Գլխավոր էջ Գլխավոր Կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում. Քրոնիկոն

Կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում. Քրոնիկոն

619
0

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 455 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 298 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 676 հազար 413 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 430 հազար 408 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 85 հազար 216 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 272 հազար 646 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 321:

Վարակվածների թվով հաջորդում է Ռուսաստանը՝ 9 հազար 974 նոր դեպքով, 252 հազար 245 ընդհանուր թվով: Վարակի հետևանքով մահացել է 2 հազար 305 մարդ: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 229 հազար 705 է, մահացածներինը՝ 33 հազար 186: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Իտալիան, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 222 հազար 104 է: Վարակից մահացել է 31 հազար 106 մարդ։  Իտալիային հաջորդում է Ֆրանսիային ևս շրջանցած Բրազիլիան, որտեղ վարակվածների թիվը կազմում է 190 հազար 137, մահացածներինը՝ 13 հազար 240:

Բրազիլիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ գրանցվել է 178 հազար 060 հաստատված դեպք, մահացել է 27 հազար 074 մարդ: Վարակվածների թվով հաջորդ տեղում Գերմանիան է 174 հազար 098 հաստատված դեպքով: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 7 հազար 861 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 143 հազար 114-ի, մահացածներինը՝ 3 հազար 952-ի:

Իրանում վարակվածների թիվը հասել է 114 հազար 533 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 854 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 929 ընդհանուր, 3 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 652-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 28 հազար 272, մահերինը՝ 14: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 21 հազար 084 է, մահացածներինը՝ 208:

Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 11 հազար 975-ի, մահացածներինը՝ 88-ի: Եգիպտոսում 10 հազար 431 հաստատված դեպք կա, մահացել է 556 մարդ: Իրաքում գրանցվել է 3 հազար 032 վարակվածության, 115 մահվան դեպքով: Լիբանանում կա 886 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 48-ի: Մահացել է 3 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:

Իսլանդիայի իշխանությունները նշել են զբոսաշրջիկների համար երկիրը բացելու ժամկետները

Իսլանդիայի իշխանությունները ծրագրում են երկիրը զբոսաշրջիկների համար բացել հունիսի 15-ից ոչ ուշ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Իսլանդիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1 802 է, որից 1780-ն ապաքինվել է, 10 մարդ՝ մահացել: Ներկայում բուժում է ստանում 12 մարդ: Վերջին շաբաթում վարակի նոր դեպքեր չեն գրանցվել՝ չնայած թեստավորման թվի ավելացմանը:

Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոուտիրը հայտարարել է, որ օտարերկրյա զբոսաշրջիկների համար երկիրը կբացեն հունիսի 15-ից ոչ ուշ: Երկիր ժամանողների համար երկշաբաթյա կարանտինը կհանվի, սակայն այցելողները պարտավորված կլինեն թեստ հանձնել: Թեստի արդյունքները պարզ կլինեն նույն օրը:

Վարչապետը նշել է, որ զբոսաշրջիկների համար գլխավոր խնդիրը կլինի ճանապարհը, որովհետև բազմաթիվ ավիաընկերություններ դադարեցրել են թռիչքները և պլանավորում են վերականգնել հուլիսից ոչ շուտ:

ԵԱՏՄ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կկայանա տեսակոնֆերանսի ձևաչափով

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովը, որը պլանավորվում էր մայիսի 19-ին Մինսկում, կանցնի տեսակոնֆերանսի ձևաչափով:

«Ես այդ հարցը (ռուսական գազի գինը- թարգմ.) առաջ եմ քաշել ԵԱՏՄ-ի տեսակոնֆերանսի ժամանակ և մոտ ապագայում կկայանա նման ձևաչափով կոնֆերանս»,- ասել է Լուկաշենկոն:

Ըստ պլանավորվածի՝ գագաթնաժողովը պետք է մայիսի 19-ին կայանար Մինսկում, սակայն, կորոնավիրուսով պայմանավորված, մի շարք երկրներ փակել են սահմանները և մտցրել են կարանտինի ռեժիմ: Ավելի վաղ Մինսկում հայտարարել էին, որ դիտարկվում է ԵԱՏՄ առաջնորդների հետ քննարկումը տեսակապի միջոցով անցկացնելու հնարավորությունը: Դրանից բացի, Լուկաշենկոն չէր բացառել գագաթնաժողովի ժամկետների փոփոխությունը:

ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միություն է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության կազմում են Բելառուսը, Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը:

ԱՄՆ-ի շուկայում մսի դեֆիցիտ է նկատվում. Bloomberg

ԱՄՆ-ի սովորական խանութներում նկատվում է մսի պակաս: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Bloomberg»-ին: Հակառակ պատկերն է այն խնութներում, որտեղից մթերք գնել կարող են իրենց թույլ տալ հիմնականում բարձր եկամուտ ունեցողները:

Շատ սպառողներ կանգնել են աշխատատեղերի կորստի ու եկամուտների նվազման խնդրի առջև, ինչն ազդեցություն է թողնում ընտրության վրա՝ ավելի թանկ գնով գնել միս, թե՞ սահմանափակվել առանց դրա: «Bloomberg»-ը նշում է, որ մսի գներն ապրիլի սկզբից սկսած բարձրանում են: Նշվում է, որ համավարակի հետևանքով ԱՄՆ-ում ընդգծվել է սոցիալ-տնտեսական անհավասարակշռություն, վարակն ավելի շատ ազդեցություն է թողել քիչ եկամուտ ունեցողների վրա:

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը տեղեկացրել է, որ մսի արտադրության ոլորտում մի քանի հազար աշխատակիցներ վարակվել են կորոնավիրուսով: Պատճառներից մեկն այն է, որ այս ոլորտում աշխատողների համար դժվար է պահպանել սոցիալական հեռավորությունը:

ԱՄՆ-ում միս արտադրող ընկերությունները նախազգուշացրել էին, որ շուկայում կարող է լինել մսի դեֆիցիտ: Կորոնավիրուսը հանգեցրել է մի քանի խոշոր ընկերությունների փակման:

Ավստրալիայի շուրջ 600 հազար բնակիչ ապրիլին կորցրել է աշխատանքը`պայմանավորված hամավարակով

Ավստրալիայի շուրջ 600 հազար քաղաքացի, համավարակով պայմանավորված սահմանափակումների հետևանքով, ապրիլին կորցրել է աշխատանքը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Ավստրալիայի վիճակագրական բյուրոյին:

Բյուրոյի տվյալների համաձայն, մեկ ամսում 594 հազար 300 մարդ կորցրել է աշխատանքը, միևնույն ժամանակ գործազրկության մակարդակ բարձրացել է 1 տոկոսով՝ դառնալով 6.2 տոկոս: Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը շուրջ 600 հազար աշխատատեղի կորուստը համարել է կործանարար:

Ավստրալիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 6 հազար 975-ի, որից 19-ը մահացել է, 6 հազար 200-ը՝ առողջացել:

Moody՛s-ը վատթարացրել է աշխարհում ավտոմեքենաների վաճառքի կանխատեսումը

«Moody՛s» միջազգային վարկանիշային կազմակերպությունը կանխատեսում է ընթացիկ տարում աշխարհում ավտոմեքենաների վաճառքի ծավալների 20 տոկոսի չափով անկում: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ կազմակերպության այս գծով նախորդ կանխատեսումը 14 տոկոսի չափով էր:

Կազմակերպության տվյալներով, ընթացիկ տարում այս ցուցանիշը Եվրոպայում կիջնի 30 տոկոսի չափով, ԱՄՆ-ում՝ 25 տոկոսի:  «Moody՛s»-ն անփոփոխ է թողել իր կանխատեսումը Չինաստանի հետ կապված, այնտեղ անումը կլինի 10 տոկոսի չափով: Կազմակերպությունը չի բացառում, որ հաջորդ տարի ավտոմեքենաների վաճառքի ծավալն աշխարհում կաճի 11.5 տոկոսով՝ G20-ի երկրների ՀՆԱ-ի 4.8 տոկոս աճի պայմաններում:

Ամերիկյան ավտոարտադրող հսկաները՝ «General Motors»-ը, «Ford»-ը և «Fiat Chrysler»-ը մայիսի 18-ից կվերսկսեն իրենց աշխատանքը Միչիգան նահանգի իրենց գործարաններում: Ընկերություններն ավելի վաղ հայտարարել էին, որ մինչ գործարանների աշխատանքի վերսկսումը աշխատակիցներn ընկերության կողմից կստանան ֆինանսական աջակցություն գործազրկության գծով: «General Motors»-ը միակ ավտոարտադրող խոշոր ընկերությունն է, որն առաջին եռամսյակում ունեցել է եկամուտ: Ընկերության մաքուր եկամուտը նշված ժամանակահատվածում կազմել է 0.3 մլրդ ԱՄՆ դոլար:

Նոր Զելանդիան կհատկացնի ավելի քան 30 մլրդ դոլար համավարակից տուժած տնտեսությանն աջակցելու համար

Նոր Զելանդիայի իշխանություները հավելյալ 30,2 մլրդ ԱՄՆ դոլար կհատկացնեն տնտեսության վրա համավարակի բացասական ազդեցությունը մեղմելու համար: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը: Նրա խոսքով, 2020 թվականի բյուջեի առանցքային խնդիրը կլինի 50 մլրդ նորզելանդական դոլարի (30.2 մլրդ ԱՄՆ դոլարի) չափով հատուկ ֆոնդ ստեղծելը:

«Վերականգնման ֆոնդը կապահովի խոշոր ներդրումներ աշխատանքի տեղեր ստեղծելու, ինչպես նաև մի շարք մասնագիտությունների գծով անվճար ուսուցում կազմակերպելու համար, կիրականացվի դպրոցներում անվճար սնունդ ծրագիրը և այլն»,- նշել է նա: Վարչապետի խոսքով, կանխատեսումների համաձայն, առաջարկվող ծրագրերի իրականացման շնորհիվ կպահպանվի 138 հազար աշխատանքային տեղ և կապահովվի զբաղվածության աճ հաջորդ երկու տարիների համար:

Նոր Զելանդիայում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 1 497 մարդ: Արդեն բուժվել են 1411-ը, մահացել՝ 21-ը: Վերջին երեք օրն այստեղ վարակի նոր դեպքեր չեն գրանցվում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ