Գլխավոր էջ Նորություններ Դդմաշեն համայնքում վարակի օջախը վերացել է. այս պահին կա 3 վարակված. համայնքապետ

Դդմաշեն համայնքում վարակի օջախը վերացել է. այս պահին կա 3 վարակված. համայնքապետ

517
0

Մայիսի սկզբին Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության բռնկման նոր օջախ։ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն՝ Դդմաշեն համայնքի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ էր սահմանվել։ Օջախի բռնկման պատճառը հուղարկավորությունն էր, երբ Հրազդանից մահացածի  հարազատները եկել էին և վարակել թաղման արարողության մասնակիցներին, ընդհանուր գյուղում 90-ից ավել մարդ էր վարակվել։

ArmDaily.am-ը Դդմաշենի համայնքապետ Ավետիս Ավետիսյանին հետաքրքրվեց, թե ինչ իրավիճակ է տիրում համայնքում։ Ավետիսյանը նշեց, որ օջախ այլևս չկա.«3 հոգու մոտ կա այս պահին վարակ։ Նրանց վիճակը լավ է, տեղափոխվել են հիվանդանոցից տուն։ Այսօր 2 բնակչի մոտ 14 օրը լրանում է, սպասում ենք իրենց թեստի պատասխանին, որ մարդիկ գնան իրենց աշխատանքին։ Ծանր թոքաբորբով դեպքեր չունենք, բոլորը լավ են»։

Հարցին՝ այդ դեպքից հետո թաղման կամ այլ մարդաշատ արարողություններ եղե՞լ են համայնքում, և ի՞նչ քայլեր են ձեռնարկում, որպեսզի նույն իրավիճակում չհայտնվեն, համայնքապետը նշեց, որ թաղումներ եղել են.«Եղել են, բայց 10 հոգուց ավել մարդ չի մասնակցել։ Անցած անգամ էլ շատ մարդ չէր եղել։ Ուղղակի այլ համայնքից էր վարակակիր մարդ եկել։ Հիմա մենք ամեն ինչ անում ենք, որ ոչ մի արարողության այլ համայնքից բնակիչներ չմասնակցեն։ Այդ դեպքում չգիտենք, ինչ ճանապարհով է Հրազդանից այդ մարդը եկել, քանի որ մենք հսկողություն էինք անում ճանապարհների վրա և բոլորին ջերմաչափում էինք։ Ճանապարհներն այդ ժամանակ փակ էին, Հրազդանից մարդ էր եկել մահացողի տուն,  այդ տան բնակիչներն էլ շատ էին՝ 7-8 հոգի, իրենք էլ վարակել էին արդեն թաղման  մասնակիցներին՝առանց իմանալու, որ վարակված են»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ