Գլխավոր էջ Գլխավոր Ո՞վ պետք է կրի մեկուսացման նպաստի ֆինանսական բեռը՝ պետությունը, թե տնտեսվարողը․ քննարկվում...

Ո՞վ պետք է կրի մեկուսացման նպաստի ֆինանսական բեռը՝ պետությունը, թե տնտեսվարողը․ քննարկվում է նախագիծը

721
0

Այսօր ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր ԱԺ Նարեկ Զեյնալյանի ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Նախագծի համաձայն՝ վարձու աշխատողին մեկուսացման նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված՝ ժամանակավոր անաշխատունակության 14 օրացուցային օրից ոչ ավելի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար՝ սկսած երկրորդ աշխատանքային օրվանից։

Նպաստ կարող են ստանալ այն անձինք, ովքեր վարձու աշխատող են կամ ինքնուրույն իրենց աշխատանքով ապահոված անձինք, և պարետատան ցուցումով մեկուսացել կամ ինքնամեկուսացվել են։

Պետք է նշենք, որ  մարդիկ, որոնք մեկուսացման  կամ ինքնամեկուսացման ընթացքում ստացել են աշխատավարձ կամ խախտել են ինքնամեկուսացման, մեկուսացման պայմանները,  կզրկվեն նպաստ ստանալու իրավունքից։

Նարեկ Զեյնալյանը ընդգծեց, որ նպաստը կոչվում է մեկուսացման նպաստ, սակայն դրանից կարող են օգտվել և՛ մեկուսացած, և՛ ինքնամեկուսացած անձինք։

Վերջինս հայտնեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջարկ է ներկայացրել, որ նախագիծն իրականացնելու համար ողջ ֆինանսական բեռը  մնա պետության վրա, այլ կերպ ասած, նպաստը տրամադրի պետությունը, և գործատուն մասնակցություն չունենա այդ հարցում։

«Եթե հիմնարկն ամբողջովին դադարում է գործել պարետի ցուցումով, ապա նպաստը չի գործում։ Այս դեպքում ոչ թե անձն է մեկուսացվել կամ ինքնամեկուսացվել, այլ պարետի ցուցումով աշխատատեղը փակված է եղել։ Նպաստը գործում է այն դեպքում, երբ տնտեսվարողը շարունակում է գործել, աշխատել, եկամուտ կա,  սակայն աշխատակիցներից մի մասը պարետի ցուցումով մեկուսացվել են կամ ինքնամեկուսացվել։ Հենց սրանով է պայմանավորված ֆինանսական բեռը կիսելու գաղափարը»,- պարզաբանեց Զեյնալյանը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը նշեց, որ եթե անգամ հիմնարկից 5 հոգի ինքնամեկուսանան կամ մեկուսացվեն, ապա տնտեսվարողը միանշանակ կտուժի։

Վերջինիս հակադարձեց Նարեկ Զեյնալյանը՝ նշելով, որ երբ աշխատակիցը որևէ հիվանդության պատճառով չի կարողանում աշխատել, ապա ստանում է ժամանակավոր անաշխատականության նպաստ։

«Տվյալ դեպքում ոչ թե հավելյալ բեռ է դրվում տնտեսվարողի վրա, այլ այդ բեռը կիսվում է տնտեսվարողի և պետության միջև։ Այսինքն՝ պետությունը կիսում է տնտեսվարողի բեռը »,- նշեց Զեյնալյանը։

Տիկին Գրիգորյանը պատասխանեց, որ ներկայացված իրավիճակը չի համապատասխանում ներկայիս իրավիճակին։

«Համավարակի պայմաններում հիվանդանալն  ու սովորական պայմաններում հիվանդանալը տարբեր իրավիճակներ են։  Սովորական պայմանններում հիմնարկում կարող են 1-2 հոգի հիվանդանալ և նպաստ ստանալ, սակայն համավարակի դեպքում հիվանդացածների թիվն առավել շատ է։ Այսօր 50 հոգի,  40 հոգի և այսպես շարունակ։ կարծում ենք, որ այդ 5 օրվա բեռը պետք է վերցնել տնտեսվարողի ուսերից»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ