Գլխավոր էջ Հարցազրույցներ Ինչու՞ է կինը գիրանում մայրանալուց հետո

Ինչու՞ է կինը գիրանում մայրանալուց հետո

2311
0

Գրեթե միշտ  կինը սկսում է գիրանալ մայրանալուց հետո: Իսկ ինչո՞ւ, այս և այլ հարցերի պատասխաններ MedMedia.am-ը փորձել է պարզել հոգեբան, քաշի նվազեցման մասնագետ Արմինե Փաշայանից:

«Այս երևույթի պատճառները օրգանիզմում ֆիզիոլոգիական փոփոխությունները չեն, այսինքն, ցանկացած կին, ով մայրանում է, դատապարտված չէ անպայման ունենալ ավելորդ կիլոգրամներ: Եվ սրան զուգահեռ կա նաև հակառակ երևույթը. կան կանայք, որոնք չեն ավելացնում քաշ հղիությունից հետո և անգամ ավելի նիհարում են»,- ընդգծեց մասնագետը: Անրադառնալով հղիության ամիսներին ձեռք բերված կիլոգրամներին, հոգեբանն ասաց, որ այս ընթացքում կնոջ հավաքած որոշակի կիլոգրամներ (7-10 կգ, որոնցից ճարպ կարող է լինել 3-5կգ, մնացածը պտղի քաշն է, ներարգանդային հեղուկը և այլն) նորմայի սահամաններում են և երեխայի ծնունդից հետո, որպես կանոն, կինը ազատվում է դրանցից:

«Սակայն եթե հղիության ընթացքում կինը ավելացնում է 20-30 կգ, սա արդեն, նորմա չէ և լինում է գերսնման արդյունքում»,-շեշտադրեց քաշի նվազեցման մասնագետը:

Խոսելով պատճառներից, Արմինե Փաշայանն ասաց. «Այստեղ գործում է հետևյալ հոգեբանական մեխանիզմը, դառնալով մայր՝ կինը սկսում է զբաղվել երեխայի խնամքով և մոռանում է իր մասին: Որպես կանոն, իր օրվա ողջ ժամանակը կինը ծախսում է երեխայի մասին հոգ տանելով, այս ամենի արդյունքում մայրիկը մոռանում է իրեն՝ որպես առանձին մարդ, որպես կին, ով ինքն էլ ունի շատ ցանկություններ և ազատ ժամանակի կարիք»: Փաստորեն, միակ հասանելի հաճույքը տվյալ փուլում կնոջ համար մնում է սնունդը: Եվ արդյունքում էլ ավելանում են կիլոգրամները:

Զրուցակցիս խոսքով,  երեխայի ծնունդից հետո և անգամ շատ տարիներ անց, երբ այդ երեխան արդեն մեծանում է, մայրիկները շարունակում են զբաղվել երեխայի կյանքով, խնամքով, խնդիրներով՝ անտեսելով իրենց սեփականները: «Իսկ այս դեպքում ամենահասանելի «սփոփանքներից» մեկը սնունդն է: Արդյունքում ծնողը սկսում է իր չիրականացած ցանկությունները իրականացնել երեխայի մեջ, օրինակ, մայրիկը սկսում է երեխային տանել տարբեր խմբակների,   ստիպում է զբաղվել դրանցով, իսկ իրականում ու՞մ ցանկություններն են դրանք և արդյո՞ք այստեղ երեխայի ցանկությունն է հաշվի առնում»,- ասաց հոգեբանն ու ընդգծեց, որ ըհանրապես, շատ ավելի հեշտ է երեխային տանել պարի, սպասել ընդունարանում, հետո բերել տուն, քան համարձակվել թույլ տալ սեփական անձին զբաղվել պարով:

«Եվ պարից հետո հոգնած մայրիկը կարող է երեխային բերել տուն, իսկ ինքը մտնել խոհանոց և չգիտակցելով՝ ինչու, սկսել ուտել, իրականում խղճալով իրեն, քանի որ երեխան կարող է անգամ չգնահատել այն հաճույքը, որը կարող էր ինքը ստանալ և դեռ, հակառակը, կարող է դիմադրել և անգամ հարցնել մայրիկին, թե ինչու է վերջինս տխուր . չէ՞ որ նա կատարում է մայրիկի ցանկությունը»,-մանրամասնեց նա:

Ամփոփելով զրույցը քաշի նվազեցման մասնագետը հորդորեց բոլոր մայրիկներին երեխային զուգահեռ երբեք չմոռանալ սեփական ցանկությունների մասին, միշտ գտնել ազատ ժամանակ դրանք իրականացնելու համար:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ