Գլխավոր էջ Medmedia TV Շատ մեծահարուստներ ունեն ամառանոցներ, ուր տարին երկու անգամ են գնում և 5000...

Շատ մեծահարուստներ ունեն ամառանոցներ, ուր տարին երկու անգամ են գնում և 5000 դրամից քիչ էլ․էներգիա, 10 000 դրամից էլ քիչ գազ են սպառում, չեմ ցանկանա՝ նրանք պատահաբար օգտվեն արտոնությունից. Ն․ Զոհրաբյան

988
0

ԱԺ հատուկ նիստում ելույթի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բարձրացրեց մի քանի հարցեր, որոնք իրեն ուղղել են քաղաքացիները, ապա կարդաց քաղաքացիների նամակներից որոշ հատվածներ: Նա ընդգծեց, որ բաց է մնում չգրանցված, օրավարձով աշխատողների հարցը․

«Այս հարցն իսկապես հրատապ լուծում է պահանջում։ Քաղաքացին ասում է՝ ես չունեմ երեխա, չգրանցված օրավարձով աշխատող եմ, բայց ես ևս ուտել եմ ուզում, հիմա ի՞նչ պետք է անեմ ես, երբ ձեր նշած կայքում լրացնում եմ և ասում են, որ դուք որևէ սոցիալական խմբում չկաք և չեք կարող որևէ ծրագրի շահառու լինել»,- ասաց նա:

Զոհրաբյանն ընդգծեց՝ խնդիրը լուրջ է, և մարդիկ պետք է կարողանան օգտվել նվազագույն ծրագրերից, որովհետև մեզնից որևէ մեկը չի կարող կանխատեսել, թե մեկ կամ երկու շաբաթ հետո կորոնավիրուսի հետ կապված ինչպիսի իրավիճակ կունենանք:

հավելեց, որ իրեն դիմել են գյուղատնտեսական վարկերի համար դիմած մարդիկ, որոնք գերազանց վարկային պատմություն ունեցողներ են։ «Պարոն պարետն ասում է օնլայն դիմեք, դիմել ենք, արդեն որքան ժամանակ է՝ մեզ հետ որևէ մեկը չի կապնվում և նույնիսկ արտակարգ, գերազանց վարկային պատմություն ունեցող ֆերմերների զգալի մասը չի կարողանում օգտվել ձեր առաջարկած վարկային արտոնություններից»,- ֆերմերի դիմումից ընթերցեց պատգամավորը:

Նա նշեց, որ բազմաթիվ նամակներ է ստացել նաև «վերնիսաժ»-ում աշխատողներից. «Մարդիկ չգիտեն՝ ինչ անել, չգրանցված են և որևէ ծրագրում ներառված չեն, նրանք արդեն 10 օր այդ խնդիրը բարձրացնում են»,- հայտարարեց Զոհրաբյանը:

«Մի հարց՝ գյուղատնտեսական աշխատանքների ակտիվ սեզոն է, դիմում են բազմաթիվ մարդիկ, արդեն 40 ֆերմեր դիմել է ինձ, որ գյուղտեխնիկան փչացել է, չենք կարողանում գյուղտեխնիկայի մաս գնել, որովհետև շինանյութի խանութները չեն աշխատում: Իրենք լրջագույն խնդիրների առաջ են կանգնած: Սրանք, թվում է, թե մանր հարցեր են, բայց սրանք հարցեր են, որոնք պետք է լինեն ձեր ուշադրության կենտրոնում»,- ընդգծեց նա:

Նա նաև անդրադարձավ սոցիալական 11-րդ ծրագրին, որով պետությունը կփոխհատուցի 10 հազար դրամի սպառած գազի սակագնի և 5 հազար դրամի սպառած էլեկտրաէներգիայի վճարների կեսը: «Մենք այստեղ չպետք է վրիպենք հաշվարկներում: Շատ մեծահարուստներ կան, որոնք ունեն ամառանոցներ և նրանք տարվա մեջ մեկ-երկու անգամ են գնում իրենց այդ տները և չեն սպառում 5 հազար դրամից ավելի լույս, կամ  10 հազար դրամից էլ ավելի գազ, այնպես չլինի, որ այդ խավը ևս ստանա արտոնություն: Ես բերում եմ իմ աղջկա օրինակը. նա ունի գյուղական տուն և տարվա մեջ այդքան չի սպառում, և ես չեմ ցանկանա, որ ինքը ևս պատահաբար ինչպես նաև նման շատ մարդիկ, ներառվեն այդ ցուցակում»,- հայտարարեց Զոհրաբյանը:

Աղբյուրը՝ tert.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ