Գլխավոր էջ Նորություններ Վստահ եմ, որ համատեղ և համերաշխ աշխատանքի արդյունքում մենք հաղթահարելու ենք այս...

Վստահ եմ, որ համատեղ և համերաշխ աշխատանքի արդյունքում մենք հաղթահարելու ենք այս փորձությունը. Ն. Զեյնալյան

831
0

ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը ֆեյսուքյան իր էջում գրել է.

«Երեկ տեղի ունեցավ ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի, որը նվիրված էր նոր կորոնավիրուսով պայմանավորված համավարակի սոցիալական եւ առողջապահական բացասական հետեւանքների եւ դրանց մեղմման միջոցառումների տեսլականի ու ճանապարհային քարտեզի քննարկմանը:

Նիստի մեկնարկին ներկայացրեցի վերջին ժամանակահատվածում Հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքները, որոնց շրջանակներում ոլորտի առաջատար մասնագետի հետ համատեղ մշակվել և պարետատանն են ներկայացվել նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համալիր միջոցառումների երկու ծրագիր, ինչպես նաև սահմանված կարգով շրջանառության մեջ է դրվել օրենսդրական փաթեթ, որը լրացնելով նախկինից եկած օրենսդրական բացերը հնարավորություն կտա հետագայում առավել լավ պատրաստվել և դիմագրավել տարբեր արտակարգ իրավիճակներին:

Ներկայացրեցի նաև Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին օրենքում մի շարք փոփոխությունների տեսլականը, որը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մեր գործընկերների հետ քննարկումից հետո նույն պես նախատեսվում է դնել շրջանառության մեջ։ Փոփոխությունները նպատակ ունեն համավարակի պայմաններում էապես բարձրացնել աշխատողների սոցիալական պաշտպանվածությունը հիվանդության դեպքում։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև առողջապահության նախարարության կողմից ձեռնարկվող միջոցառումները, համավարակին դիմագրավելու, այդ թվում բուժաշխատողների պաշտպանվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Նախարարը նշեց նաև, որ Հայաստանում առկա են բավարար քանակությամբ թեստեր, էապես բարելավվել է նյութատեխնիկական հագեցվածությունը, ընդգծելով, որ Հայաստանում մեկնարկել է եռաշերտ դիմակների զանգվածային արտադրություն, որը կարող է բավարարել տեղի պահանջարկը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ պարոն Ուդումյանը, իր ելույթում հանգամանալից անդրադարձավ զբաղվածությունը խթանելու նպատակով կառավարության կողմից ներդրված երկու ծրագրերը, նշելով, որ ևս երկուսը գտնվում են քննարկման փուլում։ Նախարարի տեղակալը համաձայնվեց, որ զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերը պետք է հարմարեցվեն ներկա և ապագայում կանխատեսվող իրավիճակին և լինեն ավելի կիրառական։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին ղեկավար Հակոբ Ավագյանը ներկայացրեց այս ժամանակահատվածում կատարված աշխատանքները, ինչպես սահմանային անցակետերում, այնպես էլ արտակարգ իրավիճակի պայմաններում իրենց լիազորությունների շրջանակներում իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ։

Սիրելի հայրենակիցներ, մեր պատմության այս ժամանակահատվածը լի է նոր մարտահրավերներով, սակայն վստահ եմ, որ համատեղ և համերաշխ աշխատանքի արդյունքում մենք հաղթահարելու ենք նաև այս փորձությունը»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ