Գլխավոր էջ Գլխավոր Թորոսյանի վարած երկակի քաղաքականությունը․ ո՞վ է նախարարի առաջին զոհը

Թորոսյանի վարած երկակի քաղաքականությունը․ ո՞վ է նախարարի առաջին զոհը

2243
0

Արսեն Թորոսյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ ստիպված են լինելու կորոնավիրուսի վերաբերյալ կեղծ և չհիմնավորված լուրեր տարածողների տվյալները փոխանցել իրավապահ մարմիններին։

Առողջապահության նախարարի հրապարակումից շատ չանցած՝ պարզ դարձավ, թե առաջինն ում տվյալներն են հայտնվելու իրավապահների ձեռքերում։

«Պարացելսուս» ՀԿ-ի հիմնադիր Նունե Ներսիսյանը երեկ է իմացել, որ ԱՆ նախարար Արսեն  Թորոսյանը դատարան իր դեմ հայց է ներկայացրել, մինչդեռ «Դատալեքս»-ում հայցը հայտնվել է մայիսի 14-ին։

«Ես երեկ եմ իմացել այդ մասին։ Նախ նշեմ, որ ինձ ծանուցում չի եկել, և սա արդեն իսկ անօրինականություն է։ Երեկ ինձ զանգահարում է «Հայկական ժամանակ»-ի լրագրողներից մեկն ու հարցնում, թե արդյո՞ք տեղյակ եմ իմ դեմ հայցի մասին»,- MedMedia-ի հետ զրույցում նշեց Նունե Ներսիսյանը։

Ըստ նրա՝ նախարարը ոչ մի իրավական հիմք չունի իր դեմ հայց ներկայացնելու և զրպարտության մեջ մեղադրելու համար։

«Ես տեղյակ չեմ, թե որ նյութի կամ տեղեկատվության վերաբերյալ է հայց ներկայացվել։ Ինձ զանգահարած լրագրողը մասնավորապես նշել է իմ այն հայտարարությունը, որ վերաբերում է կորոնավիրուսից մահերի համար 100 հազար դրամ վճարելը»,- պարզաբանում է նա։

Մենք կապ հաստատեցինք նաև ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի հետ՝ հայցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով։ Վերջինս հրաժարվեց պատասխանել։

«Այդ հարցով խնդրում եմ դիմեք Նունե Ներսիսյանի փաստաբանին»,- ասաց Նիկողոսյանը։

Ինչ վերաբերում է հայցի հետագա ընթացքին՝ Նունե Ներսիսյանը դեռ ոչինչ չի կարող ասել, բայց վստահ է, որ հակահարվածն առավել ուժեղ է լինելու։

«Նրանք ոչ մի իրավական հիմք չունեն իմ դեմ հայց ներկայացնելու համար։ Իմ բոլոր տարածած տեղեկատվությունները ես ստացել եմ հավաստի աղբյուրներից, և ունեմ ինձ մոտ բոլոր նամակագրությունները՝ դրանք ապացուցելու համար։ Թորոսյանը թող մտածի, թե ոնց է սրա տակից դուրս գալու։ Ես չեմ պատրաստվում լռել»։

Նա իր խոսքն ամփոփեց՝ ընդգծելով, որ այժմ չգիտի, թե ինչ սցենարով կընթանա իր դեմ հայցը այն պայմաններում, երբ հայցվորը իշխանություն ունի, իսկ արդարադատական համակարգը պարզապես «բռնաբարված» է։

Հիշեցնենք, որ երեկ Արսեն Թորոսյանը «անհեթեթ» էր համարել «Հետք»-ի կողմից Առողջապահության նախարարությանն ուղղված հարցումները, ինչին անդրադարձել էր նաև լրատվականը։

Կարող ենք այս ամենից եզրակացնել, Առողջապահության նախարարությունը հարցումներին խուսափողական պատասխաններ է տալիս, հրաժարվում է պատասխանել ուղարկված հարցումներին, տալ ճշգրիտ, պաշտոնական տեղեկատվութուն, իսկ հետո լրատվամիջոցներին մեղադրում կեղծ և  ստահոդ լուրեր տարածելու մեջ։

Գուցե ոչ ճշգրիտ տեղեկատվության տարածումը հանրության շրջանում հենց Արսեն Թորոսյանի վարած երկակի քաղաքականության հետևանքն է։ Այլ կերպ ասած, ես ճշգրիտ տեղեկատվություն չեմ տալիս, բայց դուք էլ ոչ ճշգրիտը մի տարածեք։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ