Գլխավոր էջ Գլխավոր Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի արտադրած թեստերը վաճառքում չեն լինի

Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի արտադրած թեստերը վաճառքում չեն լինի

459
0

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի արտադրած թեստերը պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ)թեստերն են։ Դրանք հենց այն թեստերն են, որոնցով ՀՀ առողջապահության նախարարությունը հաստատում է դրական դեպքերը։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք թեստերը նաև վաճառքում կլինեն և մասնավոր լաբորատորիաները կկարողանան գնել թեստերը՝ նա նշեց, որ նախարարությունը վերահսկող մարմին չէ և չունի լիազորություն որևէ բան շուկայից հանելու կամ շուկան ներմուծելու։

«Մենք ասել ենք, որ երաշխավորում ենք այն լաբորատորիաները, որոնք մեր կողմից հաստատված են գնահատման արդյունքում։ Ըստ էության՝ շուկան ազատ է, թեև Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտը արտադրելու է մեր համար՝ այս պահին ես կդժվարանամ ասել, դրանք վաճառվելու են, թե ոչ։ Ամեն դեպքում, ինստիտուտն ապահովվելու է համապատասխան հումքով, որպեսզի մենք ապահովված լինենք թեստերով»,-ասաց Նիկողոսյանը։ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտից տեղեկացրին, որ թեստերը չեն վաճառվելու։

«Ինչ արվել է՝ արվել է նախարարության միջոցով, հետևաբար ամբողջ խմբաքանակը տրամադրվելու է նախարարությանը։ Նախատեսված է արտադրել օրական 1000-2000 թեստ։ Ամեն ինչ կախված է պահանջարկից, եթե թեստերի պահանջարկը շատ մեծ չլինի՝ օրական կարտադրենք 1000 թեստ, եթե պահանջարկը մեծ լինի՝ 2000 թեստ»։

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը երեկ հայտարարել էր, որ առաջին 350 թեստերը պատրաստ կլինեն հունիսի 2-ին։ Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում պետության հետ համագործակցությամբ և անվճար հիմունքներով թեստավորում իրականացնում են «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ն և «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն՝ բժշկական ցուցումով»:

Շարունակությունը՝ armdaily.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ