Գլխավոր էջ Գլխավոր Մազաթափություն. պատճառները, բուժումը

Մազաթափություն. պատճառները, բուժումը

5170
0

Մարդու ամբողջ կյանքի ընթացքում մազերի «հերթափոխություն» է կատարվում: Յուրաքանչյուրի մոտ 3-4 տարին մեկ երիտասարդ մազ է ծլում, ընդ որում ծեր մազերը թափվում են:

Սակայն, եթե թափվող մազերը շատ ավելի են, քան սովորաբար է լինում, ուրեմն պետք է հետազոտվել բժշկի մոտ, ու եթե պարզվի, որ առատ մազաթափությունը հիվանդության հետևանք չէ, սկսել մազածածկույթի վերականգնմանն ուղղված միջոցառումները: Այս թեմայով Medmedia-ն զրուցել է մաշկաբան-վեներոլոգ Լուսինե Կիրակոսյանի հետ:

 Որո՞նք են  մազաթափության պատճառները:

— Մազաթափությունների պատճառներ կաորղ են հանդիսանալ ժառանգական նախատրամադրվածությունը, հորմոնալ փոփոխությունները, արագ քաշի կորուստը, ոչ ճիշտ սննդակարգը, քնի ռեժիմի խախտումները, խրոնիկական հիվանդությունները (շարքային դիաբետ, զարկերակային գերճնշում …), երկարատև հոգեկան գերլարված վիճակը, ծանր սթրեսները, հաճախակի ճանապարհորդությունները, եղանակային փոփոխությունները և այլն։

Այս խնդրով մարդկանց մոտ պետք է պարզել մազաթափության տեսակը և կատարել համապատասխան հետազոտություններ:

Կարո՞ղ են արդյոք  սննդակարգերը դառնալ մազաթափության պատճառ:

-Այո՛, կարող են։ Եթե դիետան «շատ խիստ » է և բացառում է որևէ սննդամթերք, ապա դա կարող է ոչ միայն մազաթափության հանգեցնել, այլ նաև լուրջ առողջական խնդիրների պատճառ դառնալ։ Եվ դրանից հետո ոչ միշտ է հաջողվում վերականգնել առողջությունը և մազերի նախկին խտությունը։

Գլխի մաշկի թեփոտությունը կամ յուղոտությունը կարո՞ղ է մազաթափության պատճառ հանդիսանալ։

— Իհարկե կարող են, քանի որ գլխամաշկի թեփը և յուղոտությունը հանգեցնում են գլխի մաշկի միկրոֆլորայի փոփոխության, հետևաբար նաև նրա բորբոքման։ Իսկ անառողջ գլխամաշկն արդեն մազաթափության պատճառ կարող է հանդիսանալ։

Իսկ ինչպե՞ս պարզել, թե ինչ մազաթափություն է տվյալ մարդու մոտ։

-Առաջին հերթին պետք է կատարել հիվանդի կլինիկական զննում, հավաքել անամնեստիկ տվյալներ (այսինքն պարզել, թե ինչ հիվանդություններ ունի այդ մարդը, երբ են սկսվել այս կամ այն գանգատները,ինչ հոգեվիճակում է գտնվում…)։ Դրանից հետո կատարել տրիխոսկոպիկ հետազոտություն։ Ելնելով անամնեստիկ տվյալներից և տրիխոսկոպիկ հետազոտության արդյունքներից՝ ուղղորդել հիվանդին համապատասխան կենսաքիմիական հետազոտությունների։ Միայն վերը նշվածներից հետո կարող ենք հստակ ախտորոշել մազաթափության տեսակը և համապատասխան բուժում իրականացնել։

Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում տրիխոսկոպիկ հետազոտությունը, և պարտադի՞ր է դա, թե՞ ոչ։

-Տրիխոսկոպիան մազաթափության ախտորոշման ամենակարևոր հետազոտություններից է։ Այս հետազոտության միջոցով ուսումնասիրում ենք գլխի մաշկը, մազարմատները, մազերի ցողումները։

Տրիխոսկոպիան թույլ է տալիս որոշել մազաթափության տեսակը, ակտիվությունը, բուժման ճիշտ ընտրություն կատարել և հետագայում գնահատել բուժման արդյունավետությանը։ Հետևաբար, այս հետազոտությունը ոչ թե ցանկալի է, այլ ՝ պարտադիր։

Իսկ ո՞րն է մազաթափության ամենաարդյունավետ բուժման մեթոդը։

— Կախված մազաթափության տեսակից, ակտիվության փուլից, պացիենտի առողջական վիճակից՝ բուժման մեթոդների ընտրությունը խիստ տարբեր է։ Չկա մի մեթոդ, որն արդյունավետ է բոլոր մազաթափությունների ժամանակ։

Օրինակ՝ լայն տարածում գտած մեզոթերապիա, որն առաջարկվում է ցանկացած մազաթափության դեպքում, կարող է օգնելու փոխարեն վնասել՝ ակտիվացնելով պրոցեսը։ Մոտեցումը խիստ անհատական է:

 

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ