Գլխավոր էջ Գլխավոր Սովորություն ա դարձել մեզ վերագրել այնպիսի խոսքեր, որոնք չենք ասել, հետո ջախջախել...

Սովորություն ա դարձել մեզ վերագրել այնպիսի խոսքեր, որոնք չենք ասել, հետո ջախջախել այդ չասած խոսքերը․ Էդմոն Մարուքյան

455
0

ԱԺ-ն այսօր շարունակել է արտահերթ նիստը, որի օրակարգում երեկ երեկոյան քննարկված երկու նախագծերը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցերն են: Դրանցից մեկով խորհրդարանական մեծամասնությունն առաջարկում էր մեկուսացման նպաստ տրամադրել պարետատան ցուցումով մեկուսացված կամ ինքնամեկուսացված աշխատող քաղաքացիներին:

Նշենք, որ  կառավարությունը դեմ էր եղել Նարեկ Զեյնալյանի ներկայացրած օրինագծին, սակայն այն առաջին ընթերցմամբ ընդունվել էր:

Այսօր արդեն պատգամավորն առաջարկել է չընդունել նախագիծն ու վերադարձնել առաջարկությունների ընդունման փուլ՝ ևս 10 օր քննարկելու նպատակով: Առաջարկը  դուր չի եկել ընդդիմադիր խմբակցություններին:

«Երկար ժամանակ, ինչ այս ճգնաժամը կա, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը առաջարկում էր նման մի նախագիծ, որով ֆինանսական աջակցություն կցուցաբերվի քաղաքացիներին։ Եվ վերջապես, կարևոր, շատ ճիշտ նախագիծ է ներկայացվել, որը մենք երեկ առաջին ընթերցմամբ ընդունել ենք։ Այժմ ես հասկանում եմ, որ կառավարության համաձայնությունը կամ չի եղել, կամ ընթացքում է փոխվել։ Դուք ասում եք, որ երկարացվի որոշ ժամանակով  նախագծի ընդունումը, ստացվում է, որ հնարավոր է՝ անգամ չընդունվի այն։ Այսինքն, խորհրդարանական մեծամասնությունը չի կարողացել համոզել կառավարությանը, որ հենց այս պահին ճիշտ է տվյալ նախագծի ընդունումը»,- ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Էդմոն Մարուքյանը։

Նարեկ Զեյնալյանը պատասխանեց, որ «Լուսավոր Հայաստան»-ի առաջարկությունը եղել է առանց տարբերության և թիրախայնության տրամադրել բոլոր քաղաքացիներին 100 000-ական դրամ, որն այդքան էլ տրամաբանական չէ։

«Էստեղ կառավարությանը համոզել-չհամոզելու խնդիր չկա, քանի որ նախագծի գաղափարը ընդունելի է եղել կառավարության համար»,- ասաց Զեյնալյանը։

Նրա խոսքերը դուր չեկան Մարուքյանին, որը նշեց, թե արդեն սովորություն է դարձել իրենց վերագրել այնպիսի խոսքեր, որոնք չեն ասել, իսկ հետո ջախջախել այդ չասած բանը։

«Մենք առաջարկել ենք 100 000 դրամ տրամադրել այն ընտանիքներին, որոնք տուժել են համավարակի ընթացքում։ Կառավարությունը մերժեց դա, մենք էլ ասեցինք, լավ, 50 000  տվեք,  ինչքան կտաք, էնքան տվեք։ Հիմա առաջարկում եք, կորոնավիրուսի համավարակից տուժած անձանց նպաստ տալ, որին համաձայն ենք։ Բայց հիմա հասկանում ենք, որ առաջին ընթերցումից հետո չի ընդունվելու այդ նախագիծը։ Ուզում եմ դրա քաղաքական հիմնավորումն իմանալ»։

Նարեկ Զեյնալյանը պարզաբանեց, որ չի առաջարկվում մերժել նախագիծը, առաջարկվում է վերադարձնել առաջարկությունների ընդունման փուլ։

«Ձեր խոսքերից այնպես է ստացվում, որ նախագիծը դուրս է գալիս շրջանառությունից, մինչդեռ դա այդպես չէ։ Վստահեցնում եմ ձեզ, որ այն կքննարկենք, և նախագիծը կմտնի երկրորդ ընթերցման ռեժիմ»,- իր խոսքն ամփոփեց նա։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ