Գլխավոր էջ Գլխավոր Ինչպե՞ս անվտանգ և ճիշտ տոնային կրեմ ընտրել

Ինչպե՞ս անվտանգ և ճիշտ տոնային կրեմ ընտրել

3094
0

Դժվար գտնվի մի կին որ «կհամարձակվի» կարևոր միջոցառման գնալ առանց տոնային կրեմի: Բայց, համաձայնեք, որ շատերս չարաշահում ենք դրանց կիրառությունը, ինչը հղի է տարաբնույթ խնդիրներով: Հենց այս մասին MedMedia.am-ը զրուցել է բժիշկ-մաշկաբան Սուսաննա Գյուրջյանի հետ:

«Լավ, որակյալ տոնային քսուկը չի կարող լինել էժան։ Դրանք չեն կարող պարունակել մաշկին անհրաժեշտ, օգտակար բաղադրիչներ, այդ պատճառով կարող են մաշկը վնասել՝ առաջացնելով մաշկի խնդիրներ՝ խցանել ծակոտիները, որը կարող է նպաստի կոմեդոնների, բորբոքային էլեմենտների առաջացմանը, ինչպես նաև կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել»,-շեշտադրեց բժշկուհին ու հավելեց. «Որակյալ տոնային քսուկները ունեն բավականին լավ բաղադրիչներ՝ վիտամին E, հակաօքսիդանտներ, հիալուրոնաթթու և այլն, ինչպես նաև ժամանակակից տոնային քսուկները մեծամասամբ պարունակում են SPF, մաշկը պաշտպանելով ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից»: Սակայն պետք է կարողանալ ճիշտ ընտրել և կիրառել տոնային քսուկը: Առաջին հերթին, ըստ մաշկաբանի, պետք է տոնային քսուկը ընտրել ըստ մաշկի տիպի, քանի որ այս դեպքում յուրաքանչյուր տոնային քսուկ պարունակում է համապատասխան մաշկին անհրաժեշտ բաղադրիչներ: «Օրինակ չի կարելի օգտագործել ճարպոտ մաշկի համար նախատեսված տոնային քսուկը նորմալ կամ չոր մաշկի համար, քանզի ճարպոտ մաշկի համար նախատեսված տոնային քսուկը ունի մանրէասպան և չորացնող հատկություն»,-ասաց նա ու ընդգծեց, որ պետք է ընտրել ոչ միայն ըստ մաշկի տիպի, այլ նաև՝ ըստ մաշկի առկա խնդրի: Օրինակ պրոբլեմատիկ մաշկի դեպքում պետք չէ օգտագործել տոնային քսուկներ, որոնք ունեն յուղային հիմք: Քանի որ, Սուսաննա Գյուջյանի խոսքով, այս դեպքում փակվում են ծակոտիները և կարող են նպաստել կոմեդոնների, ինչպես նաև նոր բորբոքային էլեմենտների առաջացմանը: «Ուշադրություն պետք է դարձնել, որ տուփի վրա գրված լինի non-comedogenic, այսինքն ոչ կոմեդոգեն և oil free, այսինքն չեն պարունակում յուղեր: Տոնային քսուկը, որը նախատեսված է հենց պրոբլեմատիկ մաշկի համար, պետք է պարունակի օրինակ նիացինամիդ,ցինկ,սալիցիլաթթու և այլն»,-նշեց մասնագետն ու շարունակեց. «Այսպիսի տոնային քսուկները, ոչ միայն ծածկում են մաշկի խնդիրները, այլ նաև ունեն բուժող ու հարթեցնող հատկություններ, ինչպես նաև կանխում են նոր բորբոքային էլեմենտների առաջացումը»: Բժշկուհին խորհուրդ տվեց, մինչև մաշկին տոնային քսուկի քսելը մաշկը մաքրել և խոնավեցնել, այդիսկ պատճառով սկզբից պետք է ըստ մաշկի տիպի լվացվելու միջոցով լվանալ մաշկը, այնուհետև տոնիկ օգտագործել և խոնավեցնող քսուկ օգտագործել, ի դեպ խորհուրդ եմ տալիս առանձին օգտագործել հատուկ քսուկներ, որոնք նախատեսված են հենց աչքերի շուրջը քսելու և դեմքի մաշկի համար: «Խորհուրդ չի տրվում ամռանը օգտագործել տոնային քսուկ, քանի որ բարձրանում է քրտնագեղձերի և ճարպագեղձերի ֆունկցիան, որի արդյունքում մաշկի ճարպը, քրտինքը և քսուկը խառնվում են իրար: Ցանկալի է չոր պուդրաների կամ տոնային ֆլյուիդի օգտագործումը»,-զգուշացրեց մաշկաբանը: Վերջինս նաև նշեց, որ չի կարելի ամեն օր օգտագործել բարձր կայունություն ունեցող տոնային քսուկ, քանի որ այս տեսակի տոնային քսուկները չեն թողնում որպեսզի մաշկը շնչի, և նպաստավոր պայմաններ է ստեղծվում մանրէների և սնկերի բազմացման համար: Ավարտելով զրույցը Սուսաննա Գյուրջյանն ասաց. «Անպայման պետք է ամեն օրվա ավարտին մանրակրկիտ լվանալ և մաքրել շպարից դեմքը նոր քնել: Անհրաժեշտ է ամեն օգտագործումից հետո, տոնային քսուկի համար նախատեսված վրձինները, սպունգերը լվանալ և ախտահանել»:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ