցային բախումների, զանգվածային անկարգությունների  պայմաններում  սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգը վերացնելու  անհրաժեշտությամբ։

ՀՀ Սահմանադրության և օրենսդրության վերլուծությունը ցույց է տալիս, որ  արտակարգ դրություն հայտարարելու միակ հիմքը սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգն է  /Սահմանադրության 120-րդ հոդված/։

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետում սահմանվում է. «Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ներառյալ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու, իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը և գործունեությունը, արտակարգ իրավիճակները:

Այս դրույթի վերլուծությունը վկայում է, որ ոչ բոլոր զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, արտակարգ իրավիճակները և այլն  կարող են հիմք հանդիսանալ արտակարգ դրություն  հայտարարելու համար. միայն այնպիսիք, որոնք սպառնում են սահմանադրական կարգին։

Ուստի, Կառավարությունը արտակարգ դրություն հայտարարելիս  պետք է հիմնավորի, թե թվարկված իրավիճակները ինչպես, ինչ կերպ են անմիջապես սպառնում սահմանադրական կարգին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտակարգ դրության  իրավական ռեժիմը   ՀՀ ամբողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում հայտարարվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև նրանց պաշտոնատար անձանց գործունեության իրավական հատուկ ռեժիմ է, որի պայմաններում  առկա է սահմանադրական հիմք՝ էականորեն սահմանափակելու  մարդու իրավունքներն ու ազատությունները, օրենսդիրը, առաջնորդվելով համաչափության սկզբունքով, սահմանել է, որ արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի վերացումն առանց դրա անհնարին է:

Այսինքն` ինքնին սահմանադրական կարգին  սպառնացող անմիջական վտանգը դեռևս բավարար չէ երկրում արտակարգ դրություն հայտարարելու համար. պետք է հստակ լինի, որ որևէ  այլ միջոցով այդ վտանգը հնարավոր չէ վերացնել։ Սա համաչափության սկզբունքի անհրաժեշտության տարրն է,  սակայն մինչ այդ մյուս երկու տարրերը ևս պետք է ապահովված լինեն, այն է` պիտանիությունն ու չափավորությունը։

Այժմ անդրադառնանք  երկու հարցի. արդյո՞ք  ստեղծված արտակարգ իրավիճակը  սպառնում էր սահմանադրական կարգին և եթե այո,  արդյո՞ք առանց արտակարգ դրություն հայտարարելու հնարավոր չէր  վերացնել այդ սպառնալիքը /ուշադրություն ենք հրավիրում այն փաստին, որ, թեև  կորոնավիրուսը տարածված է աշխարհի 180 երկրներում, արտակարգ դրության իրավական ռեժիմ հայտարարված է դրանցից մոտ երկու տասնյակում. Ղազախստան, Իտալիա, ԱՄՆ, Իսպանիա, Չեխիա, Էստոնիա, Ռումինիա, Բուլղարիա, Հունգարիա, Սլովակիա, Լատվիա, Սերբիա, Ավստրալիա, Պորտուգալիա և այլն/։

րտակարգ դրություն հայտարարելու մասին  կառավարության որոշման մեջ փորձ է արվել,  այսպես ասած, «հիմնավորել», որ համաճարակը  սպառնում է սահմանադրական կարգին, և որևէ այլ եղանակով հնարավոր չէ  այն կանխել:

Որոշման նախաբանում ասվում է. «հիմք ընդունելով այն, որ Սահմանադրության 120-րդ հոդվածը Կառավարությանը լիազորում է երկրում արտակարգ դրություն հայտարարել սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում և այն, որ վարակի տարածումը զանգվածաբար սպառնում է մարդկանց կյանքին ու առողջությանը, և նման արտակարգ իրավիճակը կարող է անմիջական սպառնալիք հանդիսանալ սահմանադրական կարգի համար` վտանգելով սահմանադրական կարգի՝ Սահմանադրության հոդված 1-ով սահմանված սոցիալական պետության բաղադրիչը և, հաշվի առնելով Սահմանադրության հոդված 3-ով սահմանված` մարդու` որպես բարձրագույն արժեք հանդիսանալու սահմանադրական կարգավիճակը, ինչը պետությանը պարտավորեցնում է միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի ու առողջության պաշտպանության համար …»:

Կառավարությունն ըստ էության, ոչ միայն չի հիմնավորում սահմանադրական կարգին անմիջական սպառնացող վտանգի առկայությունը, այլ հաստատում է  նման վտանգի բացակայությունը, գործածելով միայն «կարող է  սպառնալ» արտահայտությունը, այնինչ Սահմանադրությունը խոսում է ոչ թե  հնարավոր կամ թվացյալ, այլ իրական սպառնալիքի մասին, ընդ որում՝ անմիջական /այսինքն, սահմանադրական կարգին պատճառվելիք վնասը պետք է վրա հասնի հաջորդող ժամանակահատվածում` արժանահավատությանը մոտ հավանականությամբ/։

Տվյալ դեպքում, արտակարգ դրություն   հայտարարելը պետք է վերացներ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգը, այսինքն, Կառավարությանը և պարետատանը պետք է հաջողվեր առնվազն վերահսկելի դարձնել համավարակի տարածումը և կառավարել ռիսկերը` թույլ չտալով հանրային առողջապահական համակարգի կազմաքանդում: Մինչդեռ Կառավարության ղեկավարի և ՀՀ առողջապահության նախարարի կողմից արձանագրվել է համավարակի` վերահսկողությունից դուրս գալը: Արտակարգ դրության պայմաններում, որի նպատակը համավարակի տարածման կանխումն էր,  ոչ միայն չի ապահովվել, այլև  ձախողվել է պայքարը համավարակի դեմ: Եթե  արտակարգ դրություն հայտարարելու օրը  վարակակիրների թիվը 27 էր, ապա  14.07.2020 թվականի դրությամբ այն 3401 է, այսինքն` վարակակիրների թիվն արտակարգ դրության պայմաններում ավելացել է  1259  անգամ։

Այս համատեքստում, եթե սահմանադրական կարգին սպառնացող վտանգը համավարակի տարածումն էր, ապա պետք է հետևություն անել, որ սահմանադրական կարգը տապալված է։  Սակայն  խնդիրը այն է, որ ի սկզբանե չի եղել սահմանադրական կարգն սպառնացող անմիջական վտանգ,  հետևաբար այն տապալվել չէր կարող։

Որոշման մեջ առանց որևէ հիմնավորման նշվում է, որ    «այլ եղանակով հնարավոր չէ»  վերացնել այդ սպառնալիքը։  Նման մոտեցումը  ոչ միայն բավարար չէ, այլև տավտոլոգիայի տպավորություն է թողնում։ Արհեստականորեն,  առանց հիմնավորման ասվում է, որ առկա է սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգ, ապա ենթադրությունների դաշտում նշվում է,  որ այն այլ կերպ հնարավոր չէր հաղթահարել ու հայտարարվում է արտակարգ դրության ռեժիմ։ Այնինչ, արտակարգ դրությունն այն ծայրահեղ, բացառիկ միջոցն է, որը հայտարարվում է սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգը կանխելու բոլոր հնարավորությունները սպառելուց հետո։ Այն ոչ մի դեպքում չի կարող դիտվել որպես առողջապահական հիմնահարցերի լուծման սովորական գործիքակազմ։

Իսկ այլընտրանք առկա է։

«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքով սահմանվում են բոլոր իրավական նախադրյալները` առանց արտակարգ դրություն հայտարարելու, բնակչությանը համավարակներից պաշտպանելու համար։ Մասնավորապես, համաճարակի հետևանքով առաջացած վիճակը դիտվում է որպես այդ օրենքի իմաստով արտակարգ իրավիճակ (հոդված 1), բնակչության պաշտպանությունը ենթադրում է արտակարգ իրավիճակներում մարդկանց կյանքի և առողջության պաշտպանություն (հոդված 1), արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնական միջոցառումների թվին օրենքով դասվում է նրա պաշտպանությունը մանրէաբանական նյութերից (հոդված 5, կետ դ), այդ միջոցառումների թվին են դասվում նաև աղետի գոտում, այսինքն, արտակարգ իրավիճակների հետևանքով տուժած տարածքում (բնակավայրում, օբյեկտում) կամ տարածքի մի մասում (հոդված 1) հասարակական կարգի պահպանության ուժեղացումը (հոդված 5, կետ զ),  աղետի գոտում քաղաքացիների, տրանսպորտային միջոցների տեղաշարժման, բեռների ներմուծման և արտահանման կանոնակարգումը (հոդված 5, կետ ը), անհրաժեշտության դեպքում, աղետի գոտում ոչ պետական սեփականություն համարվող գույքի տիրապետումը և օգտագործումը` հետագա համարժեք փոխհատուցմամբ (հոդված 5, կետ ժ) և նույնիսկ, պատկերացնու՞մ եք, առանց արտակարգ դրություն հայտարարելու` աղետի գոտում կարանտինային և այլ սանիտարահակահամաճարակային միջոցառումների իրականացումը (հոդված 5, կետ ժբ), բնակչության բժշկական սպասարկման իրականացումը (հոդված 5, կետ ժդ), բնակչության պաշտպանության ապահովման աշխատանքների կատարման նպատակով աշխատունակ քաղաքացիների (նրանց համաձայնությամբ) ներգրավումն արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման գործընթացին` ըստ մասնագիտական և անհատական հատկանիշների (հոդված 5, կետ ժզ): Բացի այդ` համաձայն օրենքի նույն հոդվածի երկրորդ պարբերության` անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունն աղետի գոտում կարող է ստեղծել կառավարման հատուկ մարմիններ:

Վերոնշյալ  օրենքում շատ հստակ սահմանվում են ՀՀ կառավարության, պետական կառավարման համակարգի և այլ  մարմինների լիազորությունները ու ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների իրավասությունը (հոդվածներ 12, 13, 14, 15, 16 և 17), բնակչության պաշտպանության սկզբունքները (հոդված 6), որոնցից մեկի համաձայն`մարդկանց կյանքի և առողջության ապահովումը գերակայություն է (հիշու՞մ եք արտակարգ դրություն հայտարարելու համատեքստում տարբեր ամբիոններից այս սկզբունքի կարևորության մասին ճամարտակությունները, որպես արտակարգ դրություն հայտարարելու և այն երկարաձգելու գերակա, անքննելի հիմք):

Նշենք նաև, որ Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին ՀՀ օրենքի 18-րդ  հոդվածը Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու պարտավորեցնում է մասնակցել արտակարգ իրավիճակների հետևանքներից բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացմանը, իսկ 23-րդ հոդվածը նախատեսում է, որ պաշտոնատար անձինք և քաղաքացիներն այդ օրենքի պահանջները խախտելու, ինչպես նաևարտակարգ իրավիճակների առաջացման պայմաններ և նախադրյալներ ստեղծելու համարպատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվածկարգով:

Շատ ուշագրավ է 5 հոդվածի դ կետը, որը պարտավորեցնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին  արտակարգ իրավիճակներում բնակչությանը ապահովել անվճար  պաշտպանիչ միջոցներով։

Կարելի է մտածել, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանումը ի սկզբանե հետապնդել է այլ, ոչ իրավաչափ նպատակ՝ չանցկացնել ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական հանրաքվեն և սահմանափակել հավաքների ազատությունը։

ՌԴ-ում հուլիսի 1-ին անցկացված սահմանադրական հանրաքվեն վկայում է, որ համավարակի պայմաններում հանրաքվեի անցկացումը, անվտանգության որոշակի միջոցառումների պայմանով, միանգամայն հնարավոր է։

Ինչ վերաբերում է հավաքների ազատությանը, ապա պետք է նկատել, որ այլոց առողջության  պաշտպանության  նպատակով հավաքների ազատության սահմանափակման այլ իրավական հիմք ստեղծելու անհրաժեշտություն չկար, քանի որ  Սահմանադրության 44-րդ հոդվածի  5-րդ մասում դա նախատեսված է /բայց ոչ տոտալ արգելքի/։

Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքի 18 հոդվածի համաձայն` եթե հավաքի մասին լիազորմարմին ներկայացված իրազեկումից կամ նրա տրամադրության տակ գտնվող այլտեղեկություններից պարզ է դառնում, որ նախատեսված հավաքի ժամանակը, վայրը կամեղանակը անմիջականորեն կարող են հանգեցնել այլ անձանց հիմնական իրավունքների կամհանրության շահերի անհամաչափ սահմանափակման, ապա լիազոր մարմինը հավաքիանցկացման համար կազմակերպչին կարող է առաջադրել հավաքի անցկացման ժամանակին, վայրին կամ եղանակին վերաբերող պայմաններ։

Այս սահմանափակումները մինչ այժմ սովորական պայմաններում կիրառվել են և միշտ արդյունավետ վերահսկվել ոստիկանության կողմից։ Տվյալ դեպքում, վերահսկողությունը կարող էր իրականացվել պաշտպանիչ միջոցների, սոցիալական հեռավորության և այլ պահանջների պահպանման նկատմամբ։ Դա կլիներ տրամաբանված, հաշվի առնելով, որ օրինակ, խանութներում կամ այլ վայրերում որոշակի պահանջների պահպանմամբ բազմաթիվ անձանց ներկայությունը մեկ տարածքում թույլատրված է։ Այնինչ, տվյալ դեպքում ընտրվել է հավաքների իրավունքի տոտալ արգելափակումը։

Այսպիսով` հետևությունը մեկն է. արտակարգ դրությունը երկարաձգելու ոչ մի իրավական հիմք չկա։ Առավել անհամաչափ է հավաքների ազատության բացարձակ արգելքը:

Կարծում ենք, պարզ է, թե ինչու է Կառավարությունը երկարաձգում արտակարգ դրությունը և անում հնարավորը՝ կորոնավարակի ամբողջ շրջանում այն պահպանելու,  իր քաղաքական խնդիրները լուծելու համար: Կստացվի՞ դա իր մոտ, ժամանակը ցույց կտա»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ