Գլխավոր էջ Գլխավոր Ինչո՞վ է վտանգավոր սեռական կյանքի բացակայությունը

Ինչո՞վ է վտանգավոր սեռական կյանքի բացակայությունը

1137
0
Շատերին է ծանոթ սեռական ժուժկալություն եզրույթը, բայց քչերը գիտեն թե ի՞նչ է այն իրականում և առհասարակ, ինչպե՞ս է անդրադառնում օրգանիզմի ֆունկցիաների վրա: MedMedia.am-ը թեման քննարկել է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ, դոցենտ Վրեժ Շահրամանյանի հետ: Վերջինիս խոսքով՝ իրականում ժուժկալությունը սեռական կապից լիովին զերծ մնալն է: «Ամբողջ կյանքի ընթացքում սխալ է զերծ մնալ սեռական կյանքից, որովհետև հաճույքից զատ, այն օրգանիզմի գլխավոր պահանջմունքներից մեկն է, որը, չբավարարելու դեպքում, սկսվում են սեռական «դեֆորմացիաներ», որոնք կարող են ունենալ անդառնալի հետևանքներ»,-մանրամասնեց բժիշկն ու շարունակեց. «Սեքսից հրաժարվելը կամ սեռական զսպվածությունը հաճախ է հանդիպում հատկապես ապատեղեկատվության արդյունքում»: Յուրաքանչյուր մարդու կյանքում կարող են լինել շրջաններ, երբ նա սեքսով չի զբաղվում: Բժշկական տեսանկյունից, Վրեժ Շահրամանյանի խոսքով, սեռական ցանկությունը տևական զսպելը վտանգավոր է, ընդ որում և՛ կանանց, և՛ տղամարդկանց համար: «Այս դեպքում տղամարդկանց մոտ կարող են առաջանալ ֆիզիոլոգիական, իսկ կանանց մոտ` հոգեբանական խնդիրներ»,-նկատեց սեքսոպաթոլոգը:
Վերջինիս փաստմամաբ` կնոջ հոգեբանությունն այնպես է կառուցված, որ առանց ինտիմ հաճույքների և օրգազմի կինը ժամանակի ընթացքում դառնում է դյուրաբորբոք, բնավորությունը փոխվում է ոչ դեպի լավը: «Կինն իր ինտիմ խնդիրները սկսում է տեղափոխել շրջապատի հետ շփման դաշտ. նրա հետ խոսելը, շփվելը, տարբեր հարցեր քննարկելը դժվար է դառնում»,- նշեց զրուցկիցս հավելելով, որ հոգեբանական խնդիրները կարող են վերաճել ֆիզիոլոգիականի:
Ըստ մասնագետի՝ հարկադրական սեռական ժուժկալությունը հիմնականում դրսևորվում է նևրոզանման խանգարումներով, դյուրագրգռությամբ, քնի խանգարումներով, անհարմարավետության զգացումով, սեքսուալ թեմայի շուրջ հիվանդագին սևեռումով և այլն: «Սեռական ժուժկալության դրսևորումները ցայտուն են արտահայտված հիմնականում պատանիների մոտ` սեռական հասունացման շրջանում: Հասուն մարդիկ և տարեցները սեռական ձեռնպահությունը թեթև են տանում»,-ավելացրեց Վրեժ Շահրամանյանն, ընդգծելով, որ նման դեպքում հատուկ ֆիզոլոգիական պաշտպանական մեխանիզմ է երազախաբությունը, որը թեթևացնում է տղամարդկանց մոտ տանջալից դրսևորումները:
Մսնագետը հարկ համարեց նշել, որ պարբերական սեքսը հրաշալի միջոց է գինեկոլոգիական տարբեր խնդիրների լուծման համար: «Հազվադեպ և անկանոն սեռական կենսակերպը կարող է առաջացնել հորմոնային խախտումներ: Բացի դրանից, սեռական զսպվածությունը նաև կարող է հանգեցնել հետագայում օրգազմի խանգարման»,-ասաց նա:
Սեքսապաթոլոգն ընդգծեց, նաև, որ տղամարդկանց մոտ սեռական կյանքի բացակայությունը նույնպես անհետևանք չի մնում. առաջանում են կանգային երևույթներ սեռական օրգաններում, ինչը հետագայում կարող է որոշ սեռական խանգարումների առաջացման պատճառ դառնալ:
«Հաշվի առնելով վերոնշյալը՝ սեռական արևշող կենսակերպ վարելու համար միշտ պետք է հիշել, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ»,-ամփոփեց զրուցակիցս:
Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ