Գլխավոր էջ Գլխավոր Կորոնավիրուսը կարող է ախտահարել մի շարք օրգաններ

Կորոնավիրուսը կարող է ախտահարել մի շարք օրգաններ

620
0

SARS-CoV-2 կորոնավիրուսը ախտահարում է ոչ միայն շնչուղիները այլեւ շատ այլ օրգաններ, ուստի չարժե COVID-19-ը դիտարկել միայն որպես շնչառական հիվանդություն: Այս մասին հայտնում են Կոլումբիական համալսարանի (ԱՄՆ) գիտնականները: Ակնարկը, որում բացահայտվում են կորոնավիրուսի հետեւանքով առաջացող բոլոր վտանգավոր ախտանիշները, հրապարակվել է Nature Medicine ամսագրում:

Կորոնավիրուսը կարող է առաջացնել թրոմբոտիկ բարդություններ՝ կապված արյան մակարդելիության մեծացման, սրտամկանի դիսֆունկցիայի եւ առիթմիայի հետ, կորոնար սուր համախտանիշներ, երիկամիների սուր ախտահարում, աղեստամոքսային ախտանիշներ, հեպատոցելյուլար անբավարարություն, հիպերգլիկեմիա եւ կետոզ: Այս վիրուսը կարող է նաեւ առաջացնել նյարդաբանական խանգարումներ, աչքերի եւ մաշկի ախտահարումներ: Ավելին՝ մեծ թվով պացիենտներ (մոտ 5-10 տոկոսը) դիալիզի կարիք ունեն: Իսկ նյարդաբանական ախտանիշները հանդիպում են բոլոր պացիենտների երրորդ մասի մոտ, ինչը եւս անչափ լուրջ թիվ է:

Գիտնականները ախտանիշների բազմազանությունը բացատրում են այն հանգամանքով, որ բջիջները վարակելու համար կորոնավիրուսը կապվում է ACE2 բջջային ռեցեպտորի հետ, որը էքսպրեսիայի է ենթարկում օրգանիզմում շատ օրգաններ, այդ թվում՝ թոքերը: Վիրուսը ուղղակիորեն ախտահարում է բջիջները, ինչը եւ առաջացնում է բազմաթիվ խանգարումներ եւ համախտանիշներ՝ կախված ախտահարված բջիջների տեղադրությունից: Այսպես՝ արյան բարձր մակարդելիությունը եւ թրոմբների առաջացումը կարող է լինել արյունատար անոթները ծածկող բջիջների վրա ախտածինի հարձակման հետեւանք: Դրանից բացի, իր ավանդն է ունենում նաեւ իմունային համակարգի աշխատանքի խանգարումը: Սակայն սրտի ախտահարման մեխանիզմը դեռեւս պարզ չէ, չնայած ենթադրվում է, որ այս դեպքում առանցքային դեր կարող է խաղալ համակարգային բորբոքումը:

COVID-19-ի ծանր ընթացքի դեպքում բարդությունների դեմ պայքարի համար մասնագետները հանձնարարում են օգտագործել հակակոագուլյանտային դեղամիջոցներ, իսկ իմունիտետի եւ բորբոքային պրոցեսների ճնշման համար՝ ստերոիդներ (օրինակ՝ դեքսամետազոն, որի արդյունավետությունը ինֆեկցիայի ծանր ձեւերի դեպքում արդեն մի քանի հետազոտություններով ապացուցվել է):

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ