Գլխավոր էջ Գլխավոր Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևի դուստրը հայտարարել է, որ իր հորը միտումնավոր են...

Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևի դուստրը հայտարարել է, որ իր հորը միտումնավոր են վարակել

428
0

Ղրղզստանի նախկին նախագահ, ներկայում դատապարտված Ալմազբեկ Աթամբաևի դուստրը` Ալիյա Շագիևան հայտարարել է, որ երկկողմանի թոքաբորբով հիվանդացած իր հորն Ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական մեկուսարանում միտումնավոր են վարակել: Շագիևան չի հավատում երկրի իշխանությունների հնչեցրած այն կարծիքին, թե Աթամբաևը կարող էր կորոնավիրուսով վարակվել հարազատների և փաստաբանների հետ հանդիպումների ժամանակ:

«Մենք` Ալմազբեկ Աթամբաևի ընտանիքի անդամներս, համոզված ենք, որ նախկին նախագահին միտումնավոր վարակել են Ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական մեկուսարանում, որն արդեն վերածվել է վարակի բուծման վայրի: Կալանավորվածներից առնվազն 10-ի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Կալանավորներն իրենց հարազատների միջոցով մեզ տեղեկացրել են քննչական մեկուսարանի բոլոր աշխատակիցների` ներառյալ ղեկավարության մոտ կորոնավիրուսի կասկածի մասին»,-գրել է Շագիևան իր ինսթագրամյան էջում:

Աղջիկն անհանգստացած է այն առնչությամբ, որ իր հորը բուժում են կասկածելի դեղամիջոցով:

«Մենք իմացել ենք, որ հինգշաբթի օրվանից քննչական մեկուսարանի աշխատակիցները Ալմազբեկ Աթամբաևին կեղծ գիտական հոմեոպաթիկ դեղամիջոցներ արտադրող «Մատերիա Մեդիկա Հոլդինգ» ընկերության արտադրած «Էրգոֆերոն» դեղամիջոցն են տվել: 2018 թվականին Կրթության և գիտության նախարարությունը «Մատերիա Մեդիկա Հոլդինգ»-ին հակամրցանակ էր շնորհել որպես ամենավնասակար կեղծ գիտական ծրագիր: Կարծում ենք, որ 2019 թվականի օգոստոսի 7-8-ին Ալմազբեկ Աթամբաևի դեմ չկայացած մահափորձը շարունակություն է ստացել նման ստոր ձևով»,-նշել է Շագիևան:

Նրա խոսքով՝ Ղրղզստանի ժողովուրդը մոտ է նոր հեղաշրջում անելուն:

«Հայրիկը հատուկ պոլիկլինիկայում է գտնվում, նրա վիճակի և բուժման մասին մենք ոչինչ չգիտենք, բայց մի բան կարող եմ հստակ ասել. եթե իշխանության ներկայացուցիչներն անփութություն դրսևորեն կամ ինչ-որ վնաս հասցնեն, առաջին հերթին կվնասեն հենց իրենց: Որովհետև մարդիկ արդեն հարմար պահի են սպասում հեղաշրջման համար: Իշխանությունները զզվեցրել են բոլոր ադեկվատ մարդկանց: Պարզ է նաև, որ իշխանությունների վրա չեն ազդում ոչ խաղաղ քայլերթերը, ոչ դատերը, ոչ սոցիալական ցանցերում բողոքները, ոչ էլ այլ քննադատություններ: Նրանք աթոռներին նստեցնում են իրենց պես մարդկանց, իսկ ազնիվ և իրենց անհարմար մարդկանց ուղարկում են բանտեր: Ամեն օր ես նամակներ եմ ստանում մարդկանցից, որոնք պատրաստ են դուրս գալ և ավելի կոշտ պայքարել: «Ե՞րբ է հեղափոխությունը»: Ահա այսպիսի տրամադրություն է ստեղծում հասարակության մեջ իշխանությունների պահվածքը»,-գրել է նախկին նախագահի դուստրը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին երկկողմանի թոքաբորբով Ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական մեկուսարանից տեղափոխել են հիվանդանոց:

Բիշքեկի Մայիսմեկյան շրջանային դատարանը Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին դատապարտել է 11 տարի 2 ամիս ազատազրկման: Պետության նախկին ղեկավարը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի համար՝ քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ապօրինի ազատ արձակելու գործով:

Աթամբաևը Ղրղզստանի նախագահ է եղել 2011-2017 թվականներին: Նա ընտրությունների արդյունքում իշխանությունը փոխանցել է Սոորոնբայ Ժեենբեկովին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ