Գլխավոր էջ Նորություններ Հայտարարություն ոլորտում տեղ գտած ֆիզիկական բռնության դրսևորումների վերաբերյալ. ՀԱԱԽ

Հայտարարություն ոլորտում տեղ գտած ֆիզիկական բռնության դրսևորումների վերաբերյալ. ՀԱԱԽ

13476
0

«Հայկական Առողջապահական Ազգային Խորհուրդ» կոալիցիայի հայտարարությունը ոլորտում տեղ գտած ֆիզիկական բռնության դրսևորումների վերաբերյալ:

«Հայկական Առողջապահական Ազգային Խորհուրդ» ՔՀԿ կոալիցիան հայտնում է իր մտահոգությունը առողջապահության ոլորտում վերջերս տեղ գտած ֆիզիկական բռնության դրսևորումների վերաբերյալ: Տարիներ շարունակ, ունենալով ոլորտային ծանր պայմաններ, բուժաշխատողները, հիվանդանոցների ղեկավարությունը, առողջապահության նախարարությունը ձգտել են առողջապահական խնդիրներին տալ լավագույն հնարավոր լուծումները, և նույնիսկ շատ սուր խնդիրների դեպքում պատրաստակամ են եղել բոլոր շահագրգիռ կողմերի հետ աշխատանքի արդյունքում տալ դրանց համար լավագույն լուծումները՝ կլոր սեղանի շուրջ քաղաքակիրթ կերպով բանակցելով դրանց շուրջ։

Սակայն այսօր, անկախ առողջապահության նախարարության կողմից ոլորտային պայմանների բարելավման վերաբերյալ հայտարարություններից, մենք ականատես ենք լինում վերջին ամսվա ընթացքում տեղի ունեցած երկրորդ դեպքին, երբ առաջացած հարցի լուծման գործընթացում կիրառվում է բռնություն և այն էլ բժշկական կենտրոնների նորանշանակ տնօրենների անմիջական մասնակցությամբ:

Հիվանդանոցի ղեկավարումը պատասխանատու գործընթաց է և ենթադրում է ոչ միայն հիվանդանոցի ֆինանսական հոսքերի կառավարում և բուժական գործընթացի կազմակերպում, այլ նաև հիվանդանոցում աշխատող անձնակազմի կառավարում՝ հարգանքի և իրավունքների պաշտպանության մթնոլորտում:

Հայկական առողջապահականական ազգային խորհուրդը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում, և հատկապես անընդունելի է, երբ այն տեղի է ունենում մարդասիրական այնպիսի ոլորտում, ինչպիսին առողջապահությունն է։ ՀԱԱԽ-ը հորդորում է բուժկենտրոնների ղեկավարներին և բուժաշխատողներին մնալ քաղաքավարության ու փոխադարձ հարգանքի սահմաններում, տարաձայնությունները հարթել բժշկական էթիկայի, գործընկերային հարաբերությունների, մարդու իրավունքների և օրենքի դաշտում և սպիտակ խալաթին ոչ վայել, անընդունելի վարքով չվարկաբեկել մասնագիտությունն ու համակարգը:

«Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» ՔՀԿ կոալիցիան հորդորում է ՀՀ առողջապահության նախարարությանը հետևություններ անել տեղի ունեցած տհաճ միջադեպերի վերաբերյալ, ինչպես նաև համապատասխան ստորաբաժանումներին՝
• Իրականացնել ծառայողական քննություն՝ բժշկական բարոյագիտության նորմերի խախտման դեպքերի պարզաբանման նպատակով,
• Հանդես գալ առողջապահական ոլորտում բռնության կիրառումը դատապարտող հայտարարությամբ,
• Ականջալուր լինել հնչող քննադատություններին և հաշվի առնել դրանք ոլորտային քաղաքականության մշակման գործընթացում, որպեսզի նման երևույթները հետագա զարգացումներ չունենան:

Սույն հայտարարության բովանդակության հետ համակարծիք չէ խորհրդի անդամ «Հասարակական առողջության հայկական ասոցիացիա » ՀԿ-ի անձնակազմը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ