Գլխավոր էջ Գլխավոր Իսկ ինչո՞ւ են մարդիկ ստում. մասնագետի պարզաբանումը

Իսկ ինչո՞ւ են մարդիկ ստում. մասնագետի պարզաբանումը

1480
0

Անհաշվելի ասացվածքներ ու ավանդազրույցներ կան ստի ու դրա կործանարար կողմերի մասին: Սակայն դժվար թե գտնվի որևէ մեկը որ կյանքում սուտ չի խոսել:
Թե ինչո՞ւ են մարդիկ և հատկապես երեխաները ստում MedMedia.am-ի խնդրանքով պարզաբանում է հոգեբան Դոնարա Խանոյանը: «Սուտը մարդուն բնորոշ հոգեբանական պաշտպանության բնական միջոցներից մեկն է: Մարդը որպես կանոն գիտակցաբար որոշում է ընդունում, որի արդյունքում առաջանում է սուտը»,-ասաց փորձագետն ու հավելեց, որ չնայած բոլոր սոցիալական հանդիմանանքներին, մարդն օգտագործում է սուտն իր առօրյա կյանքում:
«Կյանքում մարդու մեջ միաժամանակ երկու «Ես» է առկա՝ ես- իրական, և ես-իդեալական: Եթե մարդը ստում է, ենթագիտակցորեն հոգեբանական անհարմարություն է զգում, ասել է թե տեղի է ունենում կոնֆլիկտ երկու «Ես»-երի միջև»,-ասաց մասնագետը:
«Մարդը դժվարանում է ճիշտ խոսելուց, քանի որ վախենում է չհասկացված լինելուց, իր ճշտի սխալ մեկնաբանումներից, համապատասխանաբար որպես հասարակության անդամ իր դիրքը կորցնելուց»,-մանրամասնեց Դոնարա Խանոյանն ու շարունակեց. «Եվ երբ սեփական փորձերի արդյունքում ունենում է ճշտին հակազդեցություններ, դիմում է իր ես-ի պահպանման այլ տարբերակին: Եվ այդպես մարդը կրում է տարատեսակ դիմակներ»:
Երբեմն, հոգեբանի խոսքով, մարդն անգամ իրենից է թաքցնում շատ բաներ, և սա կարծես թե ներքին դիմակն է, որն օգնում է երբեմն հաշտվել ինքդ քեզ հետ:
«Իհարկե միայն վախը չէ ստի կիրառման դրդապատճառ: Կարելի է նաև նշել ուրիշների վրա տպավորություն գործելու հակվածությունը, ինքնագնահատականի արհեստական բարձրացման միտումը, սեփական ես-ի հետ անհաշտ լինելը, երևակայական գործոնները կարող են ազդել, ինքնախաբեությունը որպես խոչընդոտների հաղթահարման միջոց»,-ընդգծեց զրուցակիս:
Անրադառնալով երեխաների սուտ խոսելուն, մասնագետն ասաց. «Սուտը երեխայի համար միջոց է հասարակական կյանքում հարմարվելու համար: Պատճառները կարող են տարատեսակ լինել: Առհասարակ կարելի է նշել, որ մեծահասակների մեղավորությունը կա մանկական ստի մեջ»,-նշեց հոգեբանը:
«Բացասական հուզական ապրումները, շրջապատի նկատմամբ անվստահությունը, նեգատիվ ինքնազգացումը, ծնողների, ուսուցիչների և հասակակիցների հետ անբարենպաստ փոխհարաբերությունները, այս ամենը կարող են երեխային մղել կառուցելու իր երևակայական հրապուրիչ աշխարհը, որը փոխարինելու է գալիս իրականին»,-ասաց փորձագետը և ավելարեց, որ սուտը երեխայի մոտ ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ նրան ներկայացնում են իր հնարավորություններին անհամապատասխան պահանջներ: «Հաճախ երեխան ստում է պատժվելու վախից կամ երբ երեխան բավարար ուշադրությունից հեռու է, նրան անհրաժեշտ է որոշակի գործողություններ այդ ուշադրությունն իր վրա սևեռելու համար: Երեխան կարող է ստել նաև երբ անընդհատ լսում է բարոյախրատական ճառեր և սաստող խոսքեր, նպատակ ունենալով արդարացնել իր վարքը: Ասել է թե սուտը դառնում է նրա յուրահատուկ պաշտպանական մեխանիզմը»,-ընդգծեց փորձագետը:
Դոնարա Խանոյանի խոսքով՝ սուտը բացարձակապես նորմալ երևույթ է երեխաների համար, մանկական սուտը հանդիսանում է երեխայի խոսքի և երևակայության զարգացման արտահայտություն: «Սակայն գոյություն ունի ստի պաթոլոգիկ ձևը, որը նշանակում է սուտ ինֆորմացիայի հաղորդման, ֆանտաստիկ պատմությունների հորինման հակվածությունը: Պաթոլոգիկ ստախոսը տարբերվում է սովորականից, որ համոզված է թե ճիշտն է ասում և ապրում է իր այդ դերը: Այն առանձնահատուկ հոգեկան վիճակ է: Հիմքում ընկած է ցածր ինքնագնահատականը»,-նշեց մասնագետը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ