Գլխավոր էջ Նորություններ ԱՆ-ն սեփակա՞ն, թե՞ ԱՀԿ հաշվարկներով է առաջնորդվում

ԱՆ-ն սեփակա՞ն, թե՞ ԱՀԿ հաշվարկներով է առաջնորդվում

597
0

2020 թ. մարտի 1-ից մինչև մայիսի 25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, գրանցվել էր նոր կորոնավիրուսի 7113 հաստատված դեպք: Այս ժամանակահատվածում ընդհանուր օգտագործվել էր 51594 թեստ:

Yerkir.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ կառավարությանը՝ խնդրելով սահմանված կարգի տրամադրել սպառիչ տեղեկատվություն՝ առ այն, թե նշյալ ժամանակահատվածում.

Որքա՞ն են կազմել կրկնակի կամ ավել թեստավորված անձինք:
Կրկնակի կամ ավել թեստավորվածների մոտ քանի՞ անգամ է եղել դրական պատասխան:
Քանի՞ մարդու մոտ է եղել դրական, այնուհետև բացասական արդյունք:
Որքա՞ն է կազմում մեկ անգամ թեստավորված բացասական պատասխանով թեստերի քանակը:
Շուրջ մեկ ամիս անց՝ ՀՀ առողջապահության նախարարությունից ստացվեց մի երկտող առ այն, որ կրկնակի դեպքերը վիճակագրության մեջ չեն ներառվում, և վիճակագրությունը վարվում է ըստ դեպքի:

Նախարարությունից նաև հայտնել են, որ որոնավիրուսային հիվանդության վերաբերյալ վիճակագրական տվյալները հասանելի են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքի Կորոնավիրուսային հիվանդություն էջում:

Դատողության օրգանների գերլարումով կարելի է ենթադրել, որ ՀՀ առողջապահության նախարարությունը չունի կորոնավիրուսի բնագավառում իրականացվող միջոցառումների վերլուծություն կամ չի ցանկանում իրականացնել մասնագիտական վերլուծություն և ունենալ ավելի ստույգ վիճակագրություն։ Այս փաստն առաջացնում է և՛ զարմանք, և՛ կարող է քաղաքացիների մոտ տեղիք տալ տարբեր ենթադրությունների կամ կասկածների:

Փաստորեն՝ կապ չունի, թե մարդը քանի անգամ է թեստավորվում. նա յուրաքանչյուր անգամ համարվում է, այսպես ասած, «զրոյից թեստավորվող» անձ։ Այսինքն՝ մենք չունենք պարզ տվյալ, թե ամեն օր հայտարարվող թեստավորումների քանի՞ տոկոսն է կազմում կրկնակի, եռակի կամ ավել թեստավորում։ Բնականաբար՝ չունենք նաև մյուս հարցադրումների պատասխանները, ինչը խոսում է այն մասին, որ Առողջապանության նախարարության՝ կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված աշխատանքներում վերլուծական մասը խոցելի է։

Տպավորություն է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը չունի սեփական վերլուծական կենտրոնը և կորոնավիրուսի դեմ գործողությունների իր ռազմավարությունն ու մարտավարությունն իրականացնում է՝ ենթարկվելով բացառապես Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներին կամ առաջնորդվում է ոչ թե սեփական, այլ ԱՀԿ հաշվարկներով։

Հետևաբար՝ այն շրջանակների կարծիքը, որ ՀՀ առողջապահության նախարարությունը չունի սեփական կարծիքը և թութակի նման կրկնում է ԱՀԿ-ի դիրքորոշումները և ցուցումները (հիշենք, թեկուզ, Ա. Թորոսյանի՝ դիմակ կրելու մասին ծայրահեղ հակասական հայտարարությունները, որոնք նույնպես արդյունք էին ԱՀԿ-ի ցուցումների մեխանիկական վերարտադրման), գնալով դառնում է հիմնավոր։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ