Գլխավոր էջ Գլխավոր «Ալավերդի» բժշկական կենտրոնում նոր սկանդալ է հասունանում. Medmedia-ի անդրադարձը տեղի ունեցած իրադարձություններին

«Ալավերդի» բժշկական կենտրոնում նոր սկանդալ է հասունանում. Medmedia-ի անդրադարձը տեղի ունեցած իրադարձություններին

7182
0

Հոկտեմբերի 8-ին մամուլում լուրեր շրջանառվեցին, որ Լոռու մարզպետարանում տեղի է ունեցել «Ալավերդի» բժշկական կենտրոնի տնօրենի ընտրության մրցույթը:

Մասնակցելու հայտ էին ներկայացրել գործող տնօրեն Ստեփան Մոսինյանը, Ստեփանավանի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժնի վարիչ և Վանաձորի բժշկական կենտրոնի վիրաբույժ Գևորգ Ազարյանը, Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկայի քիթ, կոկորդ, ականջաբան Անուշ Իսպիրյանը և «Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի փոխտնօրեն Հովիկ Ավետիսյանը:

Ըստ շրջանառվող լուրերի մրցույթում հաղթած թեկնածուն վիրաբույժ Գևորգ Ազարյանն է եղել: Սակայն, մրցույթում հաղթած անձին Լոռու մարզպետը փորձում է ամեն գնով չնշանակել պաշտոնի, քանի որ այդ պաշտոնի համար նախատեսված է եղել առողջապահության նախարարի մտերիմը:

Medmedia-ն, անդրադառնալով այս թեմային, կապ հաստատեց Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար  Ստեփան Մոսինյանի հետ, ով պնդում է, որ Գևորգ Ազարյանը չի հաղթել մրցույթի երրորդ փուլում, երբ ներկայացրել է բժշկական կենտրոնի առաջիկա հինգ տարվա զարգացման ծրագիր:

« Հանձնաժողովը, Գևորգ Ազարյանի զարգացման ծրագրին ծանոթանալով քվեարկել է՝ 6 դեմ 1 կողմ: Այն պնդումը, որ մարզպետը փորձում է ամեն գնով չնշանակել նրան պաշտոնի անհիմն է, քանի որ տնօրեն պետք է նշանակվի նա, ով կհաղթի բոլոր փուլերում, իսկ Գևորգ Ազարյանը չի հաղթել վերջին, վճռորոշ փուլում ».- մեզ հետ զրույցում ասաց Ստեփան Մոսինյանը:

Մենք կապ հաստատեցինք նաև Գևորգ Ազարյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ նախօրոք «դաբռո» չի ունեցել մարզպետի կողմից մրցույթին մասնակցելու այդ իսկ պատճառով երրորդ փուլում իրեն չեն ընտրել հանձնաժողովի անդամները:

« Ես հարյուր տոկոսով անցել եմ երկու փուլերը, երրորդում էլ ինձ չեն ընտրել, քանի որ հաձնաժողովի անդամները ուղղորդվում են մարզպետի կողմից: Ես իմ իրավաբանի հետ փաթեթ եմ կազմում և դիմելու եմ դատարան»,- մեզ հետ զրույցում նշեց Գևորգ Ազարյանը:

Medmedia-ն խոսել է նաև Ալավերդու բժշկական կենտրոնի գործավարուհի տիկին Հերմինեի հետ, ով նշեց, որ եթե իրենց տնօրենը չլինի Ստեփան Մոսինյանը,  ապա բժշկական կենտրոնի բոլոր աշխատակիցները գործադուլ են հայտարարելու:

« Ստեփան Մոսինյանը արդեն տասը տարի է մեր բժշկական կենտրոնի տնօրենն է և նրա կողմից իրականացված բարեփոխումներն անգնահատելի են: Բոլորս կանգնած ենք մեր բժշկի կողքին, ուրիշ թեկնածու մեր հիմնարկում չենք տեսնում»,- ասում է տիկին Հերմինեն, ով արդեն 30 տարի է աշխատում է բժշկական կենտրոնում:

Մենք կապ ենք հաստատել նաև Լոռու մարզպետարանի հետ, սակայն մարզպետարանի պաշտոնական դիրքորոշումը կհրապարակենք ավելի ուշ՝ պաշտոնական հարցման պատասխանները ստանալուց հետո:

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ