Գլխավոր էջ Գլխավոր Արդյո՞ք տաք եղանակին կորոնավիրուսը ոչնչանում է. համաշխարհային փորձն՝ ընդդեմ Թորոսյանի հայտարարության

Արդյո՞ք տաք եղանակին կորոնավիրուսը ոչնչանում է. համաշխարհային փորձն՝ ընդդեմ Թորոսյանի հայտարարության

1818
0

Նոր կորոնավիրուսային համավարակի Հայաստանում տարածմանը զուգնթաց բազմաթիվ տեսակետներ էին հնչում դրա տարածման ընթացքի, կանխարգելման մեխանիզմների ու նահանջի հավանական ժամանակացույցի մասին: Այս քննարկումներին զուգահեռ դիտարկվում էր նաև այն հավանականությունը, որ կորոնավիրուսը եղանակի տաքացմանը զուգահեռ կսկսի նահանջել: Ընդ որում նման հայտարարությամբ է հանդես եկել նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Դեռևս մարտի 1-ին Թորոսյանը հայտարարել էր, որ ռեսպիրատոր հիվանդությունները նահանջում են տարվա տաք եղանակին: Նա շեշտել էր, որ եղանակը տաքանում է, և վիրուսները ոչնչանում են արևի տակ՝ տաքության պատճառով և փակ տարածքներում մարդկային կուտակումների նվազումները կանխարգելում են դրա առավել ինտենսիվ տարածումը:

Իսկ արդեն մարտի 12-ին նախարարը հայտարարել էր, որ շատ տաք երկրներում կորոնավիրուսը չի տարածվում: Մինչդեռ ԱՀԿ-ում հայտարարում են, որ պատճառներ չկան կարծելու, որ COVID-19-ը կարող է տարբեր կերպ արտահայտվել տարբեր կլիմայական պայմաններում: Այս մասին ասել է ԱՀԿ-ի արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման ղեկավար Մարիա վան Կերկխովան ՝ օրինակ բերելով Մեքսիկայում կորոնավիրուսի տարածումը։ Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը հայտարարել է, որ տաք եւ խոնավ կլիմայով պայմաններում COVID-19-ի բացակայությունը ամենատարածված առասպելներից մեկն է:

Որոշ գիտնականներ նշում են, որ ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ վիրուսի ոչնչանալու միտքը ֆանտաստիկայի ժանրից է: Որպես հիմնավորում նրանք նշում են, որ մարդու մարմնի միջին ջերմաստիճանը կազմում է 36.6 աստիճան, իսկ այս ջերմաստիճանի պարագայում վիրուսը ոչ միայն չի ոչնչանում, այլ նաև արագորեն զարգանում է ու փոխանցվում այլ մարդկանց:

Լոնդոնի հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցից Դևիդ Հեյմանը նշում է, որ այդ վիրուսն ամբողջությամբ չի հաջողվել կանգնեցնել եւ պարբերաբար նոր դեպքեր են գրանցվում, որոնցում սեզոնայնություն չի նկատվում: New Scientist պարբերականին տված հարցազրույցում Նա նշել է, որ այն միանշանակ կարող է տարածվել բարձր ջերմաստիճանում:

Համաճարակաբան Մարկ Լիպշիցը՝ Հարվարդից, ևս նշել է, որ կորոնավիրուսի տարածման վրա եղանակային պայմանները որևէ ազդեցություն ունենալ չեն կարող: Նա որպես օրինակ նշում է 2012 թվականի սեպտեմբերին Սաուդյան Արաբիայում բռնկված մերձավորարևելյան շնչառական համախտանիշի հարուցիչը, այն պարագայում, երբ եղանակը բավական շոգ էր:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տեղեկատվության փոխանցման խնդիրների ինստիտուտի մոլեկուլային էվոլյուցիայի սեկտորի վարիչ Գեորգի Բազիկինը նաեւ հիշեցնում է, որ նախորդ նմանատիպ հիվանդությունները չէին վախենում ջերմությունից: Ելույթ ունենալով կլոր սեղանին, նա հիշեցրել է, որ ատիպիկ թոքաբորբը (SARS) եղել է ամռանը։ Միաժամանակ Բազիկինը կարծում է, որ կորոնավիրուսով հիվանդացության բռնկումն ավելի լավ է տեղափոխել ամռանը, որպեսզի այն չհամընկնի սեզոնային գրիպի ալիքի հետ և բժիշկների վրա կրկնակի ծանրաբեռնվածություն չլինի:

Եվս մեկ ռուս գիտնական նույնպես քննադատել է այն վարկածը, որ նոր կորոնավիրուսը կսկսի հեռանալ օդի ջերմաստիճանի բարձրացման դեպքում: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ժողովրդատնտեսական կանխատեսման ինստիտուտի հանրային առողջության վերլուծության եւ կանխատեսման լաբորատորիայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Բորիս Ռեւիչը նշել է, որ COVID-19-ի բռնկումը սկսվել է Ուհանայում, որտեղ դեկտեմբերի-հունվարի միջին ջերմաստիճանը կազմում է +10 աստիճան: Այդ պատճառով պետք չէ ակնկալել, որ տաքացումը կփրկի վարակի տարածումից:

Բացի այդ, նկատենք, որ պանդեմիան արդեն տարածվել է աշխարհի շուրջ 209 երկրում, ամենատաք մայրցամաք համարվող Աֆրիկան, որտեղ անապատային գոտիներ շատ կան, չի խուսափել պանդեմիայից: Աֆրիկյան միայն երկու պետությունում՝ Կոմորոսում և Լեսոթոնում կորոնավիրուս չի հայտնաբերվել։

Կորոնավիրուսի՝ պաշտոնապես հաստատված դեպքերի մասին չեն հայտարարել Հյուսիսային Կորեան, Եմենը, Տաջիկստանը, Թուրքմենստանը:

Մինչ օրս աշխարհում COVID-19-ով հիվանդացածների թիվը հասել է 1,5 մլն-ի: Մահացել է մոտ 88 հազար մարդ։

Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարներն են ԱՄՆ-ն եւ Իտալիան համապատասխանաբար: Չինաստանը հիվանդացածների թվով եւ մահացածների թվով յոթերորդ տեղում է, Հայաստանը՝ 68-րդ:

Աղբյուր՝  armdaily.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ