Գլխավոր էջ Գլխավոր Եթե կարողանանք այս տեմպը պահել, ապա վիճակը կմնա կառավարելի դեռ երկար ժամանակ....

Եթե կարողանանք այս տեմպը պահել, ապա վիճակը կմնա կառավարելի դեռ երկար ժամանակ. Թորոսյան

890
0
Կառավարության նիստում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ կորոնավիրուսի տարածմանն ու վերջին օրվա տվյալներով արձանագրված դեպքերին:
Նախարարը նշեց, որ մեկ օրում առողջացածներն ավելի շատ են, քան վարակվածները։
«Հետևաբար, կարող ենք ասել, որ օրը դրական բալանսով ենք փակել: Մեր ակտիվ դեպքերի թիվը 14-ով կրճատվել է: Ընդհանուր հաստատված դեպքերի թիվը 1159: Նույն միջոցառումները շարունակվում են: Այս ամբողջ ընթացքում մոտ 1500-ից ավելի մարդ կարանտինից դուրս է եկել: Կարանտինում գտնվող մոտ 300 մարդու մոտ հաստատվել է դրական արդյունք: Սա ասում եմ, որ պարզ լինի, որ կարանտինային գործողությունները շատ արդյունավետ են: Այսինքն, եթե մենք դա արած չլինեինք, մենք այդ 300 քաղաքացուն հետազոտած չէինք լինի, ու հնարավոր էր, որ վարակի ավելի մեծ տարածում ունենայինք:
Մահճակալային ֆոնդն այս պահին կիսով չափ է ծանրաբեռնված: Եթե կարողանանք այս տեմպը պահել, այսինքն՝ հանրությունը համաճարակային կանոնները պահպանի, կարող ենք հույս ունենալ, որ այս վիճակը կմնա կառավարելի դեռ երկար ժամանակ»,- նշեց Թորոսյանը։
Արսեն Թորոսյանն ընդգծեց, որ վերջին 24 ժամվա ընթացքում իրականացվել է 537 թեստ:
«Քանի որ թեստերի մի մասն էլ հաջորդ օրն է մուտքագրվել համակարգ, կարող եմ ընդհանուր թիվն ասել՝ 810 թեստ: Սա կարևոր է նրանով, որ մենք համեմատում ենք այլ երկրներում մեկ շնչին բաժին ընկնող թեստերի թիվը: Այդ առումով մենք բավականին լավ դիրքերում ենք: Նույնիսկ մեր հարևանների, մոտ գործընկերների հետ համեմատած, մենք անում ենք բավական շատ թեստեր՝ ընթացքում ընդլայնելով շրջանակը:
Եթե կարիք լինի նոր ծավալներ ապահովել, կարող ենք մտածել նոր լաբորատորիա ներգրավելու համար, բայց կարծում եմ, որ այս պահին սա բավարար է»,- նշեց նախարարը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ