Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Սամսոն Օզարարատը խոստացել է՝ «բուժքույրերի համար օրական 100 եվրո եւ բժիշկների համար՝...

Սամսոն Օզարարատը խոստացել է՝ «բուժքույրերի համար օրական 100 եվրո եւ բժիշկների համար՝ օրական 150 եվրո»

607
0

Երկու օր առաջ Ֆրանսիայում տպագրվող «France Arménie» ամսագրի հուլիսյան համարի՝ «Ապուրի մեջ մազը» հոդվածի հրապարակումը մեր սպասածից ավելի մեծ աղմուկ բարձրացրեց։ Հոդվածում ամսագրի խմբագիրը, որը նաեւ հրապարակման հեղինակն է, ներկայացրել էր, թե կորոնավիրուսի պայքարի շրջանակներում Հայաստան կազմակերպված ֆրանսիացի բժիշկների այցն ինչ դժգոհություն է առաջացրել ֆրանսահայ բժիշկների շրջանում։ Հեղինակը եզրակացրել էր, որ այցը կազմակերպվել է բացառապես առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անկում ապրած ռեյտինգը բարձրացնելու համար։ Որ ժամանած բժիշկները կորոնավիրուսի բուժմամբ չեն զբաղվել՝ գոնե նրանց մեծ մասը, որ նրանք ռեանիմատոլոգներ են, որոնք չէին կարող մեծ օգնություն ցուցաբերել հայ բժիշկներին, որոնք հմուտ են իրենց գործի մեջ։ Որ նրանք վարձատրվել են, չնայած հումանիտար առաքելությունները, որպես կանոն, չեն վարձատրվում։ Նաեւ այն, որ Ֆրանսիայի կառավարությունը տեղեկացված չի եղել այդ այցի մասին։

Մենք համառոտ վերաշարադրել էինք այս հոդվածը՝ չպատկերացնելով, թե ինչքան շահերի ենք դիպչում դրանով։ Միայն բարձրացված աղմուկից հասկանալի դարձավ, որ «շարժել ենք անշարժելին»։ Նախ, սփյուռքի հանձնակատարի վրդովված արձագանքը հաջորդեց, ապա մի շարք սորոսական շրջանակներ եւ նրանց լրատվամիջոցները «հակահարված» տվեցին մեզ, ընդ որում՝ ոչ թե հոդվածի սկզբնաղբյուրին, այլ՝ «Հրապարակին»։

Մենք կարող էինք քաշվել մի կողմ՝ հայտարարելով, որ մենք չենք հեղինակը, այլ ընդամենը վերատպել ենք, իսկ ԶԼՄ-ների մասին օրենքը եւ անգամ Քաղաքացիական օրենսգիրքը, եթե մարդն անգամ դիմում է դատարան՝ «Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման» պահանջով, ասում է, որ անձն ազատվում է պատասխանատվությունից, եթե «հեղինակային որեւէ ստեղծագործության կամ լրատվության որեւէ միջոցի վերարտադրությունն է տարածել եւ հղում արել սկզբնաղբյուրին»։ Բայց մեզ շատ հետաքրքրեց այն աժիոտաժը, որն առաջացրեց «Ֆրանս Արմենի» ամսագիրը՝ իր հոդվածով, եւ մենք փորձեցինք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։

Հենց հաջորդ օրը սփյուռքի հանձնակատարը մեզ տված հարցազրույցում մի փոքր բացեց փակագծերը՝ ասելով․ «Խոսակցություն է տեղի ունեցել Ֆրանսիայի համայնքի որոշ կոնկրետ կազմակերպությունների հետ, որոնք ուղղակի կապված են այս պարբերականի հետ, եւ այդ մարդկանց էլ ենք դիմել։ Իրենք չեն շարժվել տեղներից, ոչ մի արդյունք չեն ապահովել դեռեւս, իսկ այդ ընթացքում սայլը տեղից շարժվել է, եւ հայտնվել են մասնագետներ, առաջին թիմում՝ ոչ ազգությամբ հայ, երկրորդ թիմում՝ արդեն ազգությամբ հայ ղեկավարի, նաեւ մեկ այլ բժշկի մասնակցությամբ։ Ու այդ մարդիկ որոշել են գալ եւ օգնել Հայաստանի Հանրապետությանը։ Ինչո՞ւմն է խնդիրը»։ Այսինքն, «թարգմանելով» ասենք՝ ֆրանսահայ բժիշկները ցանկացել են ժամանել Հայաստան, սակայն հայկական կողմի եւ Ֆրանսիայում գործող ոմն «միջնորդի» ջանքերով, որի մասին ակնարկել էր նաեւ «Ֆրանս Արմենին», այլ անձինք են ընդգրկվել պատվիրակության մեջ։

Հաջորդ օրը մի խումբ լրատվամիջոցների հարցումներին պատասխանելով՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հաղորդագրություն տարածեց․ «Ֆրանսիացի բժիշկների առաքելությունների թեմայով հարցումներին ֆրանսիական բուժանձնակազմերի երկու առաքելությունները Հայաստան են ժամանել ՀՀ իշխանությունների հրավերով, որոնք էլ ապահովել են սույն առաքելությունների կայացումն ու կազմակերպումը։ Այցերի մասին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն իրազեկվել է Հայաստանի կառավարության միջոցով եւ ներկա գտնվելով պատվիրակություններին դիմավորելիս՝ դեսպանությունը վերջիններիս Հայաստանում գտնվելու ընթացքում մշտապես կապի մեջ է եղել նրանց հետ։ Ի պատասխան ՀՀ կառավարության խնդրանքին, Ֆրանսիան հոգացել է երկրորդ պատվիրակության տրանսպորտի եւ կեցության ծախսերը։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կրկին անգամ իր երախտագիտությունն է հայտնում բուժանձնակազմերին, որոնք շատ սեղմ ժամկետներում համաձայնեցին գալ Հայաստան` խորհուրդներով աջակցելու իրենց հայ գործընկերներին»։

Այս տեքստը մեզ մոտ բազում հարցեր առաջացրեց, եւ մենք կրկին դիմեցինք դեսպանատուն՝ խնդրելով պատասխանել մեր հարցերին․

1. Հարգելի դեսպան, նշում եք, որ դեսպանությունն «այցերի մասին իրազեկվել է Հայաստանի կառավարության միջոցով»․ կառավարություն ասելով ի՞նչ նկատի ունեք՝ ո՞ր կառույցից կամ անձից է ստացվել տեղեկությունը, գրավո՞ր, թե՞ բանավոր եղանակով։ Բժիշկների այցի հետ ՀՀ ԱԳՆ-ն եւ Ֆրանսիայի ԱԳՆ-ն որեւէ կերպ առնչվե՞լ են։

2. Նշել եք, որ, «ի պատասխան ՀՀ կառավարության խնդրանքին, Ֆրանսիան հոգացել է երկրորդ պատվիրակության տրանսպորտի եւ կեցության ծախսերը»․ ի՞նչ եղանակով է ստացվել այդ խնդրանքը՝ բանավո՞ր, ո՞ւմ կողմից։

3. Եվ մի դիտարկում-հարց․ Դուք Ձեր ֆեյսբուքյան էջով կոչ եք արել ֆրանսիացի մասնագետներին՝ հունիսի 25-ին կայանալիք երկրորդ չվերթով մեկնել Հայաստան՝ 12 օրով՝ խոստանալով կեցություն 5-աստղանի «Մարիոթ» հյուրանոցում եւ ամեն օրվա դիմաց կոմպենսացիա՝ 100 եվրո՝ բուժքույրերի, 150 եվրո՝ բժիշկների համար։ Լրացուցիչ տեղեկատվության համար առաջարկել եք դիմել SOS Armeni Cote d’Azur նախագահ Սամսոն Օզարարատին։ Այսինքն, Հայաստան ժամանած ֆրանսիացի բժիշկները վարձատրվե՞լ են, եւ ի՞նչ կապ ուներ այս այցերի հետ Ս․ Օզարարատը։
Այս հարցերին մենք կարճ պատասխան ստացանք․ «Ֆրանսիայի դեսպանության մամուլի հաղորդագրությունը պարունակում եւ տալիս է բոլոր անհրաժեշտ տեղեկությունները եւ ձեր հարցերի բոլոր պատասխանները: 3-րդ հարցի ենթադրյալ պնդումները ստահոդ են, ուստի որեւէ պատասխանի չեն արժանացնի»։

Եվ իսկապես՝ պարզեցինք, որ դեսպանն իր էջով նման կոչ չի արել, սակայն մեր ձեռքում է հայտնվել մի գրություն, որն էլեկտրոնային փոստով ուղարկվել է հազարից ավելի մարդու՝ ֆրանսիացիների։ Ներկայացնում ենք այն բառացի․

«Թանկագին բարեկամներ
Հայաստանը դիմում է բոլոր կամավորներին՝ պայքարելու Covid-19-ի դեմ, որն արագ թափ է հավաքում: Մասնավորապես, կարիք ունի թոքաբորբի, վերակենդանացման, թերապեւտիկ մասնագետների, համաճարակաբանների եւ այլ բանիմաց բժիշկների, որպեսզի փոխանցեն իրենց փորձը եւ հոգ տանեն Հայաստանում հիվանդների մասին: Ֆրանսիացի բժիշկների առաջին խումբն արդեն մեկնել է Հայաստան: Հունիսի 25-ին կա եւս մեկ թռիչք, որպեսզի մեկնի եւս մեկ խումբ՝ 12 օր խնամելու հիվանդներին: Եթե ձեզանից որեւէ մեկը ցանկանում է մասնակցել այս հրատապ հումանիտար ակցիային, խնդրում ենք կապվել մեզ հետ՝ որքան հնարավոր է շուտ՝ բոլոր մանրամասների վերաբերյալ ավելին իմանալու համար (բոլոր ծախսերը փոխհատուցվում են՝ թռիչք/փոխադրում Հայաստան եւ Հայաստանից Ֆրանսիա, կեցություն՝ Երեւանի 5-աստղանի «Մարիոթ» հյուրանոցում, սարքավորումներ եւ այլն։ Բացի այդ, նրանց աշխատանքը կփոխհատուցվի՝ բուժքույրերի համար օրական 100 եվրո եւ բժիշկների համար՝ օրական 150 եվրո:
Խնդրում ենք տարածել այս տեղեկատվությունը պոտենցիալ մասնակիցների շրջանում: Մենք հույս ենք կապում ձեր կարեկցանքի եւ Հայաստանին օգնելու պատրաստակամության հետ: Լրացուցիչ տեղեկությունների կամ հաստատումների համար կարող եք կապվել SOS Armeni Կոտ դ’ Ազուր-ի նախագահի`պարոն Սամսոն Օզարարատի կամ քարտուղար Վահագն Մովսեսյանի hետ
էլփոստ․ [email protected], կամ զանգահարել 06 28 07 01 81 հեռախոսահամարով (Վահագն).
Սամսոն Օզարարատ»։

Խոսքը Նիսի հայ համայնքում հայտնի, Թուրքիայից սերված Սամսոն Օզարարատի մասին է, ով մտերիմ է ԱԺ պատգամավոր Հովհաննես Իգիթյանի եւ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի, ինչպես նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ։ Եվ եթե դեսպանը՝ պարոն Լաքոթը, հայտարարում է, որ երկրորդ այցը կազմակերպվել է Ֆրանսիայի կառավարության կողմից եւ իր ակտիվ մասնակցությամբ, ապա առնվազն պետք է տեղյակ լիներ այս գրությունից։ Ինչպես տեսնում եք, բուռն վրդովմունք առաջացրած փաստը, որ ժամանող բժիշկներն անշահախնդիր աշխատել են՝ դրա դիմաց ոչինչ չստանալով, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ