Գլխավոր էջ Գլխավոր Ճարպոտ մաշկի առանձնահատկություններն ու խնամքը

Ճարպոտ մաշկի առանձնահատկություններն ու խնամքը

1669
0
Հաճախ սխալ խնամքի հիմնական պատճառն այն է, որ մենք չենք ճանաչում սեփական մաշկը: Ուստի այս հրապարակմամբ պարզենք թե իննչ ասել է ճարպոտ կամ յուղոտ մաշկ:
Ճարպոտ մաշկ ունեցող մարդկանց մոտ բարձր է ճարպագեղձերի ֆունկցիան, այսինքն ճարպագեղձերը արտադրում են նորմայից ավել մաշկային ճարպ: Ճարպոտ մաշկի տիպը հանդիպում է ինչպես տղամարդկանց մոտ, այնպես էլ կանանց՝ հաճախ երիտասարդ տարիքում:
Երևույթի մասին MedMedia.am-ը զրուցել է բժիշկ-մաշկաբան Սուսաննա Գյուրջյանի հետ: «Ճարպոտ մաշկը կարող է պայմանավորված լինել ժառանգականությամբ, հորմոնալ փոփոխություններով, օրինակ սեռահասունացման, հղիության ժամանակ, կարող է պատճառ հանդիսանալ ձվարանների պոլիկիստոզը»,-ասաց բժշկուհին և շարունակեց. «Մաշկի ճարպոտությունը կարող է նկատվել ստամոքս-աղիքային տրակտի որոշ ֆունկցիաների խանգարման արդյունքում, օրինակ քրոնիկ փորկապության ժամանակ, ինչպես նաև կարող է դրսևորվել որոշ սննդամթերքների չարաշահումից օրինակ ճարպոտ,կծու սննդի, քաղցրավենիքի, ինչպես նաև կարող է նպաստել գազավորված ըմպելիքի օգտագործումը»: Հարկ է նշել, որ մաշկը կարող է դառնալ ճարպոտ ոչ ճիշտ խնամքի արդյունքում և այլն:
Ճարպոտ մաշկին բնորոշ է արտահայտված ճարպային փայլը, մաշկի ամրակազմությունը, լայնացած ծակոտիները՝ մաշկը արտաքնապես հիշեցնում է լիմոնի կեղև, ինչպես նաև բնորոշ են փակ և բաց կոմեդոնները, բորբոքային էլեմենտները: Ճարպոտ մաշկ ունեցող անձանց մոտ հաճախ կարող է առաջանալ կորյակային հիվանդություն:
Մաշկաբանի խոսքով` ճարպոտ մաշկ ունեցողները պետք է միշտ ու ճիշտ խնամեն իրենց մաշկը՝ ճիշտ կատարեն տան խնամքը: «Պետք է բժիշկ մաշկաբանի, կոսմետոլոգի հետ միասին ընտրվի ճիշտ ոչ միայն տան ամեն օրյա խնամքի միջոցները, այլ նաև պետք է ճիշտ ընտրվի ըստ մաշկի տիպի ու առկա խնդրի կոսմետիկ միջոցները»,-ընդգծեց Սուսննա Գյուրջյանն ու հավելեց, որ անպայման պետք է հետևել սննդակարգին, բացառել այն բոլոր մթերքները, որոնք բացասաբար են ազդում մաշկի վրա:
Զրուցակիցս նաև տեղեկացրեց, որ մաշկի ճարպոտ տիպը ի տարբերություն չոր տիպի, ավելի շատ է ունակ պահել խոնավությունը և ճարպոտ մաշկին ավելի ուշ են առաջանում կնճիռներ: «Նշեմ, որ տարիքի հետ ճարպոտ տիպի մաշկը փոխվում է համակցված տիպի»,-ասաց նա:
MedMedia.am-ի հետևողներին մաշկաբանն առաջարկեց տնային պայմաններում ինքնուրույն կատարել հետևյալ թեսթը և հասկանալ թե իրենց մաշկի չորս տիպերից որ տիպին է պատկանում:
«Անհրաժեշտ է լվացվել, մաշկը չորացնել և ոչինչ դեմքին չքսել: Երկու-երեք ժամ անց վերցնել թղթե անձեռոցիկ և ամբողջ դեմքի մակերեսով սեխմել անձեռոցիկը,այնուհետև զգուշությամբ հանել այն»,-նշեց Սուսաննա Գյուրջյանն ու ավելացրեց. «Եթե անձեռոցիկի վրա մնացել են ճարպային հետքեր T հատվածում՝ ճակատի, քթի և կզակի, ինչպես նաև այտերի շրջանում և ունեք վերը նշված դրսևորումները /լայնացած ծակոտիներ, ճարպային փայլ և այլն/ , ապա ձեր մաշկը ճարպոտ տիպին է պատկանում, իսկ եթե միայն T հատվածում է ճարպային հետքերը,այսինքն ճակատի, քթի և կզակի շրջաններում, դա նշանակում է որ ձեր մաշկը պատկանում է համակցված տիպին»:
Եթե անձեռոցիկին հազիվ են երևում ճարպային հետքերը, զրուցակցիս խոսքով, դուք ունեք նորմալ մաշկ, իսկ եթե առհասարակ բացակայում են ճարպային հետքերը, ուրեմն ձեր մաշկը պատկանում է չոր տիպին:
«Խորհուրդ եմ տալիս դիմել բժիշկ-մաշկաբանին և կատարել խորհրդատվություն: Անհրաժեշտության դեպքում բժիշկ-մաշկաբանը կուղորդի գինեկոլոգի, էնդկրինոլոգի, գաստրոէնտերոլոգի մոտ, որպեսզի բացառվեն հնարավոր ներքին օրգան համակարգերի հետ կապված խնդիրները»,-եզրափակեց բժշկուհին:
Տաթև Առաքելայն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ