Գլխավոր էջ Նորություններ Առաջարկ՝ իշխանություններին

Առաջարկ՝ իշխանություններին

503
0

Կորոնավիրուսով վարակվածների օր-օրի աճող թվերը Հայաստանի առողջապահական համակարգը կանգնեցրել է լուրջ խնդիրների առջեւ: Հիվանդանոցներում մի կողմից տեղ չկա՝ հիվանդներ ընդունելու, մյուս կողմից բուժանձնակազմի, մասնագետների լուրջ դեֆիցիտ կա: Մի մասը հիվանդացել է ու մեկուսացվել, մյուս մասը հոգնել է եւ հյուծվել, այլեւս ի վիճակի չէ սպասարկել հիվանդներին։

Չափազանց դժվար է երկար դիմանալ համավարակի պայմաններում ծանրաբեռնված աշխատանքին, մանավանդ՝ չնչին հավելավճար են ստանում, եւ նյութական շահագրգռությունն էլ դեր չի խաղում: Իսկ մարդկանց էնտուզիազմի վրա հույս դնել չի կարելի։ Եվ առողջապահության նախարարությունը՝ իր կողմից, բժշկական կենտրոնները՝ իրենց կողմից ակտիվ հայտարարություններ են տարածում, որ փնտրում են բժիշկներ, բուժքույրեր, մայրապետներ: Բայց ինչպե՞ս գտնել բավարար թվով մասնագետներ:

Ի՞նչ անել, որ առողջապահական համակարգը կոլապսի չենթարկվի, եւ նոր վարակվածներին կարողանան բուժել, ոտքի կանգնեցնել, ծանրներին պատշաճ բուժօգնություն ապահովել։ Հիմա, երբ անգամ վարչապետն է խոստովանում, որ չգիտեն ինչ անել եւ այս պայմաններում զբաղված են ընդամենը ժողովրդին ամոթանք տալով ու մարդկանց կուտակումների նկարներ տարածելով, մենք ողջամիտ առաջարկ ունենք իշխանություններին։

Առաջարկը հետեւյալն է՝ հավաքագրել բժշկության հետ կապ ունեցող բոլորին, անգամ ատամնաբույժներին, կոսմետոլոգներին, բժշկական ոլորտի այլ մասնագետների եւ շտապ դասընթացներ կազմակերպել, վերապատրաստել, սովորեցնել կորոնավիրուսի դեմ պայքարի նրբությունները, կոչ անել՝ կամավորների հավաքագրման։ Ինչպես 1992 թվականին Վազգեն Սարգսյանը մահապարտների ջոկատ էր հավաքագրում, երբ դեռ կանոնավոր բանակ չունեինք, եւ պատերազմ գնացող հերոսների կարիք կար։

Hraparak.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ